Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հայկական Չարլին

21:00 23 Հնվ 2018
Դիտումներ 1241
Հայկական Չարլին

1993 թվականին թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան կատակերգու Կարպ ԽԱՉՎԱՆՔՅԱՆԻ հետ «ԱՅՍՕՐ» թերթում տպագրվել է բացառիկ հարցազրույց, որն իր տեսակի և ձևի մեջ լինելով միակը, իր իսկ խոստովանությամբ, հայկական մամուլում առաջին խոշոր հրապարակումն էր իր մասին։ 


Հայկական Չարլին. վեպ-հարցազրույց

ՏՎՅԱԼՆԵՐ

Ծննդյան թիվը՝ 23 (2+3=5, 5-ը խելա­հեղության խորհրդանիշն է)

ամիսը` հունվար,

տարին՝ 1923,

կենդանակերպի նշանը՝ Ջրհոս,

տարվա խորհրդանիշը՝ Վարազ (բարի ծերունու խորհրդանիշ է)

ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թիվը՝ 7,
Գույնը՝ կանաչ, կապույտ. երկնագույն,
Օրր՝ չաշխատանքային,
Ճաշատեսակը՝ այն, ինչ վաղուց չի կերել,
Քաղցրավենիքը՝ պաղ-պա-ղակ,
Խմիչքը՝ ընդհանրապես գինի, հիմա գերադասում է լավ գարեջուրը,
Քաղաքական գործիչը՝ Հայաստա­նում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, ընդհանրապես՝ Ֆրանսուա Միտնուերանը։
Հակում ունի սրտի վիրահատումների. 1-ին անգամ Երևանում՝ սեպ­տեմբեր 1973 թ., 2-րդ անգամ ԱՄՆ-ում՝ 1992 թ., Երկրորդ վիրահատությունը տևել է 6 ժամ, փոխել են սրտի փականը և 3 անոթներ։


Երբ Միացյալ Նահանգներում ներկայացրեց Թոդորոսին («Պահանջվում է ստա­խոս»), գնահատանքն արտասովոր եղավ. «Ո՞վ է ավելի մեծ այսօր, հույն թատե­րագիր Պսաֆա՞ս, որ արտադրեց այս գործը, թե՞ Կարպ Խաչվանքյան, որ կյանք տվեց անոր»։

Երբ մինչև վերջ ճանաչեցին նրա՝ կարպխաչվանքյանական արտահայտչամիջոցները, ապշեցին. «Այնպիսի յու­րահատուկ ձևով կխաղա, որ դիտողին հաճախ կհիշեցնա Չարլի Չապլինին...»։

«Նոր կյանք», հոկտեմբեր 12, 1989թ. Լոս Անջելես


ՄՈՒՏՔ

Եթե կյանքը թատրոն չլիներ, թատրոնը չէր լինի։ Ես կյանքում այլ եմ, բեմում բոլորովին ուրիշ։ Ես սրամտությամբ չեմ փայլում և ինձ չեմ համարում սրա­միտ մարդ, թեև բեմում խաղում եմ միայն նմաններին։ Երբևէ ո՛չ երգել եմ, ո՛չ պարել, ոչ մի բանաստեղծություն չեմ արտասանել և ո՛չ էլ գիտեմ։ Եթե ասեն Կարպ, սկզբից մինչև վերջ մի բանաս­տեղծություն ասա, թե չէ կգնդակահա­րենք, երդվում եմ չգիտեմ ոչ մի հատ, ոչ ռուսերեն, ոչ հայերեն։

1. ԿԱՐԱՊԵՏ ՄԿՐՏԻՉԻ ԽԱՉՎԱՆՔՅԱՆ

Նախնիներս էրզրումցի են։ Այնտեղ կա վանք, որը կոչվում է Խաչվանք կամ Խաչկավանք. ըստ երևույթին այդտեղից էլ բխում է մեր ազգանունը, որքա­նով ինձ հայտնի է։

2. ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Հինգ-վեց տարեկանից տարված էի բե­մարվեստով, այսինքն թատրոնով... Թատ-րո՛ն, այսինքն վարագույր, և վա­րագույրը բացվելուց հետո որևէ բան անելը. դու ինչ-որ բան ես անում, հանդիսատեսը նայում է քեզ՝ դա նրան դուր է գալիս և դու նրան զարմացնում ես։

3. ԴՊՐՈՑ

Ընկերներիս հետ 3-րդ դասարանից դրամատիկական «կրուժոկ» ստեղծեցինք և կոչեցինք ЮТИ - Юные Труженики Искусства: Այն մինչև դպրոցն ավարտելն էլ գոյություն ուներ։ Մենք ավելի շատ զբաղվում էինք թատրոնով քան դպրոցով։

4. ՍՈՎՈՐԵԼԸ

Դպրոցում սովորել եմ միջակ, վատ. հաճախ եմ 2 ստացել։ Բայց, կներեք, իմ մասին ասում էին... ուսուցիչներն էին ասում նա կարող է, բայց չի ու­զում, շատ ծույլ է։ Եվ ես, իրոք, չէի ու­զում սովորել։ Ես ուզում էի միայն թատրոն, ես մտածում էի միայն թատ­րոնի մասին, իմ միտքն ու ուշքը թատ­րոնն էր։ Եվ, այնուամենայնիվ, դպրոցն ավարտեցի 3-ներով, 4-երով. 5-ը՝ ավելի քիչ։

5. ՊԱՅՈՒՍԱԿԸ

Եթե դուք գտնեիք իմ պայուսակը և բաց անեիք, կզարմանայիք, որ այս երիտասարդը. որի վրա գրված էր, ասենք. Хачванкян Карп, ученик 5, 6, 7, 8, 9, класса, а что это за книги у него в портфеле (ծիծաղում է) в основном театральные, и может быть один какой-нибудь учебник завалялся или две, три тетради, երկու, երեք տետր, որտեղ դասերը չէին արված շատ հաճախ։

6. ՉԱՐԱՃՃԻՈՒԹՅՈՒՆԸ

Ես չեմ կարող ասել, որ չար էի։ Բայց չարաճճիությունը դարձյալ կապված էր թատրոնի հետ։ Անգամ մեր չարութ­յունը, այսինքն իմ և ընկերներիս չա­րությունը, թատրոնական չարություն­ներ էին։ Մենք կարող էինք պայմանա­վորվել, որ դասի ընթացքում ես պետք է վեր կենամ (որպես օրենք, եթե չա­նեի, պետք է պատժվեի) ու բարձրա­ձայն արտասանեմ, ասենք, Չադսկու մոնոլոգը։ Կամ, ասենք, մի հիմար բան ասեմ, ձևացնելով ինչ որ տեսարան ներկայացումից։

6ա. ՉԱՐԱՃՃԻՈՒԹՅՈՒՆ + ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ = ԹԱՏՐՈՆ

Մեր չարությունը նաև կայանում էր նրանում. որ մենք շատ էինք տարված երաժշտությամբ, հատկապես ջազա­յին։ Այդ ժամանակ ջազը շատ մոդայիկ էր։ Դուք գիտեք, 30-ական թվականներն էին և ջազը համարյա արգելված էր։ Իսկ մենք հենց ջազ էինք սիրում և երգում։ Ինչ խոսք, մեզ վռնդում էին դասերից, նկատողություններ անում։ Իսկ հետո, երբ մենք ներկայացումնե­րով ապացուցեցինք, երբ դպրոցի ղե­կավարությունը, ուսուցիչները նկատե­ցին, որ մենք բավականորեն տարված ենք թատերական արվեստով, շատ դեպքերում ներում էին մեզ, սիրում էին մեզ, այդքան խիստ չէին վերաբերվում։

7. ԸՆՏԱՆԻՔ

Հիմա ամուսնացած չեմ։ Ամուսնացած էի, ունեմ մի տղա, մի հարս, մի թոռնիկ, որին պաշտում եմ, սիրում եմ ավելի, քան որևէ մի ուրիշ բան աշխար­հում։ Դժբախտաբար մեր ընտանիքը փոքր է։ Նախկին կնոջս հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ՝ ոչ նա ամուսնացավ, ոչ ես, երբ մենք բա­ժանվեցինք։

8. ԲԱԺԱՆՈՒՄ

Բաժանվելը շատ նուրբ հարց է, բանն այն է, որ իմ կինը դերասանուհի չէր, ես դերասան էի...

9. ԱՇԽԱՏԱՆՔ

Շատ դեպքերում ասել եմ. որ ես չեմ սիրում իմ աշխատանքը։ Ես չեմ ուզում աշխատել։ Որովհետև մեծ պատասխանատվություն եմ զգում։ Եվ պետք է ասեմ, ինձ համար ներկայացում խաղալը նշանակում է, օրինակ, պաշտպանել դիսերտացիա, կամ հանձնել պետա­կան քննություն։ Ո՞ւմ դուրը կգա ամի­սը 10 անգամ պետական քննություն տալ։ Այ, երբեմն ասում են՝ Կարպ, դուք սիրում եք, չէ՞, ձեր աշխատանքը . ասում եմ՝ ոչ, չեմ սիրում։ Ինչո ՞ւ։ Որովհետև ես չեմ սիրում քննություն տալ այդքան շատ։

10. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈԻԹՅՈՒՆ

Եթե ինձ ծափ չտային, ես այդքան չէի հուզվի, այդքան չէի վախենա հանդիսատեսից։ Չեմ խուսափում «վախենալ» բառից։ Երբ ծափահարում են, նշանակում է քեզ վստահում են, քեզա­նից պահանջում են հատուկ որակ, հա­տուկ արվեստի աստիճան, որը պետք է բավարարի։ Դու իրավունք չունես անել այնպես, որ դա հանդիսատեսի դուրը չգա։

11. ԴԵՐԱՍԱՆԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Կան այսպիսի դեպքեր՝ տաղանդավոր դերասան է, բայց կաղում է... մի ոտ­քից, և, պատկերացրեք, եղել են դեպ­քեր, երբ երիտասարդները նայելով այդ ձևի դերասանին, ընդօրինակել են նրան, և արհեստականորեն բեմում կաղ են ձևացել, որ նմանվեն այն դե­րասանին, որն իրենց դուր է եկել։ Տե­սեք ինչ պարադոքս է. այդ, ներեցեք «թերությունը» նրա առավելությունն է։ Վերացրեք այդ թերությունը և նա կկորցնի իր դերասանական հետաքրք­րությունը, եթե կարելի է ասել իր հմայքը... Հմայքը, որ կարող է, ասենք, լինել որևէ ֆիզիկական թերություն։

12. ՉԽԱՂԱԼ

Չխաղալ կարո՞ղ եմ... Նախ, չեմ կա­րող, որովհետև ապրել է պետք, և հետո ես ուրիշ ոչինչ չեմ կարող անել։ Ինձ շատ դեպքերում ասել են՝ եթե դերա­սան չլինեիք, ի՞նչ կլինեիք։ Ես ասել եմ, որ ինձ նման անշնորհք մարդը բա­ցի դերասանությունից ուրիշ բան չէր կարող անել։ Ես ինձ չեմ թերագնահա­տում, չկարծեք, չէ, ես իրոք անշնորհք եմ։

- Օրինակ, տաքսու վարորդ չէի՞ք կարող աշխատել։

- Վարո՞րդ, չէ... Պատկերացրեք, այսքան ժամանակ ապրում եմ, կյանքումս մեքենային չեմ մոտեցել սիրողի իմաս­տով, որ ուզենամ վարել, շփվել մեքե­նայի հետ, չէ։ Միայն որպես ուղևոր։

13. ՁԵՎԱՑՆԵԼ

Սա խոսում է դերասանական տաղան­դի մասին։ Կան այնպիսի դերասան­ներ, որոնք կյանքում չեն փայլել ուղե­ղով, բայց բեմում մարմնավորել են կերպարներ, որոնց առանձնահատկությունը եղել է մեծ ուղեղը... ուղեղը և հանճարեղությունը, ուրիշ իմաստով, ասենք փիլիսոփա է կամ ֆիզիկոս, կամ մեծ երաժիշտ... Բայց մարդն էութ­յամբ այդպիսին չէ։ Դրա համար էլ մեր արվեստը կոչվում է խաղալ, ձևացնել։

14. ՓՉԵԼ

Կասեմ, որ ես, ինչ խոսք, անմեղ հրեշ­տակ չեմ։ Ստախոս խաղացել եմ, այո... և, ինչպես ասում են փայլուն։ ԱՄՆ-ում ռեցենզիաներից մեկում գրել էին, որ հազիվ թե աշխարհում գտնվի որևէ այլ դերասան, որը Կարպ Խաչվանքյանից ավելի լավ խաղա այդ դե­րը։

- Իսկ կյանքում չե՞ք ստել։

- Որ ասեմ չեմ ստել՝ սուտ կլինի, բայց շատ չէ։ Մի՞թե վատ է, երբ բժիշկը ստելով օգնում է հիվանդին։ Այդպես շատ եմ ստել։ Ստելով ես օգնում եմ ինչ որ բարի գործի։ Սիրում եմ, նույ­նիսկ ոչ թե ստել, դե այստեղ ստի էլե­մենտը կա, ձեռ առնել մեկ-մեկ, խաղալ հոգու հետ, էդ նույնիսկ սիրում եմ։ Հաշվի առնենք նաև, թե ինչ էր ասում Փչան Թոդորոսը, նա ասում էր՝ ստելը տաղանդ է։

15. ԽԱՂԱԼ+ ՁԵՎԱՑՆԵԼ = ԱՊՐԵԼ

Երբ ես համբուրում եմ, համբուրում եմ իսկապես, ես ստից չեմ անում, գրկա­խառնվում եմ իսկապես։ Երբ ինձ խփում են, խաղընկերոջս ստիպում եմ իսկապես ինձ խփել։ Եվ ինքս էլ աշխատում եմ նույն կերպ վարվել, եթե խաղընկերս հիվանդագին ինքնասիրություն չունի, և դա չի ընդունում որպես անձնական վիրավորանք։

Ըստ պիեսի, ես պետք է խաղընկերոջս հայհոյեմ.

- Դու սրիկա ես։

Նա իրեն վատ է զգամ, ոչ որպես կեր­պար, այլ որպես դերասան և ասում է.

- Կարպ, միգուցե «սրիկա» բառը չա­սե՞ս։

- Ախր ինչու՞ չասեմ, չէ՞ որ այդ պահին ես քեզ պետք է ասեմ։

Կամ.

- Միգուցե այստեղ չխփե՞ս։

Ախր ինչու՞ չխփեմ, չէ՞ որ մենք կռ­վում ենք. ես քեզ պետք է խփեմ, նսեմացնեմ։

16. ԾԱՂԻԿՆԵՐ

Անհամեստ կլինի, եթե ասեմ, թե ինչքան, բայց ուղղակի կասեմ՝ շատ-շատ եմ ստացել։ Ես չէի ասի, որ մի 20-30 տարի առաջ այսքան շատ էին ծաղիկ­ները, չէի ասի։ Թոռնիկս ուղղակի կապշի, եթե ես ներկայացումից վերա­դառնամ առանց ծաղիկների։

17. ՀԱՆԴԻՍԱՏԵՍ

Ընդհանրապես, վատ կամ լավ հանդի­սատես, ըստ իս, չկա։ Կա վատ դերա­սան և վատ ներկայացում և ընդհակառակը։ Մեր հանդիսատեսն անհամե­մատ լավացել է, առաջ այսպես լավ չէին հագնվում, ինչպես հիմա։ Դարձ­յալ պարադոքս է՝ կյանքը դժվարութ­յուններով լի, թանկություն և այլն ու հանկարծ, ընդհակառակը, այսպիսի լավ տեսքով հանդիսատես։ Դա հաճելի է։

Մեր հանդիսատեսը մի հոյակապ հատ­կություն ունի՝ նա շատ անմիջական, շատ ազնիվ է որպես հանդիսատես։ Եթե նա դերասանին գնահատում է, սի­րում, նրա մուտքն է ծափահարում, մո­՛ւտքը։ Դերասանը դեռ ոչինչ չի արել՝ հանդիսատեսը ծափահարում է։

18. ՄԻԼԻՈՆԱՏԵՐ

Միլիոնատե՞ր... Կուզենայի, ինչո՞ւ չէ, հատկապես հիմա կուզենայի։ Բայց պետք է ավելացնեմ, մինչ այս նոր կարգերը ևս արծաթապաշտ չեմ եղել։ Երբե՛ք... Անտարբեր եմ եղել փողի նկատմամբ Ապացո՞ւյց։ Ես այն դերա­սաններից եմ, ով միշտ հրաժարվել է թատրոնից բացի այլ բանով զբաղվե­լուց։ Ինձ շատ են հրավիրել ռադիո, հեռուստատեսություն, կինո, բայց ես հրաժարվել եմ։ Չէ, հատուկ փողի հա­մար երբեք չեմ աշխատել։ Համարյա միշտ ստացել եմ բարձր ռոճիկ, դա կոչվում էր «պատալոկ», հայերեն չես ասի «առաստաղ»։ Ռոճիկի «պատալոկը» վերջին տարիներին եղել է 300 ռուբլի և դա ինձ, պատկերացրեք, բավարարել է։

19. ДЕВИЗ

Կար ժամանակ (ծիծաղում է), երբ աշ­խատում էի կրկնել Օմար Խայամի բա­ռերը.

Вино ведь мира кров,
А мир наш кровописец,
Так как же не пить кровь
Кровного врага.

Ուզում է ասել ինչո՞ւ չխմել գինին, չէ՞ որ այն աշխարհի արյունն է, իսկ աշ­խարհը մեր արյունը ծծողն է, է՜ քո ար­յունը ծծողի արյունը ո՞նց չխմես։ Դրա­նով ես արդարացնում էի այն հանգամանքը, որ ես սիրում էի... խմե՜լ, քե՜ֆ անել, ուտել-խմել։ Կար ժամանակ, երբ ես կորում էի ռեստորաններում, իսկ հիմա դեղատներում եմ կորում։

Ես բոհեմայի մարդ եմ եղել միշտ, եթե չլիներ երկրորդ վիրահատությունը։ Ինչ խոսք, չեմ ընդունում խմած բե­մում՝ երբեք, երբեք: Երիտասարդ էի, ինձ թույլ էի տալիս, բայց հետո՝ երբեք։

20. ԱՍՏՎԱԾ

Ի՞նչ եք կարծում, մի մարդ, ում ազգանվան մեջ կա խաչն ու վանքը, ինչպե՞ս կարող է վերաբերվել... Ես հավատում եմ։ Երբ ճակատագիրը ստիպում է հաճախակի կանգնել հիվանդությունների, նույնիսկ մահվան եզրին, ակամայից դիմում ես Աստծուն, որ քեզ օգնի։

21. ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐ

Եթե ստեղծվի առիթ, դեմ չեմ լինի ծանոթանալ այմոլորակային որևէ կնոջ հետ, թերևս կուզենայի տեսնել, թե այնտեղ կանայք ինչպիսին են։

- Հետաքրքիր է ինչո՞ւ հատկապես կանայք։

- Կնոջից ավելի լավ բան, որն ստեղծել է բնությունը, դժվար է պատկերացնել։

22. ԵՐԱԶՆԵՐ

Ա. Գունավոր երազներ չեմ տեսնում, միայն սև ու սպիտակ։ Պետք է ենթադ­րել, որ գունավորը ավելի գեղեցիկ է, բայց նայած թե ինչ ես տեսնում։

Բ. 13-ը սեպտեմբերի 1993 թ.՝ այսօր երազ չեմ տեսել։

Գ. Առաջ շատ մեծ նշանակություն էի տալիս դրանց։ Միշտ երազներ եմ պատմել տատիկներին, թատրոնում մեծահասակ դերասանուհիներին։ Ես ազդեցության տակ էի ընկնում։ Աստ­ված չաներ տեսնեի մի երազ, որը վատ բան նշանակեր։ Ես էմոցիոնալ մարդ եմ։ Եթե կատու անցնի... о՜. եթե վատ երազ, օ՜... Սնապաշտ եմ, այո։

- Հանկարծ ու կատու անցավ։

Եթե կատուն անցնի իմ առջևից. սպա­սում եմ մինչև մեկ ուրիշն անցնի։ Ճիշտ է, այդ ժամանակ ես, որպես մարդ, այդքան էլ չեմ հարգում ինձ, որովհետև մտածում եմ՝ Կարպ, դու թողնում ես, որ վատ բանը նրա հետ պատահի... չէ. ազնիվ խոսք, նրան վա­տություն չեմ ցանկանում։

- Իսկ եթե մարդ...

Իսկ եթե մարդ չկա. ներեցեք, ինչպես ընդունված է, ը... թքում եմ ձախ ու­սից թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, ապա անցնում։ Անընդհատ կամ թքում եմ կամ փայտին խփում, փայտ չլինելու դեպքում ճակատիս եմ խփում... որ վատ բան չկա­տարվի...

ՎԵՐՋԱԲԱՆ

...որ վատ բան չկատարվի։


Պատրաստեց Գագիկ Ղազարէն՝ 30 սեպտեմբեր, 1993թ., «Այսօր»

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր օգոստոսի 19-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 26
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Դասը վարում է. Ուինսթոն Չերչիլը
21:00 18 Օգս 2018
Դիտումներ 25
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր օգոստոսի 18-ն է
08:00 18 Օգս 2018
Դիտումներ 27
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ալեքսանդր Ազարյանը` ՀՔԾ պետի մասին
13:58 17 Օգս 2018
Դիտումներ 46
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ