«Զարթոնք» կուսակցությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն

Քաղաքական 01.06.2021   12:06   50

2021 թվականի մայիսի 20-ին վարչապետի անունից հանդես եկող Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի սահմանների սահմանազատման առնչությամբ փաստաթուղթ ստորագրելու հայտարարությամբ առաջացած դժգոհությունից նույն օրը ժամը 17.00-ից սկսված ինքնաբուխ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանները Բաղրամյան պողոտայում ֆիզիկական ուժ են կիրառել, այդ թվում՝ մասնակիցներից մի քանիսին բերման են ենթարկել ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Բերման ենթարկված մասնակիցներից մի քանիսին ոստիկանների կողմից պատճառվել են մարմնական վնասվածքներ:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի  հատկանիշներով:

Հաղորդման մեջ նշվել է նաև, որ հավաքի մասնակիցների կողմից խնդրանք է ներկայացվել ՀՀ ոստիկանության աշխատակիցներին թույլատրել Ազգային ժողովի այգում հավաքն անցկացնել փողոցային երթևեկությանը չխանգարելու նպատակով: Հղում է կատարվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախկինում Բաղրամյան պողոտայում կազմակերպված հավաքին, և ԱԺ այգի մուտք գործելու փաստին: Ոստիկանները երկար սպասեցնել տալով մերժել են ԱԺ այգի մուտք գործելու խնդրանքը, իսկ հետո անհամաչափ և անտեղի ուժ են կիրառել:

Հիշեցնենք, որ «Ոստիկանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության ծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել: Այս նորմից հետևում է, որ ֆիզիկական ուժի կիրառումը պետք է լինի բացառիկ միջոց, ընդ որում պետք է հիմնավորվի, որ այլ միջոցներով իր վրա դրված պարտականությունների կատարումն անհնարին էր։

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության խոսնակ՝ Անդրանիկ Մարգարյան


 Պիտակներ
         «Զարթոնք» կուսակցություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb