Խորհրդարանը ֆորսմաժորային իրավիճակում երկու անգամ շատ օրենքներ է ընդունել

Քաղաքական 25.09.2020   14:14   68

«ԱԺ մոնիտորինգ» ծրագիրն ամփոփել է 7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները: Ամփոփումը կազմվել է լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրի տվյալների համադրմամբ: 

«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը ներկայացնելով արդյունքները, նախ նշեց, որ 4-րդ նստաշրջանն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ իր գործունեության հինգ ամիսներից երեքն անցկացրել է արտակարգ դրության պայմաններում։

«Խորհրդարանն աշխատել է ֆորսմաժորային իրավիճակում, ինչն իր ազդեցությունն ունեցել է օրենսդրական գործընթացի վրա»,- ասաց Լուսինե Վասիլյանը։

Նա միաժամանակ նշեց, որ դրան զուգահեռ խորհրդարանն այդ ընթացքում երկու անգամ ավելի շատ օրենքներ է ընդունել, քան 3-րդ նստաշրջանի ժամանակ։

Մասնավորապես, եթե 3-րդ նստաշրջանում ընդունվել է 169 օրենք, ապա 4-րդ նստաշրջանում ընդունված օրենքների թիվը հասել է 345-ի, այսինքն՝ 2 անգամով ավելի:

Ըստ մոնիթորինգի ծրագրի ղեկավարի, այս միտումով 4-րդ նստաշրջանը նմանվել է նախորդ գումարումների խորհրդարաններին, երբ օրենքների քննարկումներն ավելի շատ մեխանիկական գործընթաց են հիշեցրել:

Լուսինե Վասիլյանը նշեց նաև, նկատել են օրենքների քանակն արհեստականորեն ավելացնելու միտում։ «Գտել ենք մի շարք օրինագծեր, երն նույն խմբակցության երկու տարբեր պատգամավորներ նույն օրենքում փոփոխություններ են առաջարկում և դրանք քննարկվել են նույն լիագումար նիստերի ընթացքում»,- ասաց նա՝ հավելելով, որ դա նշանակում է՝ կազմակերպվածության խնդիր կա։  



 Պիտակներ
         Խորհրդարան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb