Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄՏՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Սլավոմիր Մրոժեկ. Առյուծը

21:00 09 Օգս 2018
Դիտումներ 558
Սլավոմիր Մրոժեկ. Առյուծը

Լեհ արձակագիր, դրամատուրգ, նկարիչ: Ծնվել է 1930թ. հունիսի 29-ին Բոժենչին գյուղում: Կրակովի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետում սովորելուն զուգահեռ այցելել է նաև Կրակովի Գեղարվեստի ակադեմիա: Առաջին ֆելիետոներն ու հումորեսկները լույս են տեսել 1950-ին: 1963-ից որպես էմիգրանտ ապրել է Իտալիայում և Ֆրանսիայում, 1990-ից` Մեքսիկայում: 1998-ին վերադարձել է Լեհաստան: Իրավացիորեն համարվում է դասական, 20-րդ դարի ամենահանրաճանաչ դրամատուրգներից մեկը:

Կեսարը նշան արեց: Վանդակավոր դուռը բացվեց և սևախորշից ահագնացող ամպրոպի որոտ հիշեցնող ձայներ լսվեցին: Քրիստոնյաները խմբվեցին խաղահրապարակի միջնամասում: Ամբոխը վեր ելավ տեղից, որպեսզի ավելի լավ տեսնի: Ցած թափվող ժայռաբեկորների նման հրապարակ լցվեց խուլ մռնչյունը, հիացական բացականչություններն ու հուսահատական ճիչերը: Թաթերն արագ ու փափուկ գցելով` առաջին առույծը դուրս ելավ: Խաղերն սկսվեցին:

Բոնդանի Կայուս անունով պահակը, որ զինավորվել էր երկար ձողով, ստուգեց, թե արդյոք բոլոր գազաններն են մասնակցում ահեղ խաղին: Նա արդեն պատրաստվում էր թեթևացած շունչ քաշել, երբ տեսավ, որ առյուծներից մեկը, բոլորովին չշտապելով առաջ գալ, հենց դարպասների մոտ հանգիստ գազար էր ուտում: Կայուսը փշտռկեց, քանի որ պարտավոր էր նաև հսկել, որ որևէ գազան աննպատակ ման չգա հրապարակում: Նա մոտ եկավ առյուծին, այնքան, որքան թույլ էին տալիս անվտանգության և աշխատանքային հիգիենայի կանոնները, և ձողը դեմ տալով գազանի քամակին, սկսեց բզել, որպեսզի կատաղեցնի նրան: Ի զարմանս Կայուսի, առյուծն ընդամենը շուռ եկավ ու շարժեց պոչը: Կայուսը նորից բզեց գազանին, այս անգամ փոքր-ինչ ուժեղ:

- Յա’ն տուր,- պատասխանեց առյուծը:

Կայուսը քորեց ծոծրակը: Առյուծը ոչ երկիմաստ հասկացնել տվեց, որ քարոզելու հարկ չկա: Կայուսն անչար մարդ էր, բայց վախենում էր, որ վերակացուն, տեսնելով իր անփութությունը, իրեն էլ կդատապարտի: Մյուս կողմից` նա չէր ուզում գժտվել առյուծի հետ: Այդ պատճառով էլ փորձ արեց համոզել նրան:

- Գոնե ինձ համար, մի բան արա,- ասաց նա առյուծին:

- Հարիֆ չկա,- պատասխանեց առյուծը, շարունակելով կրծել գազարը:

Բոնդանի Կայուսը մեղմեց ձայնը:

- Ես չեմ պահանջում, որ դու անմիջապես որևէ մեկին խժռես, բայց գոնե մոտ գայիր, մռնչայիր, հենց այնպես, ալիբի ունենալու համար:

Առյուծը պոչով արեց.

- Ես ախր ասացի քեզ` հիմար չկա: Կտեսնեն ինձ նրանց մեջ ու կհիշեն, իսկ հետո գնա ու ապացուցիր, որ դու ոչ մեկին չես կերել:

Պահակը հոգոց հանեց: Հետո թախծոտ նրբերանգով հարցրեց.

- Բայց, իսկապես, ինչն է քեզ խանգարում:

Առյուծն ուշադիր նրան նայեց:

- Դու ասացիր ալիբի ունենալու մասին: Միթե մտքովդ չի անցել, թե ինչու այս պատրիկներն իրենք չեն դուրս թռչում հրապարակ ու լափում քրիստոնյաներին, փոխանակ մերոնց` առյուծներին բանեցնեն:

- Չգիտեմ: Բայց սրանք բոլորն էլ ծեր մարդիկ են, տկար ու անշունչ:

- Ծեր են, բա չէ,- փնթփնթաց առյուծն ու խղճահարությամբ նայեց պահակին,- դու քաղաքականությունից ոչինչ չես հասկանում: Պարզապես նրանք ուզում են ալիբի ունենալ:

- Բայց խի:

- Որովհետև նորն արդեն ծիլեր է տալիս: Պատմության մեջ միշտ պետք է կողմնորոշվել նորով,այսինքն` ինչը որ ծիլեր է տալիս: Միթե երբէ չես մտածել, որ իշխանության կարող են գալ քրիստոնյաները:

- Նրանք իշխանությա՞ն:

- Իհարկե: Ընդամենը պետք է կարողանաս տեսնել, թե ինչ կա տողատակում: Ինձ մի տեսակ թվում է, որ Կոստանդիանոս Մեծը, վաղ թե ուշ, կպայմանավորվի նրանց հետ: Իսկ երբ ամեն ինչ վերանայեն ու սկսվի ռեաբիլիտացիան, այս օթյակավորների համար հեշտ կլինի ասել. «Մենք չենք արել: Առյուծներն են»:

- Ահա թե ինչ: Ես այդ մասին չեմ մտածել:

- Բա, տեսնում ես: Բայց թքած դրանց վրա: Ես սեփական կաշվիս համար եմ վախենում: Եթե բանը դրան հասնի, ապա բոլորը տեսել են, որ ես գազար էի ուտում: Թեև, ճիշտն ասած, սիրտս խառնում է գազարից:

- Բայց, այդուհանդերձ, ցեղակիցներդ հավեսով ուտում են այս խեղճ քրիստոնյաներին,- չարախնդորեն ասաց Կայուսը:

Առյուծն այլայլվեց:

- Պարզամիտներ: Կույր պատեհապաշտներ: Ինչի ասես` կգնան: Գաղութային խավարամտություն:

- Լսիր…,- կմկմաց Կայուսը:

- Ինչ:

- Եթե այդ քրիստոնյաները… դե ոնց ասեմ…

- Քրիստոնյաներն` ինչ:

- Դե, եթե գան իշխանության…

- Որ գան` ինչ:

- Դու չէիր կարող վկայել, որ ես քեզ ոչինչ չեմ պարտադրել:

- Salus rei publicae summa lex tibi est* ,- հորդորեց առյուծն ու շարունակեց ուտել գազարը…

*Հանրության բարօրությունը բարձրագույն օրենք է (լատ.)

Թարգմանությունը` Աշոտ Խաչատրյանի

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

ԱԺ-են անցել երեք քաղաքական ուժ
10:02 ԱՅՍՕՐ
Դիտումներ 27
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 10
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 205
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 10-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 106
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Քվեարկությունն ավարտվեց
20:00 09 Դեկ 2018
Դիտումներ 33
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 9
09:30 09 Դեկ 2018
Դիտումներ 236
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 9-ն է
08:00 09 Դեկ 2018
Դիտումներ 14
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ