Խելագար հանճարը կամ շիզոֆրենիայով տառապող Ջոն Նեշը

Հոգեբանական 27.11.2020   22:45   1707

Ջոն Ֆորբս Նեշ կրտսերը ամերիկացի մաթեմատիկոս է, ով 1994 թվ․-ին արժանացել է Նոբելյան մրցանակի տնտեսագիտության ոլորտում։ Վերջինս 20 տարեկան հասակում արդեն կարողացավ հիմք դնել նոր գիտական մեթոդի համար, որն ահռելի նշանակություն ունեցավ համաշխարհային տնտեսության զարգացման գործում։ 

Գիտության մեջ հետք թողած այս հանճարը իր կյանքի մեծ մասը տառապել է շիզոֆրենիայով, որը սակայն չխանգարեց նրան զբաղվել գիտությամբ։ Շիզոֆրենիայի առաջին ախտանշանները նկատվեցին այն ժամանակ, երբ Նեշը 30 տարեկան էր։ Վերջինս արդեն ամուսնացել էր իր ուսանողուհու՝ գեղեցկուհի Ալիսիա Լարդի հետ, որն արդեն սպասում էր իրենց առաջնեկին։

Չնայած Նեշի կինը ամեն կերպ փորձում էր քողարկել ամուսնու վիճակի լրջությունը, այնուամենայնիվ Նեշին ազատում են աշխատանքից, որի համար հիմք ծառայեց նաև այն, որ վերջինիս առաջարկել էին դառնալ մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, սակայն նա ասել էր, որ ցանկանում է դառնալ Անտարկտիդայի կայսրը։

Նա լսում էր ձայներ, որոնք չէին լսում մյուսները, նա խոսում էր գաղտնի հանդիպումների, Ամերիկայի հանդեպ եղած դավադրությունների մասին։ Այս դեպքերից որոշ ժամանակ հետո նրան հարկադրաբար տեղափոխում են Բոստոնի մասնավոր հոգեբուժարաններից մեկը, որտեղ էլ վերջինիս մոտ ախտորոշում են «պարանոիդալ շիզոֆրենիա» և նշանակում դեղորայքային բուժում։  Փաստաբանի միջամտությամբ վերջինս կարողանում է դուրս գալ հոգեբուժարանից և տեղափոխվում է Եվրոպա, սակայն կարճ ժամանակ անց նրան արտաքսում են ԱՄՆ։ Վերադարձից հետո նա ընտանիքով տեղափոխվում է Փրինսթոուն։

Նեշի վիճակը ավելի է սրվում, վերջինս ուներ մշտական վախեր, իր մասին խոսում էր երրորդ դեմքով, գրում էր անիմաստ նամակներ, զանգահարում էր նախկին գործընկերներին։ 1961 թվ․-ին Նեշին տեղափոխում են Նյու Ջերսիի հիվանդանոց, որտեղ ստանում է ինսուլինային թերապիա։ Որոշ ժամանակ անց նա կրկին մեկնում է Եվրոպա, ուղարկում է առեղծվածային նամակներ։

Չկարողանալով դիմանալ այդ կյանքին՝ Ալիսիան բաժանվում է և երեխային (վերջինս ևս տառապում է շիզոֆրենիայով) մեծացնում է միայնակ։ Որոշ ժամանակ անց նա կրկին ետ է վերադառնում Ամերիկա, նրա գործընկերները շարունակում են օգնել Նեշին, գործ են առաջարկում համալսարանում, հանդիպումներ են կազմակերպում հոգեբույժի հետ։

Վերջինս նշանակում է հակափսիխոտիկ դեղորայք, որի օգտագործումը դրական ազդեցություն է ունենում Նեշի վրա։ Որոշ ժամանակ անց, Նեշի վիճակը կրկին բարդանում է, քանի որ Նեշը դադարում է օգտագործել դեղորայքը։ 

1970 թ․-ին Ալիսիան կրկին միանում է Նեշի հետ, ինչն էլ փրկում է Նեշին կործանումից։  1980-ական թվ․-ին Նեշը ակնհայտորեն իրեն լավ էր զգում, ախտանշանները ավելի քիչ էին դրսևորվում։

Նեշը սովորել էր ուղղակի չնկատել հիվանդության ախտանշանները։ Իր կյանքի այդ փուլի մասին Ջոն Նեշը գրել է․«Հիմա ես սթափ եմ մտածում, բայց սա ինձ չի պարգևում այն երջանկության զգացողությունը, որն ունենում է ցանկացած բուժված մարդ։ Առողջ բանականությունը սահմանափակում է գիտնականի՝ իր և տիեզերքի միջև եղած կապի պատկերացումները»։ 

Աղբյուրը՝ hogebanutyun.am


 Պիտակներ
         Ջոն Նեշ, հոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb