Ընտրել՝ տեսնելով ներկան, հիշելով անցյալը․ Վարդան Հարությունյան

Քաղաքական 11.06.2021   12:20   531

aliqmedia.am. Երկրի առաջին դեմքը ցավեցնող իրականությունը տեսնել պետք է կարողանա։ Ականջահաճո ու ծափահարություններ կորզող ելույթների փոխարեն այդ իրականության մասին բարձրաձայն խոսելու քաջություն պետք է ունենա։

1998-ից այս կողմ նման ղեկավար մենք, ցավոք, չենք ունեցել։

Մեր երկրի գլխավոր խնդիրը, որից կախված են եղել ու կախված են մնացած բոլոր խնդիրները, եղել եւ մնում է Արցախը։

Ռոբերտ Քոչարյանը, ապա նաեւ Սերժ Սարգսյանը Արցախի խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունն առաջնային երբեք չեն համարել։ Զբաղվել են այն ձգելու գործով։ Չեն ցանկացել ընդունել, որ ժամանակը Հայաստանի դեմ է աշխատում։ Նրանք չէին կարող պատերազմի վտանգը չտեսնել։ Չէին կարող չըմբռնել այն ճնշումների էությունը, որ իրենց նկատմամբ, ի դեմս Մինսկի խմբի, բանեցնում էր միջազգային հանրությունը։

Նրանք դիմակայել են այդ ճնշումներին։ Օր առաջ համաձայնության գնալու պարտադրանքին նրանք բախվել են անընդհատ։ Բայց երկրի ներսում ունեցած վստահության պակասը, որ հետապնդել է նրանց իրենց իշխանավարման ողջ ընթացքում, ցավոտ լուծումների գնալու հնարավորություն չի ընձեռել։

Իշխանության հնարավոր կորստից սարսափել են։ Իշխանություն ունենալը, իշխանությունը չզիջելը միշտ է նրանց համար գերիշխող ցանկություն եղել։ Այդ ցանկության համեմատ երկրին սպառնացող վտանգները հետին պլան են մղվել։

Փաշինյանի պարագան այլ է։ Նա, անկասկած, աջակցության հսկայական պաշար ուներ, ինչը նրան ցավոտ լուծումների գնալու իրավունք էր վերապահում։ Բայց լինելով ավարտված ամբոխավար՝ չկարողացավ ճիշտ գնահատել ու տնօրինել այդ վստահությունը։ Այն հիմնականում իր հիվանդագին զգացմունքների բավարարմանն էր ծառայեցնում․ գլխավորապես՝ ինքնահիացումին։

Հաշվելու անկարողությունը, քաջության պակասը, սնապարծությունը, պետական գործչին վայել որակների իսպառ բացակայությունը նրան մղեցին այնպիսի սխալ քայլերի, որոնք երկրի համար ճակատագրական դարձան։ Ներքին ու արտաքին լսարանները տարանջատել չկարողացավ։ Իր վայրիվերո, անմշակ, անհետեւողական վարքով ու հայտարարություններով նոր թափ հաղորդեց ու ավարտեց այն գործը, որ սկսել էին Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը։

Մեր երկրի 30-ամյա պատմության ընթացքում, ըստ էության, միայն մեկ ղեկավար է եղել, ով օր առաջ խնդիրը լուծելու անհրաժեշտությունը գիտակցել է։ Ով կարողացել է համադրել մեր հարեւանների, մեր ու միջազգային հանրության ցանկություններն ու շահերը եւ օրվա թելադրանքից ելնելով՝ հավասարակշիռ լուծում առաջարկել։ Ով հասկացել է, որ լուծումը ցավոտ է լինելու, ու բարձրաձայն խոսել է դրա մասին։ Այն հրապարակային քննարկման նյութ է դարձրել։ Ով գիտակցել է, որ ղարաբաղյան խնդրի լուծումը Հայաստանի զարգացման բանալին է։ Այդ գործիչը Լեւոն Տեր-Պետրոսյանն է։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյան

Ամբողջական՝ aliqmedia.am-ում


 Պիտակներ
         Վարդան Հարությունյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb