Զիգմունդ Ֆրեյդի երազատեսությունների թանգարանը

Art News 20.05.2020   22:30   3655

Երազատեսությունների մեկնաբանության ու Զիգմունդ Ֆրեյդի այդ թեմային նվիրված աշխատանքների ուսումնասիրությամբ շատերն են տարված, բայց քչերը գիտեն, որ Սանկտ Պետերբուրգում «երազների թեմատիկային» վերաբերող թանգարան կա։

Զիգմունդ Ֆրեյդի երազատեսությունների թանգարանի համար ընտրվել է 19-րդ դարի շքեղ առանձնատունը, որը գտնվում է Ձմեռային պալատին շատ մոտ։ Թանգարանը բացվել է 1999 թվականին և նվիրված է եղել կարևորագույն իրադարձության՝ Զիգմունդ Ֆրեյդի «Երազների մեկնաբանությունը» գրքի լույս տեսնելու 100-ամյակին։

Թանգարանի մթնոլորտն աննկարագրելի է։ Նրա սրահներով զբոսանքն իսկապես երազ է հիշեցնում։ Թանգարանի հիմնական հավաքածուն կազմում են հին գրքերը, լուսանկարներն ու հոդվածները, որոնցից օգտվել է հոգեբանը իր գիրքը գրելիս։ Թանգարանի սրահներից մեկը հատուկ լուսավորություն ունի, իսկ պատերին տարբեր ձևերի ու չափերի հայելիներ են փակցված։ Այս սրահը այցելուներին թույլ են տալիս միայն առանձին-առանձին մտնել, որպեսզի նրանք կարողանան ամբողջությամբ զգալ այսպես ասած «հարթմնի երազի» էֆեկտը։

Թանգարանում կինոսրահ կա, որտեղ հետաքրքիր փաստագրական ֆիլմեր են ցուցադրում, իսկ դասախոսարանում համարյա ամեն շաբաթ հետաքրքիր մշակութային միջոցառումներ են անցկացնում։ Ամեն տարի երազներին նվիրված այս թանգարան 10․000 մարդ է այցելում։

Թեմայով հետաքրքրված մարդիկ կարող են այցելել թանգարանի կողքին գտնվող գրադարանը, որտեղ թեմատիկ գրքերի մեծ ընտրություն կա, դրանց թվում նաև Ֆրեյդի հայտնի աշխատանքը։ Ոչ վաղ անցյալում պատմական շինության առաջին հարկում ժամանակակից արվեստի թանգարան է բացվել, ինչպես նաև սրճարան, որտեղ կարող եք հանգստանալ գրավիչ էքսկուրսից հետո։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր թանգարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon