Յոժի Պերեց. Թե ինչպես կպատմեին «Կարմիր Գլխարկը»

Մտորման համար 13.07.2020   21:00   1160

Էդգար Պո

Հնամենի, մռայլ, խորհրդավոր-անթափանց շղարշով պարուրված անտառեզրին, որի վրա սահում էին չարագույժ գոլորշիացումների արջնաթույր ամպերը և ասես լսվում էր շղթաների ճակատագրառաք զնգոցը, միստիկ զարհուրանքի մեջ ապրում էր Կարմիր Գլխարկը…

Էռնեստ Հեմինգուեյ

Մայրը մտավ ներս: Նա սեղանին դրեց տոպրակը: Տոպրակում կաթ էր, սպիտակ հաց և հավկիթներ:

- Ահա,- ասաց մայրը:

- Ի՞նչը,- հարցրեց նրան Կարմիր Գլխարկը:

- Ահա այս,- ասաց մայրը,- տար տատիկիդ:

- Լավ,- ասաց Կարմիր Գլխարկը:

- Եվ աչքերդ չորս արա,- ասաց մայրը: - Գայլը:

- Այո:

Մայրը նայում էր, թե ինչպես իր դուստրը, որին Կարմիր Գլխարկ էին անվանում, քանի որ նա միշտ դնում էր կարմիր գլխարկ, դուրս ելավ: Եվ նայելով իր հեռացող աղջկա ետևից, մայրը մտածեց, թե շատ վատ է նրան մենակ անտառ թողնելը, և, բացի այդ, նա մտածեց…

Գի դը Մոպասան

Գայլը հանդիպեց Կարմիր Գլխարկին: Գայլը զննում էր նրան յուրահատուկ հայացքով, որով փարիզյան փորձառու ցոփակյացն է նայում այն խորաթափանց պչրուհուն, որը դեռևս ջանում է իրեն ներկայացնել որպես մի անմեղ էակ: Բայց նա այդ աղջկա անմեղությանը հավատ էր ընծայում ոչ ավելի, քան հենց ինքը`աղջիկը, և կարծես տեսնում էր արդեն, թե ինչպես է նա մերկանում, ինչպես են շրջազգեստները մեկը մյուսի հետևից ցած սահում, և աղջիկը մնում է շապկանց, որի տակից գծագրվում են մարմնի քաղցրահմա ելևէջները…

Վիկտոր Հյուգո

Կարմիր Գլխարկի մարմնով սարսուռ անցավ: Նա մենակ էր, միայնակ էր, մեն-մենակ, մենումենիկ, որպես մի ասեղ անապատում, որպես ավազահատիկ աստղերի մեջ, որպես գլադիատոր` պարուրված թունավոր օձերով, որպես մի լուսնոտ`թեքված տանիքն ի վեր ու ծխնելույզն ի վար…

Ջեկ Լոնդոն

Սակայն նա արժանավոր դուստրն էր իր ցեղի, նրա երակներում հոսում էր ճերմակ նվաճողների զորավոր արյունը: Այդ պատճառով էլ, աչքն անգամ չթարթելով, նետվեց գայլի վրա, մի խորտակիչ հարված հասցրեց, որին զորավիգ կանգնեց դասական ապերկոտով: Զարհուրած գայլը կաղկանձելով վնգստաց ու փախս տվեց: Նայում էր ետքից Կարմիր Գլխարկը` կանացի հմայիչ ժպիտը դեմքին…

Օնորե դը Բալզակ

Գայլը վերջապես հասավ տատիկի տնակին և դուռը թակեց: Դուռը շինված էր 12-րդ դարի կեսերին`անհայտ վարպետի կողմից: Նա դուռը տաշել էր այն ժամանակներում մոդայիկ կանադական կաղնու փայտից, դռանը հաղորդել դասական քառանկյունաձև տեսք և այն կախ տվել երկաթե ծխնիներից, որոնք մի ժամանակ, թերևս, լավ էին սեպվել, բայց վաղուց արդեն սահմռկեցնող ճռինչ էին արձակում: Դռան վրա չկար որևէ զարդանախշ կամ խորաքանդակ, միայն մի քերծվածք էր նշմարվում աջ անկյունում, որի մասին ասեկոսեներ էին պտտվում, թե այդ շեղակի հետքն իբր սեփական սուսերի խոցասայրով խազել էր ոմն մի Սելեստեն դը Շավարժ` Մարիա-Անտուանետայի ֆավորիտը և Կարմիր Գլխարկի` մայրական գծով տատմոր պապի զարմիկը: Մնացյալ ամեն ինչով դա մի ամենասովորական դուռ էր, այդ իսկ պատճառով չարժե այդ դռան վրա կանգ առնել ավելի մանրամասն…

Օսկար Ուալդ

Գայլ - Կներեք, Դուք չգիտեք իմ անունը, բայց…

Տատիկ - Օ՛, դա ոչ մի նշանակություն չունի: Ժամանակակից հասարակության մեջ ամենահամբավաբեր անվանն են արժանանում հատկապես նրանք, ովքեր առհասարակ զուրկ են անունից: Ինչո՞վ կարող եմ ծառայել:

Գայլ - Հասկանում եք… Անչափ ցավում եմ, բայց ես եկել եմ Ձեզ կուլ տալու:

Տատիկ - Որքան հաճելի է: Դուք շատ սրամիտ ջենտլմեն եք:

Գայլ - Բայց ես լո՜ւրջ եմ խոսում:

Տատիկ - Եվ դա յուրահատուկ փայլ է հաղորդում Ձեր սրամտությանը:

Գայլ - Ուրախ եմ, որ Դուք այնքան էլ լուրջ չեք վերաբերվում այն փաստին, որի մասին Ձեզ պահ առաջ հաղորդեցի:

Տատիկ - Ներկա ժամանակներում լուրջ փաստերին լուրջ վերաբերվելը կնշանակեր վատ ճաշակ դրսևորել:

Գայլ - Իսկ ինչի՞ն պետք է լուրջ վերաբերվենք:

Տատիկ - Բնականաբար` հիմարություններին: Դուք, ընդսմին, անտանելի եք:

Գայլ - Ե՞րբ է գայլն անտանելի լինում:

Տատիկ - Երբ ձանձրալի հարցեր է տալիս:

Գայլ - Իսկ կի՞նը:

Տատիկ - Երբ ոչ ոք նրան չի կարողանում տեղը-տեղին իր տեղը դնել:

Գայլ - Դուք շատ խի’ստ եք ինքներդ Ձեր հանդեպ:

Տատիկ - Հույսս դրել եմ Ձեր համեստության վրա:

Գայլ - Վստահեցնում եմ. ես ոչ մեկին բառ անգամ չեմ ասի (կուլ է տալիս տատիկին):

Տատիկ - (Հեռացող ձայնով` գայլի որովայնից) Ցավում եմ, որ այդքան աճապարեցիք: Հենց նոր ցանկություն արթնացավ Ձեզ պատմելու մի շատ զավեշտական դիպված…

Էրիխ Մարիա Ռեմարկ

- Մո՜տ եկ,- ասաց Գայլը:

Կարմիր Գլխարկը լցրեց երկու ըմպանակ կոնյակ (կամ կալվադոս, ջին և այլն) և նստեց նրա մահճակալի գոգին: Նրանք շնչում էին կոնյակի (կալվադոսի, ջինի և այլնի) ծանոթ բույրը: Այդ բույրի մեջ թախիծ կար և խոնջանք` մարմրող մթնշաղի թախիծն ու խոնջանքը: Կոնյակը (կալվադոսը, ջինը և այլնը) այլևս հենց կյանքն էր:

- Իհարկե,- ասաց Կարմիր Գլխարկը,- մենք զուր էինք հույս տածում: Ես ապագա չունեմ:

Գայլը լռում էր: Նա համաձայն էր…



 Պիտակներ
         Վիկտոր Հյուգո, Օսկար Ուալդ, Գի դը Մոպասան, Կարմիր գլխարկը, Օնորե դը Բալզակ, գրական, Էրիխ Մարիա Ռեմարկ, Էռնեստ Հեմինգուեյ, Էդգար Պո, Ջեկ Լոնդոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb