Խաղաղապահներն Արցախում ավելի քան 3,5 հազար դիմում են ստացել օգնության համար
Ստեփանակերտում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնում շարունակվում է քաղաքացիների ընդունելության կետի աշխատանքը:
Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Այնտեղ գործում է նաև անհայտ կորած զինծառայողների որոնման, մարդասիրական օգնություն ցուցաբերելու, աշխատանքի տեղավորման աջակցության և այլ խնդրահարույց թեմաների վերաբերյալ տեղեկությունների հավաքման «թեժ գիծ»:
«Քաղաքացիների ընդունելության կետ ընդհանուր առմամբ դիմել է ավելի քան 3,5 հազար մարդ։ Այդ թվում, ավելի քան 800 դիմում ստացվել է «թեժ գծով»։ Հեռախոսով կամ անձամբ դիմումներ ստացող հերթապահ սպաներն անպայման ճշտում են խնդրի բնույթը, հարազատներից պարզում զինծառայողի անհետացման ենթադրվող շրջանի մասին տեղեկությունները, գրանցում նրանց հետ կապի հաստատման տվյալները»,- նշում են ՌԴ ՊՆ-ից:
Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում են համատեղ որոնողական խմբեր։
Մի քանի օրվա ընթացքում ռուսաստանյան զինծառայողներն ավելի քան 16,5 տ մարդասիրական բեռ են փոխանցել Արցախի բնակիչներին։
Նմանատիպ նյութեր