Զ․ Մնացականյանը շեշտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհարկի քաղաքականացման փորձերի անթույլատրելիությունը

Քաղաքական 18.01.2019   09:20   336

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ հունվարի 17-ին հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ:

Հանդիպման սկզբում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ և համատեղության կարգով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանին՝ համոզմունք հայտնելով, որ վերջինս իր նշանակալի ներդրումը կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև համագործակցության խթանման, Կազմակերպության հետ համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների կյանքի կոչման գործում:

Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական նպատակներին համահունչ Կազմակերպության աշխատանքներին ակտիվ ներգրավվածությանը: Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակի անհարկի քաղաքականացման փորձերի անթույլատրելիությունը, ինչը հնարավորություն չի ընձեռում կենտրոնանալու կառույցի՝ մշակույթի միջոցով պետությունների միջև համագործակցության խթանմանը և խաղաղությանն ու ժողովուրդների անվտանգությանը նպաստելու հիմնական առաքելության վրա:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համամարդկային մշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված համատեղ ծրագրերի նախաձեռնման և կյանքի կոչման շուրջ:

Հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն անդրադարձել է նաև 2018թ. Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի արդյունքներին, մտքեր են փոխանակել  ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՖՄԿ համագործակցությանն ու համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերի շուրջ, ինչը, ԱԳ նախարարի պաշտոնակատար Մնացականյանի բնորոշմամբ, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության առաջնահերթություններից է:



 Պիտակներ
         Զոհրաբ Մնացականյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon