Խստամբեր կյանք․ Թեոդոր Ռուզվելտ

Մարդիկ 28.04.2021   21:00   203

Թեոդոր Ռուզվելտը (1858-1919թթ.) ԱՄՆ պատմության մեջ խորը հետք թողած քաղաքական գործիչներից է, ԱՄՆ 26-րդ նախագահը (1901-1909թթ.):

Ծնվել է Նյու Յորքում, նիդեռլանդական ծագումով մեծահարուստների  ընտանիքում: Թեև թուլակազմ և ասթմայով հիվանդ, մանկական տարիքից հոր հսկողությամբ վարժվել է խստակեցության, սահմանել  առնական ոճի կենսակերպ՝ այն ընդունելով որպես անհատականության ձևավորման նախապայման (նվիրումն ակտիվ սպորտաձևերին չի թողել  նաև նախագահ լինելու տարիներին, երբ բռնցքամարտելիս ստացած հարվածից կորցրել է մեկ  աչքի տեսողությունը): 

Հարվարդի Համալսարանն ավարտելուց հետո ընդունվել է Հարվարդի Իրավունքի դպրոց, բայց, նվիրվելով քաղաքականությանը, հրաժարվել է ուսումը շարունակելուց: Քաղաքական գործունեությունը սկսել է Նյու Յորք նահանգի օրենսդիր մարմնից, աշխատել է Նավատորմի դեպարտամենտում՝ որպես դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, այնուհետև մասնակցել է Կուբայում Իսպանիայի դեմ պատերազմին՝ անձամբ ղեկավարելով առաջնագծում կռվող կամավորականների խումբ: Նախագահ լինելու տարիներին նախաձեռնել է պայքար տնտեսական մենաշնորհների դեմ:

Արտաքին քաղաքականության ոլորտում շահագործման է հանձնել Պանամայի ջրանցքն ու ամրապնդել ԱՄՆ դիրքերը Լատինական Ամերիկայում: Զարգացրել է ԱՄՆ միջազգային գերակայության դոկտրինը, որը հետագայում իրագործվել է իր չորրորդ զարմիկ և հետևորդ Ֆրանքլին Դելանո Ռուզվելտի կողմից:

«Խստամբեր կյանք» ճառը Թեոդոր Ռուզվելտի հայացքներն արտացոլող կարևոր աղբյուրներից է և դաստիարակչական նպատակով ուսուցանվում է ԱՄՆ կրթական հաստատություններում: Հայերեն թարգմանությամբ ներկայացվում է առաջին անգամ:

Խստամբեր Կյանք

Ճառ Հեմիլթըն Ակումբում

Չիքագո, 10 ապրիլի, 1899

Ձեր՝ Արևմուտքի մեծագույն քաղաքի հասարակության առջև խոսելիս, հասարակության առջև մի Նահանգի, որը մեր երկրին տվել է Լինքըլնին և Գրանտին՝ անհատներ, ովքեր առավելագույնս և ուրույն ձևով մարմնավորում են այն ամենը, ինչ առավել ամերիկյան է ամերիկյան բնույթի մեջ, ես ցանկանում եմ պատգամել ոչ թե ստորակարգ դյուրավետության, այլ խստավարժության կյանքի դոկտրինը, կյանքը տքնության և ջանքի, աշխատանքի և մաքառման, քարոզել հաջողության բարձրագույն ձևը, որը տրվում է ոչ թե այն մարդուն, ով բաղձում է լոկ հեշտ խաղաղություն, այլ նրան, ով չի նահանջում վտանգի, դժվարության կամ դառը չարչարանքի առաջ, նրան, ով այս ամենից շահում է սքանչելի բարձրագույն հաղթանակը:

Ծույլ դյուրինության կյանքը, կյանքն այն խաղաղության, որը բխում է լոկ բարձրին ձգտելու ուժի կամ այն նվաճելու ցանկության բացակայությունից, աննշան արժեք ունի ինչպես ազգի, այնպես էլ անհատի կյանքում: Ես միայն խնդրում եմ, որ այն, ինչը յուրաքանչյուր իրեն հարգող ամերիկացի պահանջում է իրենից և իր որդիներից, պահանջի ողջ ամերիկյան ազգից: Ձեզանից ո՞ր մեկը կսովորեցնի իր որդիներին, որ դյուրավետությունը, անդորրությունը լինեն առաջնային նկատառումը նրանց աչքերում, այն վերջնական նպատակը, որին նրանք պետք է ձգտեն:

Դուք՝ Չիքագոյի այրերդ, այս քաղաքը դարձրել եք հոյակերտ, դուք՝ Իլլինոյի այրերդ, կատարել եք ձեր բաժինը և ավելին, քան ձեր բաժինն է, Ամերիկան հոյակերտ դարձնելիս, քանի որ դուք ո՛չ քարոզում եք և ո՛չ էլ հետևում այդ դոկտրինին: Դուք ինքներդ աշխատում եք և ձեր որդիներին եք բերում աշխատանքի: Եթե դուք հարուստ եք և արժանի ինքներդ ձեզ, դուք կսովորեցնեք ձեր որդիներին, որ նրանք, թեպետև  կարող են ազատ ժամանակ ունենալ, դա չպետք է ծախսվի անգործության մեջ, քանզի իմաստուն օգտագործվող ժամանցը լոկ նշանակում է, որ մարդն ազատ է այն իր ապրուստը հոգալու վրա ծախսելուց, և ավելի մեծ պարտավորություն ունի՝ իրականացնելու որևէ չվարձատրվող աշխատանք գիտության, գրագրության, արվեստի, բացահայտումների, պատմական հետազոտության ոլորտում, ինչպիսի աշխատանքի կարիքը մենք առավելագույնս ունենք այս երկրում, որի բարեհաջող իրագործումն առավելագույն պատիվ է բերում մեր ազգին:

Մենք չենք համակրում երկչոտ խաղաղության մարդուն: Մենք համակրում ենք մարդուն, ով մարմնավորում է հաղթանակող ջանքը, մարդուն, ով չի վնասում իր հարևանին, ով արագորեն է օգնում ընկերոջը, նրան, ով ունի այն առնական որակները, որոնք անհրաժեշտ են իրական կյանքի բիրտ պայքարում հաղթելու համար: Տապալվելը դժվար է, բայց ավելի վատ է երբեք հաջողության հասնելու փորձ չանելը: Այս կյանքում մենք ոչինչ չենք ստանում, բացի ջանքերից: Ներկայումս ջանքերից ազատ լինելը լոկ նշանակում է, որ անցյալում այդ բանի վրա թափված ջանք է կուտակվել: Մարդը կարող է ազատ լինել աշխատելու անհրաժեշտությունից միայն այն բանի շնորհիվ, որ ինքը կամ իր հայրերն իրենից առաջ աշխատել են այդ նպատակի վրա:

Եթե այսպիսով գնված ազատությունը ճիշտ է օգտագործվում, և մարդը դեռ իրական աշխատանք է կատարում, թեև այլ տեսակի աշխատանք՝ որպես գրող կամ գեներալ, հմտանում է քաղաքականության կամ հետազոտությունների և դժվարին ձեռնարկների ոլորտում, նա ցույց է տալիս, որ արժանի է իր ունեցվածքին: Իսկ եթե նա աշխատանքից ազատ այս ժամանակահատվածին վերաբերվում է որպես ոչ թե նախապատրաստության, այլ վայելքի ժամանակահատվածի, թեկուզև թերևս ոչ սանձարձակ վայելքների,  ցույց է տալիս, որ  պարզապես երկրակեղևը ծանրաբեռնող է և վստահաբար պիտանի չէ հարկ եղած դեպքում իր ընկերակիցների շրջանում ինքն իրեն հաստատելու: Լոկ դյուրավետության կյանքը, վերջիվերջո, շատ էլ գոհացուցիչ կյանք չէ, այն մի կյանք է, որն ի վերջո չի համապատասխանում այս աշխարհում լուրջ աշխատանքի հետևորդներին:

Ըստ վերջին վերլուծության՝ առողջ պետություն կարող է գոյություն ունենալ միայն, երբ այն կառուցող տղամարդիկ և կանայք վարում են մաքուր, եռանդուն, առողջ կյանք, երբ երեխաներն այնպես են դաստիարակվում, որ ոչ թե ընկրկեն դժվարությունների   առջև, այլ ձգտեն հաղթահարելու դրանք, ոչ թե փնտրեն դյուրավետություն, այլ ապրեն`հաղթանակ կորզելով չարչարանքից և ռիսկից:

Տղամարդը պետք է ուրախ լինի տղամարդու աշխատանք կատարելուց, հանդգնելուց, դիմանալուց և աշխատելուց, իրեն և իրենից կախվածներին պահպանելուց: Կինը պետք է լինի տանտիկինը, տունը կառուցողի գործընկերը, բազմաթիվ առողջ երեխաների իմաստուն և անվախ մայրը: Դոդեն իր հզոր և մելանխոլիկ գրքերից մեկում խոսում է «մայրությունից վախի` մեր օրերի երիտասարդ կնոջը հետապնդող սարսափների» մասին: Երբ նման բառերը կարող են տեղին լինել որևէ ազգի վերաբերյալ, ուրեմն այդ ազգը փտած է մինչև ուղնուծուծը: Երբ տղամարդիկ վախենում են աշխատանքից կամ արդարացի պատերազմից, երբ կանայք վախենում են մայրությունից, նրանք դողում են կործանման եզրին, և ճշմարիտ է, որ պետք է վերանան աշխարհի երեսից, որտեղ նրանք ուժեղ, խիզախ, առաքինի տղամարդկանց և կանանց արգահատանքին են արժանի:

Ինչը վերաբերում է անձին, վերաբերելի է նաև պետությանը: Արմատապես սխալ է պնդել, թե երջանիկ է այն ազգը, որը չունի պատմություն: Եռակի երջանիկ է այն ազգը, որն ունի փառահեղ պատմություն: Շատ ավելի լավ է համարձակվել հզոր քայլեր կատարել, փառավոր հաղթանակներ տանել, թեկուզև ընդմիջված տապալումներով, քան դասվել այն խեղճ հոգիների շարքում, ովքեր ո՛չ շատ վայելում են, ո՛չ  շատ տառապում, քանզի  ապրում են գորշ մթնշաղում, որը ո՛չ հաղթանակ է ճանաչում, ո՛չ  պարտություն: Եթե 1861 թվականին Միությանը հարող այրերը հավատային, որ խաղաղությունն է ամեն ինչի վերջնանպատակը, և պատերազմն ու պայքարը վատթարագույնն են, և գործեին իրենց հավատի համաձայն, մենք կխնայեինք հարյուրհազարավոր կյանքեր և հարյուր միլիոնավոր դոլարներ: Ավելին, բացի թափված արյունն ու շռայլված հարսությունը խնայելուց, մենք կկանխեինք բազմաթիվ կանանց սրտաբեկությունը, բազմաթիվ տների ավերվելը, զերծ կպահեինք մեր երկիրն ամիսներ տևած տառապանքից և ամոթից, երբ թվում էր՝ մեր բանակներն արշավում են ընդամենը պարտվելու համար:

Փա՛ռք Աստծուն մեր հայրերի արյան միջի երկաթի համար, այրեր, որոնք անսացին Լինքըլնի իմաստությանը և սուր  ու հրացան կրեցին Գրանտի բանակներում: Թող որ մենք՝ զավակներն այն այրերի, ովքեր ապացուցեցին, որ արժանի են այդ փառահեղ օրերին, թող որ մենք՝ զավակներն այն այրերի, ովքեր մեծ Քաղաքացիական Պատերազմը հաղթական ավարտին հասցրին, փառք տանք մեր հայրերի Աստծուն, որ խաղաղության ստորակարգ միջնորդները մերժվեցին, որ տառապանքն ու կորուստը,  վշտի և հուսահատության խավարը խիզախաբար դիմակայվեցին, պայքարի տարիները հաղթահարվեցին, քանի որ ի վերջո ստրուկն ազատագրվեց, Միությունը վերականգնվեց, և փառահեղ Ամերիկյան հանրապետությունը վերստին կարգվեց ազգերի սաղավարտակիր թագուհի:

Մենք՝ այս սերնդի ներկայացուցիչներս, ստիպված չենք դիմակայելու այնպիսի խնդրի, որին հանդիպեցին մեր հայրերը, բայց մենք ունենք մեր խնդիրները, և վա՛յ մեզ, եթե  չկարողանանք լուծել դրանք: Մենք չպետք է վարվենք այնպես, ինչպես Չինաստանը, և գոհանանք մեր սահմանների ներսում հետզհետե փթելու ամոթալի դյուրավետությամբ՝ ոչ մի հետաքրքրություն չցուցաբերելով աշխարհում տեղի ունեցողով, սուզվենք սողացող կոմերցիալիզմի մեջ` անփույթ լինենլով ավելի բարձր կյանքի ակնկալիքի կյանքի, տառապանքի և ռիսկի կյանքի հարցերում, մեզ զբաղեցնելով միայն մեր մարմինների առօրյա պահանջմունքներով, մինչև մի օր , առանց դույզն ինչ կասկածի, ինչպես Չինաստանը, հայտնաբերենք, որ այս աշխարհում  իրեն անպատերազմ և մեկուսի դյուրավետության կարիերայի վարժեցրած ազգը դատապատված է վերջիվերջո ծնկի գալու ուրիշ ազգերի առջև,  որոնք չեն կորցրել տղամարդկային անվեհեր  հատկությունները: Եթե մենք  իրապես  վեհազնյա հանրություն ենքպիտի լինենք,  պետք է բարեխղճորեն ձգտենք աշխարհում մեծ դեր խաղալու:

Մենք չենք կարող խուսափել մեծ խնդիրներից: Ամենը, որ կարող ենք որոշել ինքներս մեզ համար, այն է՝  դիմագրավենլ հավուր պատշաճի, թե ինչպես կստացվի: 1898 թվականին մենք չխուսափեցինք Իսպանիայի հետ պատերազմելու խնդրին առճակատվելուց: Մենք հստակ գիտակցում էինք խնդիրը` մրցությունից ընկրկելով`լինել ոգով անարի և հեղգ, կամ առաջ գնալ` իբրև խիզախ և ոգով բարձր մարդիկ,  իսկ երբ արդեն ներս էինք մտել, ուրեմն` միայն հաղթանակով պսակված  դրոշներ: Այդպես է և հիմա: Մենք չենք կարող խուսափել պարտավորություններից, որոնք առկա են   մեզ համար Հավայան Կղզիներում, Կուբայում, Պուերտո Ռիկոյում և Ֆիլիպիններում: Ամենը, ինչ կարող ենք որոշել, այն է` արդյոք  ի կատար ածենք դրանք այնպես, որ փառավորվի մեր ազգային վարկը, թե այս խնդիրներով զբաղվելը վերածենք մեր պատմության մութ և ամոթալի էջից: Մեր պարտավորություներից հրաժարումը լոկ նշանակում է դրանապաշնորհ լուծում:

Ունենք որոշակի խնդիր, որը պետք է լուծել: Եթե զբաղվենք լուծումով, անշուշտ հնարավոր է նաև ձախողում, բայց հրաժարվելով` պարզապես ակնհայտ կդարձնենք  այն պատշաճ լուծելու մեր անկարողությունը: Երկչոտ մարդը, ծույլ մարդը, իր երկրին չվստահող մարդը, գերքաղաքակիրթ մարդը, ով կորցրել է լավ կռվելու ձիրքը, տգետ մարդը և բթամիտ մարդը, ում հոգին ունակ չէ զգալու այն հզոր բարձրացումը, որը ոգևորում է «ուղեղում կայսրություն կրող խստաբարո մարդկանց» – նրանք հարկավ, խուսափում են ազգին իր նոր պարտավորությունները ստանձնելիս տեսնելուց, խուսափում են մեր կողմից նավատորմ և մեր պահանջներին համարժեք բանակ կառուցելը տեսնելուց, խուսափում են մեր կողմից աշխարհի աշխատանքի մեր բաժնի կատարելը տեսնելուց` քաոսից կարգուկանոն ստեղծելով խրոխտ, արևադարձային կղզիների համար, որտեղից մեր զինվորների և նավաստիների կորովը դուրս մղեց Իսպանիայի դրոշը:

Սրանք մարդիկ են, ովքեր վախենում են խստամբեր կյանքից, ովքեր վախենում են ազգային միակ արժանավոր կյանքից: Նրանք տրվում են միանձնավորության,  որը բթացնում է քրտնաջանության ձիրքն ազգի մեջ, քանզի  այն բթացնում է այդ ձիրքը նաև անձի մեջ. այլ դեպքում դրանք ամուսնացած են շահի և ագահության կրքի հետ, որը կոմերցիալիզմն է համարում ազգային կյանքի ամբողջականությունն ու վերջնանպատակը՝ փոխանակ հասկանալու, որ  դա սոսկ անփոխարինելի բաղադրիչ է, ճշմարիտ ազգային հզորության բազմաթիվ տարրերից միայն մեկը: Ոչ մի երկիր չի կարող երկար գոյատևել, եթե նրա հիմքերը խորը դրված չեն նյութական բարեկեցության վրա, որը գալիս է խնայողությունից, գործարարական էներգիայից և ձեռնարկատիրությունից, արդյունաբերության մեջ չխնայված ջանքերից, այնուամենայնիվ որևէ ազգ երբևէ իրապես չի բարձրանա,  միայն նյութական բարեկեցությամբ:

Պետք է արժանին հատուցել մեր նյութական բարեկեցության ճարտարապետներին, արդյունաբերության մեծ հրամանատարներին, ովքեր կառուցել են մեր գործարաններն ու երկաթգծերը,  ուժեղ այրերին, ովքեր մաքառել են հարստության համար  ուղեղով կամ ձեռքով, քանզի մեծ է մեր ազգի պարտքը նրանց և նրանց նմանների հադեպ: Բայց մեր պարտքն ավելի մեծ է այն այրերի առջև, ում բարձրագույն տեսակը կարելի է գտնել Լինքըլնի պես պետական գործիչների, Գրանտի պես զինվորների մեջ: Նրանք իրենց կյանքով են ապացուցել, որ  ճանաչում են աշխատելու օրենքը, պայքարի օրենքը. նրանք մաքառել են իրենք իրենց և իրենցից կախում ունեցողներին պիտանի դարձնելու նպատակով, բայց և ընդունել են, որ կան նաև այլ՝ ավելի բարձր պարտավորություններ – պարտավորություն առ ազգը, պարտավորություն առ ռասսան:[1]

Մենք չենք կարող կծկված նստել մեր սահմանների մեջ և մեզ հայտարարել բարեկեցիկ վաճառականներ, ովքեր հոգ չեն տանում դրսում տեղի ունեցողի մասին: Այդպիսի քաղաքականությունը կտապալեր նույնիսկ ինքն իր նպատակները, քանզի ազգերն աճում են՝ ունենալով ավելի ու ավելի լայն նպատակներ և բերվում են ավելի ու ավելի սերտ մերձեցման. նավատորմային և առևտրային գերակայության պայքարում մեր տեղն ունենալու համար պետք է մեր հզորությունը կառուցենք առանց սահմանները հաշվի առնելու: Մենք պետք է կառուցենք Պանամայի Ջրանցքը և պետք է խլենք մեր առավելության միավորները, որոնք մեզ թույլ կտան մեր ասելիքն ունենալու Արևելքի և Արևմուտքի օվկիանոսների ճակատագրի վճռորոշ հարցերում:

Այսքանը առևտրային հարցերի շուրջ: Միջազգային վարկի տեսանկյունից փաստարկն ավելի զորեղ է: Մանիլայում և Սանտյագոյում որոտացած հրանոթները մեզ թողեցին փառքի արձագանքներ, բայց թողեցին նաև պարտավորության ժառանգություն: Եթե մենք դուրս էինք մղելու միջնադարյան բռնապետությունը միայն վայրի անարխիային տեղ տալու համար, ավելի լավ կլիներ ընդհանրապես ձեռնամուխ չլինել առաջադրանքին: Անգործությունից ավելի վատ է կարծել, թե մենք այլ պարտավորություն չունենք կատարելու և մեր նվաճած կղզիները կարող ենք թողնել բախտի քմահաճույքին: Այդպիսի ուղղությունը անպատվության ուղղություն կլիներ, որին միանգամից կհետևեր այդ թշվառ կղզիների կատարյալ քաոսը: Ուրեմն` ավելի ամուր, ավելի առնական ուժ պետք է ոտք դներ այնտեղ, կատարեր այդ աշխատանքը, և մենք  մեզ թուլամորթ կհամարեինք` անընդունակ բարեհաջող կատարելու այն գործերը, որոնք վեհ և ոգով բարձր ազգերն են ստանձնում:

Գործը պետք է կատարվի. մենք չենք կարող փախչել մեր պատասխանատվությունից և եթե արժենք ինքներս մեզ, պետք է ուրախ լինենք աշխատանք անելու հնարավորությամբ, ուրախ լինենք հնարավորությունից՝ ցույց տալու ինքներս մեզ, որ արժանի ենք ժամանակակից քաղաքակրթության մեծագույն առաջադրանքներին: Բայց եկեք չխաբենք ինքներս մեզ խնդրի կարևորությամբ: Եկեք չմոլորվենք՝ պարծենալով և թերագնահատելով այն լարումը, որը կկրեն մեր ուժերը: Ամենակարևորը, եկեք, ինչպես մենք ենք արժևորում մեր սեփական արժանապատվությունը, ընդունենք պատասխանատվությունը պատշաճ լրջությամբ, արիությամբ, բարձր վճռականությամբ: Մենք պետք է բարձրագույն վայելչություն և կարողություն պահանջենք մեր հանրային գործիչներից, ովքեր պետք է գոտեմարտեն հանուն այս խնդիրների լուծման: Մենք պետք է խստագույնս հաշվետու պահենք այն հանրային ծառայողներին, ովքեր հավատարիմ չեն մնում ազգի շահերին կամ անընդունակ են բարձրանալու մեր ուժին և ռեսուրսներին համարժեք բարձր պահանջների աստիճանի:

Անշուշտ պետք է հիշել, որ որևէ հանրային ծառայողի չպետք է դատել` նրա ընդամենը մեկ գործողության վրա հիմնվելով և հատկապես պետք է զգուշանալ հարձակման ենթարկելուց այն այրերին, ովքեր լոկ առիթ են և ոչ թե պատճառ աղետների: Ցույց տամ՝ ինչ ի նկատի ունեմ բանակի և նավատորմի օրինակներով: Եթե պատերազմելու  լինեինք քսան տարի առաջ, մեր նավատորմը կգտնեինք ճիշտ նույն անպիտան վիճակում, ինպիսին մեր բանակն էր: Մեր նավերը չէին կարող հաջողությամբ դիմագրավել Իսպանիայի նավատորմին այնպես, ինչպես ներկայումս մեր անվարժ զինվորները, որքան էլ քաջ լինեն, բայց զինված լինելով հնամենի սև վառոդով զենքերով, չեն կարող հաջողությամբ դիմագրավել լավ հանդերձավորված կանոնավոր զորականների դեմ, ովքեր զինված են ժամանակակից կրնող կրակով հրացաններով:

Բայց վաղ ութսունականներին ազգի ուշադրությունը ուղղորդվեց դեպի մեր նավատորմային կարիքները: Կոնգրեսը խոհեմաբար մի շարք հատկացումներ կատարեց նոր նավատորմի ստեղծման համար, և երկու կուսակցությունների ճարտար ու հայրենասեր նախարարների ղեկավարությամբ նավատորմն աստիճանաբար կառուցվեց, մինչև դրա հանդերձանքը համարժեք դարձավ իր հիասքանչ անձնակազմին, և, արդյունքում, 1898 թվականի ամռանն այն ցատկ կատարեց գրավելուիր պատշաճ տեղը  աշխարհի առավել փառաբանված և ահեղ մարտական նավատորմերի շարքում: Հիրավի, մենք արժանին ենք մատուցում այն այրերին, ովքեր ղեկավարում էին նավատորմն այս մեծամեծ գործերն անելիս, փա՛ռք նախարար Լոնգին և ծովակալ Դյուիին, գործողությունների ընթացքում նավերը ղեկավարող նավապետերին,  փոքր նավերում մահվանը հանդգնությամբ հաղթած խրոխտ լեյտենանտներին,  Վաշինգթընի բյուրոների ղեկավարներին, որոնց  հոգածությամբ նավերը, ճշգրիտ ղեկավարվելով, սպառազինվելով, անհրաժեշտ հանդերձավորումով և շարժիչներով հագեցվելով,  ապահովեցին պանծալի արդյունքներ:

Բայց եկեք մեկընդմիշտ ընդունենք, որ այս ամենը հնարավոր չէր լինի առանց այն մարդկանց իմաստնության, ովքեր նախորդող տասնհինգ տարիների ընթացքում նավատորմ էին ստեղծում: Մտապահենք այդ տարիների նավատորմի նախարարներին, սենատորներին և կոնգրեսմեններին, ովքեր, իրենց քվեները տալով, անհրաժեշտ դրամ ապահովեցին նավերը կառուցելու և զինելու, հզոր թնդանոթներ կառուցելու, անձնակազմը վարժեցնելու համար, նաև հիշենք նրանց, ովքեր անձամբ կառուցեցին նավերը, զրահը, թնդանոթները,  հիշենք ծովակալներին ու նավապետերին, ովքեր հեռավոր ծովերում վարեցին ռազմանավերը, հածանավերն ու տորպեդակիրները, միայնակ և գումարտակներով՝ զարգացնելով նավավարությունը, թնդանոթաձգությունը, միահամուռ գործելու ուժը, ինչն իրենց հաջորդներն այդքան փառահեղ ձևով գործի էին  դրել Մանիլայում և Սանտյագոյում: Եվ, պարոնայք, հիշենք խոստումը նույնպես: Հիշենք, որ արդարությունն ունի երկու կողմ:

Արդարացի լինենք նրանց նկատմամբ, ովքեր կառուցեցին նավատորմը և, հանուն երկրի ապագայի, չմոռանանք նաև նրանց, ովքեր ընդդիմանում էին այդ ձեռնարկին: Կարդացե՛ք Կոնգրեսի Արձանագրությունները: Գտե՛ք այն սենատորների և կոնգրեսմենների անունները, ովքեր դեմ էին նոր նավերի կառուցմանը հատկացումներ անելուն, ովքեր դեմ էին սպառազինության ձեռքբերմանը, առանց որի նավերն արժեք չունեն, ովքեր ընդդիմանում էին Նավատորմի Նախարարության համարժեք պաշտպանության համար անհրաժեշտ ծախսերին, և ձգտում էին նվազեցնել մեր նավատորմի անձնակազմի թվաքանակը:

Այդ մարդիկ միահամուռ աշխատում էին երկրի համար աղետ բերելու ուղղությամբ: Նրանք բաժին չունեն Մանիլայի հաղթանակից և Սանտյագոյի փառքից: Նրանց շարժառիթները կարող էին դրական լինել կամ չլինել, բայց նրանց գործողությունները հղի էին լուրջ վտանգներով: Նրանք արատավորեցին  ազգի պատիվը, բայց մենք հաղթեցինք՝ հակառակ նրանց մեղսագործ ընդդիմության:

Այժմ դառնանք այսօրվա մեր հանրային ծառայողներին Մեր բանակը երբեք այնպես չի կառուցվել, ինչպես հարկավոր էր կառուցել: Ես այս լսարանի հետ չեմ քննարկելու այն մանկամիտ առաջարկը, թե յոթանասուն միլիոն ազատ բնակչությամբ ազգը վտանգված է` կորցնելու իր ազատությունները հարյուրհազարանոց բանակ ունենալու դեպքում, որի երեք քառորդը պետք է տեղակայվի որոշ օտար կղզիներում, առափնյա ամրություններում և Հնդկական Ռեզերվացիաներում:   Խելամիտ և քաջասիրտ մարդը չի կարող այսպիսի դիտարկումը լուրջ ընդունել: Եթե մենք այնպիսի թուլակամներ ենք, ինչպես որ առաջարկությունն է ենթադրում, ուրեմն արժանի չենք մեր ազատությանը: Միացյալ Նահանգների բնակիչների ոչ մի խմբի մեր ազգն այնքան պարտական չէ, որքան հրաշալի սպաներին և կանոնավոր բանակում ու նավատորմում ընդգրկված զինծառայողներին:  Այս կազմից մեր ազգը չպիտի վախենա , պետք է հպարտանա նրանով, պետք է զորացնի այն:

Մեր բանակը կարիք ունի ամբողջական վերակազմակերպման, ոչ թե միայն մեծացման, – և վերակազմակերպումը կարող է տեղի ունենալ միայն օրենսդրական միջոցներով: Պետք է հաստատել գեներալների պատշաճ անձնակազմ, հրետանու, կոմիսարների և մատակարարման գրասենյակները մանրակրկիտ ձևով համալրել շարքայիններով: Ամենակարևորը, բանակին պետք է հնարավորություն ընձեռել վարժանքներ անցկացնելու մեծ խմբերով:

Այլևս  չպետք է տեսնենք դիվիզիա ղեկավարող գեներալներ,, , որոնք երբեք մարտադաշտի երեք ռազմական գործողություն չեն ղեկավարել, ինչպես տեսանք Իսպանիայի դեմ պատերազմում:,  Դժվար է պատկերացնելը, այդուհանդերձ  Կոնգրեսը դրսևորել է պատերազմից որոշ դասեր քաղելու տարօրինակ ապիկարություն: Երկու կուսակցություններում էլ կային մեծաթիվ խմբեր, որոնք ընդդիմանում էին պատերազմ հայտարարելուն,  ընդդիմանում էին խաղաղության վավերացմանը, ընդդիմանում էին բանակի վերակառուցմանը,կային, որ նույնիսկ ընդդիմանում էին մարտանավերի և հածանավերի համար խելամիտ գներով սպառազինության ձեռքբերմանը՝ դրանով իսկ բացարձակ արգելք դնելով նավատորմի համար նոր մարտանավեր կառուցելուգործի վրա:

Եթե ապագայում մեր երկիրը փորձության առաջ կանգնի, լինի դա ծովում, թե ցամաքում` սպառնալիքի տակ դնելով  Միացյալ Նահանգների վարկը, հիշեք` մեղավոր են այն մարդիկ, որոնց անունները կտեսնեք Կոնգրեսի քվեաթերթիկների վրա՝ այս մեծ հարցերի սխալ կողմում: Նրանց վրա է ծանրանալու մեր զինվորների և նավաստիների կորստի բեռը, դրոշին պատճառված անարգանքը, ձեզ վրա,  այս երկրի քաղաքացիների վրա  է բարդվելու այս ամենի մեղքը, եթե դուք միանշանակ կերպով չվերհանեք և չդատապարտեք այս մարդկանց կատարածը: Մեղադրանք չի ընկնելու կատարելապես անձեռնհաս նախարարության անվարժ զորքի անվարժ հրամանատարի  կամ քաղաքացիական ծառայողի վրա բավարար թվով նավեր չունեցող ծովակալի, այլ հանրային այրերի վրա, ովքեր ողբալիորեն անխոհեմ գտնվեցին` հնարավոր վնասը վաղօրոք կանխելու համար. մեղադրանք է ծանրանալու և այն ազգի վրա, որը կանգնած է հանրային այդ  այրերի հետևում:

Հետևաբար, այս պահին պատասխանատվության ոչ փոքր մասը Ֆիլիպիններում թափված արյան համար, արյան համար մեր եղբայրների և նրանց վայրի ու տգետ հակառակորդների, բաժին է ընկնում այն անձանց, ովքեր այդքան հետաձգեցին խաղաղության համաձայնագրի հաստատումը,նաև նրանց, ովքեր իրենց ավելի քան հիմար բառերով դիտավորյալ դրդեցին վայրի ժողովրդին ներքաշվելու իր համար վստահաբար աղետալի պատերազմի մեջ, պատերազմ, որտեղ նաև մեր մեր դրոշը պահող  մեր քաջարի այրերն են արյամբ հատուցելու   իրենց տներում խաղաղության մեջ նստած շաղակրատների տխմար ու կեղծ հումանիտարիզմի դիմաց:

Բանակն ու նավատորմն այն սուրն ու վահանն են, որոնք այս ազգը պետք է կրի, եթե ուզում է կատարել իր պարտքն աշխարհի ազգերի թվում, եթե նա չի ուզում պարզապես կանգուն մնալ՝ որպես Արևմտյան կիսագնդի Չինաստան:   Համապատասխան վարքը, որը մենք վարում ենք Իսպանիայից խլած արևադարձային կղզիներում, լոկ արտաքին ձևն է` ներկայումս մեր պարտականությունը դրսևորող: Բնականաբար մենք կոչված ենք առավելագույնս նախանձախնդիր կերպով լուծելու   սեփական տնտեսության հարցերըը: Մենք նախանձախնդիր ենք` սահմանելու քաղաքացիական ազնվություն, քաղաքացիական մաքրություն, քաղաքացիական բարեխղճություն մեր հարազատ քաղաքի, նահանգի, ազգի վարչարարության հարցերում: Մենք պետք է բարեխիղճ լինենք մեր պաշտոններում, ձգտենք ազնիվ լինել ազգի և անհատի պարտատերերի հանդեպ, հնարավոր դեպքերում անհատական նախաձեռնության ամենալայն ազատություն թույլ տալով հանդերձ հասնենքցանհատական նախաձեռնության ամենաիմաստուն կարգավորման, չանտեսելով անշուշտ այն վտանգը, երբ նախաձեռնությունը  կարող է վնասակար լինել այլոց բարօրությանը:

Կարգի  բերելով մեր տունը` մենք դրանով չենք ազատվել աշխարհի մեծ հարցերում մեր դերը խաղալու պարտականությունից: Տղամարդու առաջնային պարտականությունն ուղղված է  իր տանը, բայց  դրանով նա չի ազատվում Պետության հանդեպ իր պարտքից, քանզի, ձախողվելով երկրորդ պարտքը կատարելիս, նա վտանգում է իր ազատ մարդ լինելը: Ըստ այդմ, երբ ազգի առաջին պարտքն իր սահմանների ներսում է, նա դրանով չի ազատվում ամբողջ աշխարհում իր դերը կատարելու պարտքից, և,  հրաժարվելով դրանից, նա, ըստ էության, զիջում է իր իրավունքը՝ պայքարելու մարդկության ճակատագիրը ձևավորող ժողովուրդների մեջ իր տեղը զբաղեցնելու համար:

Վեսթ Ինդիայում և Ֆիլիպիններում նույնպես   ունենք դժվարագույն խնդիրներ: Վախկոտություն է այդ խնդիրները պատշաճ կերպով լուծելուց խուսափելը, քանզի դրանք պետք է լուծվեն, և լուծվեն եթե ոչ մեր, ուրեմն` ավելի ուժեղ և ավելի առնական ռասսայի կողմից: Եթե  տկար ենք,  անձնապաշտ կամ չափազանց անկարող` դրանք լուծելու համար, ավելի խիզախ և ունակ մարդիկ  կձեռնարկեն լուծումը: Անձամբ ինքս ամուր  հավատ ունեմ իմ երկրի հզորության և իմ ազգակիցների ուժի նկատմամբ, որպեսզի գեթ մեկ վայրկյան ընդունեմ, թե մենք երբևէ կհամաձայնենք խայտառակ այլընտրանքին:

Առանձին կղզիների խնդիրները տարբեր են: Պուերտո Ռիկոն բավականաչափ մեծ չէ միայնակ դիմակայելու համար: Մենք այն պետք է իմաստուն և հմուտ կառավարենք` առավելապես ի շահ իր իսկ բնակչության: Կուբան, իմ կարծիքով, իրավունք ունի վերջնականապես իր համար որոշելու՝ արդյոք  պետք է  անկախ պետություն լինի, թե՞ դառնա հզորագույն նահանգների բաղկացուցիչ մասը:  Քանի դեռ կարգուկանոն և կայուն ազատություն հաստատված չեն այնտեղ, մենք պետք է մնանք կղզում՝ իր   ապահովության համար, և անսահման տակտ, խոհեմություն,  զսպվածություն ու արիություն պետք է ցուցաբերեն մեր զինվորական և քաղաքացիական ներկայացուցիչները` կղզին խաղաղության մեջ պահելու, բանդիտիզմն անխնա արմատախիլ անելու, և նման արժեքները պահպանելու համար, և, միևնույն ժամանակ, պետք է պատշաճ հարգանք ցուցաբերենք այն այրերին, ովքեր կռվել են Կուբայի ազատության համար: Ֆիլիպիններն  ավելի դժվարին խնդիր են առաջադրում:

Նրանց բնակչությունը կազմված է խառնամուսնություններից ծնված և բնիկ քրիստոնյաներից, ռազմաշունչ մահմեդականներից և վայրի հեթանոսներից: Բազմաթիվ բնակիչներ կատարելապես ունակ չեն ինքնակառավարման և համապատասխանության նշույլ իսկ չեն ցուցաբերում: Մյուսները կարող են ժամանակի ընթացքում համապատասխանել, բայց ներկայումս կարող են մասնակցել ինքնակառավարմանը միայն իմաստուն՝ միաժամանակ և՛ ամուր, և՛ բարեբեր հսկողության ներքո:

Մենք կղզիներից դուրս ենք մղել իսպանական բռնապետությունը: Եթե այժմ թույլ տանք այն փոխարինելու վայրի անարխիայով, ուրեմն մեր աշխատանքն ավելի շատ ուղղված է եղել  վնասի, քան օգտակարությանը: Ես սակավ համբերություն ունեմ նրանց նկատմամբ, ովքեր վախենում են Ֆիլիպինները կառավարելուն ձեռնամուխ լինելուց, նրանց նկատմամբ, ովքեր բացեիբաց հայտարարում են, որ վախենում են այդ խնդրին  ձեռնամուխ լինելուց, կամ ընկրկում են սպասվող ծախսերի ու դժվարությունների առաջ. բայց ես է՛լ ավելի սակավ համբերություն ունեմ նրանց նկատմամբ, ովքեր, պառճառաբանելով հումանիտարիզմը, թաքնվում են, կամ քողարկում իրենց անգործությունը,  նրանց նկատմամբ, ովքեր աղաղակում են «ազատություն» կամ «կառավարվողների համաձայնություն»`քողարկելու համար իրենց բաժին ընկած դերը չկատարելու  անպատրաստակամությունը:

Նրանց դոկտրինները եթե կյանքի կոչվեին, մեզ համար արգելք կհանդիսանայինն Արիզոնայի Ափաչներին թողնել իրենց սեփական փրկության հարցը և անհնարին կդարձնեին միջամտությունը որևէ հնդկացիական արգելաբնակավայրի գործերին: Նրանց դոկտրինները ձեր և իմ նախահայրերին դատապարտում են Միացյալ Նահանգներում բնակություն հաստատելու համար:

Անգլիայի տիրապետությունը Հնդկաստանում և Եգիպտոսում Անգլիայի համար շատ նպաստավոր է եղել, քանզի այն դաստիարակել է  այնպիսի սերունդներ, որոնք կոչված են  առավել մեծ և բարձր հանրային կյանքի: Այն նպաստավոր է եղել անգամ Հնդկաստանի և Եգիպտոսի համար: Ուստի մենք մեր պարտավորությունները Ֆիլիպիններում պատշաճ կատարելու դեպքում կբարձրացնենք մեր ազգային հեղինակությունը, որն ազգային կյանքի բարձրագույն, սքանչելի արժանիքն է և  մեծապես կնպաստի Ֆիլիպինյան Կղզիների բնակչության բարօրությանը, և, այս ամենից բացի, գերազանցապես կկատարենք մեր դերը մարդկության կատարելագործման վսեմ գործում: Ուրեմն այս ամենին հասնելու համար երբեք չմոռանանք, որ պետք է ցուցաբերենք քաջության, ազնվության և լավ դատողության բարձրագույն աստիճանի որակներ: Դիմադրությանը պետք է վերջ դրվի: Առաջնային  ամենակարևոր գործը մեր դրոշի գերակայությունը հաստատելն է: Մենք պետք է արմատախիլ անենք զինված դիմադրությունը, նախքան կկարողանանք իրագործել  որևէ այլ բան և մեր թշնամիների հետ գործ ունենալիս բացառենք որևէ քննարկում կամ անվճռականություն:

Ինչ վերաբերում է նրանց, ովքեր մեր երկրի ներսում խրախույս են կարդում  թշնամուն, մենք կարող ենք նրանց անտեսելու բավականությունը մեզ թույլ տալու, սակայն պետք է հիշել, որ նրանց արտահայտությունները իրենց չեն փրկելու դավաճանի պիտակից թեկուզ միայն այն պարզ պատճառով, որ  արգահատելի են:

Երբ  տապալենք զինված դիմադրությունը, երբ մեր գերիշխանությունը ճանաչվի, այդժամ սկսվելու է ավելի դժվարին խնդիր, քանզի պետք է հոգ տանենք, որ կղզիները կառավարվեն բացարձակ ազնվությամբ և առողջ դատողությամբ: Եթե մենք թույլ տանք, որ կղզիների հանրային ծառայությունը զոհ դառնա փչացած քաղաքական այրերի գործունեությանը, մենք սկսելու ենք անցնել այն ճանապարհով, որով Իսպանիան գնում էր դեպի  կործանում: Մենք պետք է այնտեղ ուղարկենք սոսկ ունակ և վեհսիրտ մարդկանց, որոնք ընտրվեն իրենց համապատասխա արժանիքների և ոչ թե  մատուցած կողմնակալ ծառայությունների համար, մարդիկ, որոնք ոչ միայն անկողմնակալ արդարադատություն ապահովեն բնիկների համար, ազնվությամբ ու հավատարմորեն ծառայեն իրենց հայրենիքին, այլև ցուցաբերեն բարձրագույն բարոյականություն,  ոգու ամրություն՝ հիշելով, որ իրենց գործում թուլությունը մեծագույն ոճիր է, որին հետևելու է տեղաբնակների սկզբունքների  ու նախապաշարմունքների հետ հաշվի չնստելը:

Ուրեմն,  հայրենակիցներ, ես ձեզ կոչ եմ անում` մեր երկիրը պահանջում է ոչ թե դյուրակեցություն, այլ տքնաջան ձգտումների խստամբեր կյանք: Քսաներորդ դարը մեզ ներկայանում է որպես  մի շարք ազգերի համար ճակատագրական դարաշրջան: Եթե  անգործ կանգնենք, եթե փնտրենք միայն փքված, հեղգ դյուրավետություն և ամոթալի խաղաղություն, եթե խուսափենք դժվարին մրցակցթյուններից, որտեղ մարդիկ պետք է հաղթեն` իրենց կյանքը և իրենց համար առավել թանկագինը վտանգելով, ապա ավելի համարձակ և ուժեղ մարդիկ կանցնեն մեզ և  կնվաճեն աշխարհի գերակայությունը:

Ուրեմն խիզախորեն ընդառաջ գնանք պայքարի կյանքին, վճռական լինենք` մեր պարտքը գերազանցապես և արժանապատվորեն  կատարելու համար, վճռականությամբ դուրս գանք` մեր ճշմարտացիությունը գործով և խոսքով պաշտպանելու համար,  լինենք ազնիվ, խիզախ լինենք, ծառայենք բարձր գաղափարներին` չանտեսելով, սակայն,  գործնական մեթոդները: Ամենակարևորը, հայրենակիցներ, չընկրկենք ոչ մի գոտեմարտի առաջ` ֆիզիկական թե բարոյական, մեր ազգի ներսում թե դրսում, դժվարին և վտանգավոր ջանքեր պահանջող, և  վստահ լինենք՝ գոտեմարտն արդարացված է, քանզի միայն պայքարով, դժվարին, լարված  ջանքերով է, որ  պետք է վերջնականապես նվաճենք  ազգային իրական, վսեմ  նպատակը:

Թարգմանությունն անգլերենից՝ Վարդան Բեժանյանի

*ԽստամբերԿյանքի դժվարություններին՝ զրկանքներին տոկացող՝ դիմացող:

[1] Ռասսան այստեղ չպետք է ընկալել կենսաբանական-ֆիզիկական տարբերակիչ իմաստով: Ռուզվելտը գտնում էր, որ Ամերիկան վերաբնակեցնողները ստեղծել են նոր՝ ամերիկյան ռասսա և ի նկատի ունի Ամերիկյան ժողովրդին ընդհանուր առմամբ: Առհասարակ, Ռուզվելտը ռասսայական հարցի հանդեպ ունեցել է մեղմ վերաբերմունք և եղել է ԱՄՆ առաջին նախագահը, ով Սպիտակ Տուն պաշտոնական ճաշի է հրավիրել սևամորթի:


 Պիտակներ
         Թեոդոր Ռուզվելտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb