Խորխե Լուիս Բորխես. «Չորս շրջան»

Մտորման համար 06.06.2020   21:00   268

Գոյություն ունի չորս պատմություն:

Առաջինը` հնագույնը, քաջ մարդկանց պաշարած ու պաշտպանած ամուր քաղաքի մասին է: Պաշտպանները գիտեն, որ քաղաքը մատնվելու է հրի ու սրի, և մարտն անօգուտ է. հարձակվողներից ամենահռչակավորը` Աքիլլեսը, գիտի, որ իր ճակատագիրը դեռ մինչև հաղթանակը մեռնելն է: Դարերը ավելացրել են այս ամենին մոգական տարրեր:

Ասել են, որ Տրոյայի Հեղինեն, հանուն որի զորքեր են մահացել, մի գեղեցիկ ամպ էր, ստվեր. ասել են, թե մեծ սնամեջ ձին, որի մեջ թաքնվել էին հույները, նույնպես թվացյալ էր: Հոմերոսը թերևս առաջին բանաստեղծը չէ, ով անդրադարձել է այս նյութին. 14-րդ դարում ոմն թողել է այս տողը, որ պտտվում է իմ հիշողության մեջ. "The borgh brittened and brent to brondes and askes": Ըստ Դանտե Գաբրիել Ռոսետտիի` Տրոյայի ճակատագիրը կնքվում է այն պահին, երբ Պարիսին համակում է սերը Հեղինեի հանդեպ. Յեյթս ընտրում է այն պահը, երբ միաձուլվում են Լեդան և կարապը, որն իրականում աստված էր:

Հաջորդ պատմությունը, որը կապված է առաջինի հետ, վերադարձի մասին է: Ուլիսը տասը տարի վտանգավոր ծովերում թափառելուց և կախարդված կղզիներում ուշանալուց հետո վերադառնում է իր Իթակեն: Հյուսիսի աստվածությունները երկրի կործանումից անմիջապես հետո տեսնում են, թե ինչպես է այն ծագում կանաչ ու լուսաշող ծովից, և խոտերում գտնում են շախմատի քարերը, որոնցով խաղացել են հնում:

Երրորդ պատմությունը որոնման մասին է: Այստեղ կարող ենք տեսնել նախորդ պատմության մի տարբերակը, տեսնել Յասոնին ու գեղմը, պարսկական երեսուն թռչունների, որոնք սարեր ու ծովեր կտրելով տեսնում են իրենց աստծո` Սիմուրգի դեմքը, որը նրանցից յուրաքանչյուրն է և բոլորը: Նախկինում ամեն ձեռնարկ բարեհաջող էր: Ինչ-որ մեկը վերջում գողանում էր արգելված ոսկե խնձորները, ինչ-որ մեկը վերջում արժանանում էր Գրաալի նվաճմանը: Այժմ որոնումը դատապարտված է ձախողման: Նավապետ Աքաաբը հանդիպում է կետաձկանը, և կետաձուկը նրան ոչնչացնում է: Ջեյմսի կամ Կաֆկայի հերոսները կարող են միայն կործանում ակնկալել: Քաջությունն ու հավատը այնքան քիչ են մեր մեջ, որ happy-ending-ն արդեն սոսկ արդյունաբերական քծնանք է: Չենք կարողանում հավատալ երկնքին, բայց հավատում ենք դժոխքին:

Վերջին պատմությունը Աստծո զոհաբերության մասին է: Փռյուգիայում Աթիսնիրեն խեղում է և սպանում. Օդինը զոհաբերվում է Օդինին, Նա ինքը` Ինքն իրեն. ամբողջ ինը գիշեր կախված է մնում ծառից ու խոցվում նիզակով: Քրիստոսին զոհաբերում են հռոմեացիները:

Գոյություն ունի չորս պատմություն: Մնացյալ ժամանակ մենք կշարունակենք ձևափոխելով պատմել դրանք:

Աղբյուրը՝ tarntercum.ru



 Պիտակներ
         Խորխե Լուիս Բորխես


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb