Վրաստանում քաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված

Աշխարհ 26.11.2020   13:17   34

Վրաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ, հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից հետո խորհրդարանը կարող է ձևավորվել միակուսակցական հիմունքներով, եթե 9 ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք խորհրդարան են անցել առաջին փուլով, չդադարեցնեն բոյկոտը։ Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն:

Առաջին փուլի արդյունքներից դժգոհող ընդդիմությունը հրաժարվել էր մասնակցել ընտրական երկրորդ փուլին, որն անցկացվել է 17 մեծամասնական շրջաններում։ Արդյունքում ևս 17 մանդատ է «նվիրել» Վրաստանի իշխող կուսակցությանը, որը նոր խորհրդարանում 76-ի փոխարեն կունենա 90 մանդատ:

Սակայն որքանո՞վ շահեկան կլինի վերջինիս համար միակուսակցական խորհրդարան ձևավորելը՝ պարզ կլինի առաջիկայում: Ընդդիմությունն ամբողջությամբ մնում է բոյկոտի ռեժիմում և պաշտոնապես հայտարարվել է, որ հրաժարվում է մանդատներից: Ընդդիմադիրների խոսքով՝ 30 տարի անց Վրաստանը նորից ունենալու է «սովետական խորհրդարան»:

Սահմանադրության համաձայն՝ ԿԸՀ-ն ամենաուշը մինչև դեկտեմբերի 10-ը պետք է հայտարարի ընտրությունների վերջնական արդյունքները և ներկայացնի 150 պատգամավորներին, որից հետո խորհրդարանի առաջին նիստը պետք է նշանակվի ամենաուշը դեկտեմբերի 20-ին:

Վրաստանի իշխանությունն ու ընդդիմադիր կուսակցությունները Վրաստանում ԱՄՆ և ԵՄ դեսպանների հետ արդեն երկու անգամ հանդիպել են՝ քննարկելու ստեղծված իրավիճակը, սակայն էական առաջընթաց չկա: Ընդդիմությունն արդեն մի քանի լայնամասշտաբ բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով նշանակել արտահերթ ընտրություններ, ազատ արձակել քաղբանտարկյալներին և ձևավորել նոր ԿԸՀ:

Վրաստանի սահմանադրության համաձայն՝ երկրում արտահերթ ընտրություններ նշանակելու երկու ճանապարհ կա։ Երկուսն էլ կապված են կառավարությանն անվստահություն հայտնելու հետ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb