Վրաստանում ոչ բոլոր կոնֆլիկտների պատճառն է էթնիկ պատկանելիությունը․ փորձագետ

Աշխարհ 25.05.2021   15:00   49

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ շաբաթավերջին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երիտասարդների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը լայն քննարկումների առիթ դարձավ՝ մեդիայում ներկայացվելով որպես «հերթական ազգամիջյան բախում»։

Մայիսի 23-ին Թբիլիսիի կենտրոնում՝ Կրծանիսիի թաղամասում երիտասարդների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով երիտասարդ է մահացել, վիրավորվել են ևս երեքը: Սպանությունից առաջ կողմերը վիճել են: Վիրավոր քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց առողջական վիճակը ծանր է:

Տեղի ունեցածի հետ կապված Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 108-րդ և 109-րդ հոդվածներով: ՆԳՆ հաղորդմամբ, հանցագործություն իրականացնելու համար մեկ անձ է ձերբակալվել։

Միջադեպըը, հատկապես հայաստանյան մամուլում, տարածվեց շեշտը դնելով բախման մասնակիցների էթնիկ պատկանելիության վրա, ինչպես օրինակ՝ վերնագրվելով «Թբիլիսիում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և քրդերի միջև»:

Հայաստանյան առաջատար «Արմենպրես» լրատվական գործակալությունն առաջիններից էր, որ ներկայացրել էր տեղի ունեցածը, որից էլ մյուս կայքերն արտատպել էին։ Ի դեպ՝ անդրադարձի նախնական նկարը Դմանիսիում օրեր առաջ տեղի ունեցած կոնֆլիկտի կադրերից էր, սակայն ժամեր անց, լուսանկարը փոխվեց:

Մի փոքր ավելի ուշ, պարզ դարձավ, որ բախման հիմքում եղել է գումարային, կենցաղային խնդիր, ու բախման մասնակիցների էթնիկ պատկանելիությունը որևէ կապ չուներ:

Կոնֆլիկտաբան, հասարակական գործիչ Իրակլի Կակաբաձեն խիստ կարևորում է այս իրադարձությունների զգուշությամբ լուսաբանումը։

«Գործ ունենք տեղեկատվական պատերազմների հետ, որոնք արդեն երկար ժամանակ է Վրաստանում կան: Պետք է ուսումնասիրել պատճառները՝ թեև Թբիլիսին միշտ բազմազգ քաղաք է եղել և շատ ու շատ կենցաղային կոնֆլիկտներ են եղել տարբեր էթնոսի ներկայացուցիչների միջև: Քրդական ու ադրբեջանական բնակչությունն էլ երկար տարիներ է բնակվում Թբիլիսիում՝ հարյուրավոր տարիների ընթացքում: Այս պատճառով՝ բացառված չէ, որ սա հերթական կրիմինալ կամ կենցաղային «հարցի լուծում» լիներ»,- ասում է Կակաբաձեն:

Կակաբաձեն թվարկում է նաև, թե ինչը կարող է հակաադրբեջանական տրամադրությունների հիմք առաջացնել.

«Պետք է նշել, որ ավելի քան 20 տարի է Թբիլիսիում նկատվում է ադրբեջանական «Սոկար» նավթագազային ընկերություն կողմից մեծ փողի ծախսումը, ինչը այլ էթնիկ խմբերի կողմից (այդ թվում հենց վրացիների) ընկալվում է որպես «ֆինանսական պատկանելիության խաղ»: Սրան ավելացել են Դավիթ Գարեջիի պատմությունը, Ղարաբաղի պատերազմը, հիմա էլ՝ Դմանիսիի իրադարձությունները»։

Կակաբաձեն ասում է՝ «Բուժման իրական ճանապարհ պետք է լինի Յոհան Գալտունգյան եռակողմ գնահատման մեջ «Ախտանշում, կանխատեսում, թերապիա»։

«Ախտանշումն այն է, որ վրացիներն էլ, քրդերն էլ օսմանյան կայսրությունից մնացած պատմական տրավմաներ ունեն (ինչպես նաև մյուսներից) ու քանի դեռ այս տրավմաները հիմնավորապես չլուծվեն ու չհեռացվեն, մշտապես կարիք կլինի աշխատելու վստահության վերականգման վրա:

Կովկասում բազմաթիվ վերքեր են կուտակված ի դեմս վրացիների, հայերի, քրդերի և մնացածի մասսայական ոչնչացման փաստերի ու մեծ կայսրությունների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) պատմական ավերիչ քաղաքականության հետևանքով: Այստեղ լիովին անընդունելի է բաժանվել գաղափարախոսական բանակների ու կոչ անել «Եթե տրավման չմոռանաս, դա կլինի դավաճանություն»՝ սա կոնֆլիկտաբանական մոտեցում չէ»,- ասում է Կակաբաձեն ու հավելում՝ տրավման պետք է բուժել, ոչ թե անտեսել ու մեջբերում Գալտունգի խոսքերը՝ «մենք պոզիտիվ խաղաղության կարիք ունենք, ոչ թե ընդամենը ոստիկանական «տարանջատում», ինչը Գալտունգը կոչում է «նեգատիվ խաղաղություն»:


 Պիտակներ
         կոնֆլիկտներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb