Զենոն. «Ապորիաներ» համառոտ

Դասեր 23.01.2021   20:00   491

Էլեացի Զենոնը (Ք. ա. VI - V) Պարմենիդեսի աշակերտն է: Բախվելով ուսուցչի տեսության հակառակորդների հետ և պատասխանելով նրանց առարկություններին՝ կառուցում է փաստարկման մի ողջ համակարգ, որի նպատակն էր ցույց տալ, որ Պարմենիդեսի դրույթների անհեթեթությունը ապացուցողների դրույթներն ավելի անհեթեթ են:

Հենց Զենոնն է շրջանառության մեջ դնում դիալեկտիկական մեթոդը:

Այսպես, ենթադրվում է, որ մեկնակետից շարժվող որևէ մարմին կարող է հասնել որևէ սահմանի: Բայց դա անհնար է: Նախքան նպատակին հասնելն այդ մարմինը պիտի անցնի ճանապարհի կեսը, իսկ մինչ այդ կեսի կեսը և այդպես առ անվերջ, որտեղ չկա զրո:

Այս փաստարկը կոչվում է «Դիխոտոմիա»:

Հայտնի է նաև երկրորդ փաստարկը, որը կոչվում է «Աքիլլես»: Արագավազ Աքիլլեսը երբեք չի հասնի դանդաղաշարժ կրիային, որովհետև, ինչպես և նախորդ ապորիայի դեպքում, նախ ստիպված է անցնել ճանապարհի կեսը, կեսի կեսը և այլն:

 Երրորդ փաստարկը կոչվում է «Նետը»: Աղեղից բաց թողնված նետը, հակառակ համընդհանուր կարծիքի, չի շարժվում, այլ գտնվում է դադարի վիճակում: Չէ՞ որ թռիչքի յուրաքանչյուր պահի այն գտնվում է տարածական կետում, որն ինքը անշարժ է:

Չորրորդ փաստարկը ցույց է տալիս, որ արագությունը հասկացվում է որպես շարժման որակ, սակայն այն չունի օբյեկտիվություն: Այն հարաբերական է, հետևաբար հարաբերական է նաև շարժումը:

Զենոնը փաստարկում է նաև բազմակիության դեմ՝ պաշտպանելով մեկի տոտալությունը: Այսպես, բազմակիության գոյության համար անհրաժեշտ են մեկերը: Բայց դա անհնար է, որովհետև բազմակիությունը չի ճանաչում սահման և հիմնվում է անվերջ բաժանելիության վրա, և հետևաբար մեկերը, որոնք անհրաժեշտ են բազմության համար, չեն հավաքվում:

Չլինելով սոսկ սոփեստական ճամարտակություն և սրախոսություն՝ այս փաստարկները ամրապնդում են փորձի տվյալները վիճարկող լոգոսի դիրքերը: 


 Պիտակներ
         Զենոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb