Յուքոմի կողմից Բիլայնի ձեռքբերումն օրինականացնում է Գագիկ Խաչատրյանի «ազգանպաստ» գործունեությունն ու վտանգում ազգային անվտանգությունը

Քաղաքական 18.02.2020   12:00   1633

«Յուքոմի» կողմից «Բիլայնի» գնման հարցն արդեն երկար ժամանակ հանրային օրակարգում է: ՀԾԿՀ-ն ու ՏՄՊՊՀ-ն ծանրութեթև են անում գործարքի օգուտներն ու վնասները, լրագրողները հոդվածներ են գրում, ֆեյսբուքյան օգտատերերը՝ ստատուսներ: «Յուքոմի» ու «Բիլայնի» տնօրենները միաբերան համոզում են, որ ինչ արվում է՝ ազգի համար է արվում և որ այս խայտառակ միաձուլումը միմիայն օգուտներ է բերելու տնտեսությանը (քանի հոգի կազատվի՝ դեռ պարզ չէ): Այս ամենի մեջ աչքաթող է արվում շատ կարևոր հանգամանք: Փաստորեն ստացվում է, որ իշխանություններն անգամ հնարավոր են համարում քննարկել այնպիսի ընկերության խոշորացումը, որի հիմնական բաժնետերը Պետեկամուտների կոմիտեի տխրահռչակ նախագահ, քրեական մի քանի գործով անցնող, ներկայումս կալանավորված, երկրի խոշորագույն օլիգարխ Գագիկ Խաչատրյանի որդիներն են ու եղբորորդին:

Ինչպես պարզ դարձավ վերջերս, բաժնետերերի թվում է նաև «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն ու իր ազգականը: Ընդ որում նոր խոշորացված ընկերությունում Կարապետյանի դիրքերը զգալիրեն ընդլայնվելու են ու հենց նա էլ լինելու է այսպես կոչված ներդրողը: Ասել է թե՝ նա էլ գնելու է «Բիլայնն» ու ընդլայնի դիրքերը «Յուքոմում»: Թե ովքեր են «Յուքոմի» օֆշորյան բաժնետերերը, կարելի է միմիայն ենթադրել: ՏՄՊՊՀ վերջին նիստում այս հարցը քննարկում էր դռնփակ, առանց լրագրողների: 

Թե որքանով է նպատակահարմար Հայաստանի էներգահամակարգի, խոշորագույն մոլլերի ու Ռուսաստանում աստղաբաշխական ունեցվածքի սեփականատեր Կարապետյանի մուտքը հիմա էլ հեռահաորդակցության ոլորտ, այլ հարց է: 

Այն որ առանց այդ էլ գերիշխող երկու օպերատորների (սրա մասին հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Գևորգյանը) միավորումը լուրջ վտանգներ է ստեղծելու առողջ մրցակցության համար հեռահաղորդակցության ոլորտում, դա նույնպես պարզից պարզ է: Տուժելու են հեռուստատեսային ու մալուխային ինտերնետ մատակարարող փոքր օպերատորները, որոնց մեծ մասը հիմնադրվել է ներքին ռեսուրսների ու վարկերի ներգրավման հաշվին: Գործազուրկների նոր բանակի հեռանկարը չհաշված:

Այն որ երկիր մեծածախ ինտերնետ ներմուծող ու երկիրը Վրաստանի ու Մերձավոր Արևելքի հետ կապող երկու օպերատորների միավորման հետևանքում ինտերնետի ոլորտում մրցակցությունը խաթարվելու է, գները բարձրանալու են, իսկ ռազմավարական կապուղիները դառնան մենաշնորհ, դա նույնպես ակնհայտ է: 

Այն որ Հայաստանում ստեղծվելու է Կարապետյանին ու Խաչատրյաններին պատկանող ու հետևաբար ռուսական կապիտալով աշխատող ևս մեկ հեռահաղորդակցային ընկերություն (եթե իհարկե լուրջ չենք վերաբերվում «Յուքոմի»՝ հայկական լինելու վերաբերյալ գովազդային պնդումներին), դա նույնպես աներկբա է:

Այս պատմության մեջ ամենազավեշտալին սակայն այն է, որ գործարքի թույլատրումով ավտոմատ կերպով լեգիտիմացվում է Գագիկ Խաչատրյանի «տարիների քրտնաջան աշխատանքը»: Փաստացի, ազատազրկման մեջ գտնվող ու միլիարդների յուրացման մեջ մեղադրվող Գագիկ Խաչատրյանը շատ հանգիստ կերպով իրականացնում է առքուվաճառքի բազմամիլիոնանոց գործարքներ՝ պետության թույլտվությամբ: 

Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պետք է թույլ չտա երկրում նոր «Արմետնելի» ստեղծումը, որը գերիշխող դիրք կունենա ԱյՓի հեռուստատեսության, օպտիկամանրաթելային ու մալուխային եղանակով ինտերնետի մատակարարման ու հեռախոսակապի ոլորտներում, ինչը շուկայի շուրջ 90% է կազմում: 

Նոր «Արմենտելը» կտիրապետի երկրի ռազմավարական կապուղիներին և բոլոր ոլորտներում գին կթելադրի: Սա կլինի իրական մենաշնորհ՝ դրանից բխող բացասական ու անվերականգնելի քաղաքատնտեսական հետևանքներով: 

Գևորգ Մալխասյան



 Պիտակներ
         Գագիկ Խաչատրյան, Գևորգ Մալխասյան, Սամվել Կարապետյան, «Յուքոմ», «Բիլայն»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon