Վաճառվել է Էյնշտեյնի «Աստծո մասին» նամակը

Ալբերտ Էյնշտեյնի նամակը Christie’s աճուրդում վաճառվել է 2,892,500 դոլարով: Նամակը, որ 1,5 էջից մի փոքր է ավելի, գրվել է գիտնականի մահից մեկ տարի առաջ՝ 1954 թվականին և հասցեագրված է Էրիկ Գուտկինդին:
Այն կոչվում է «Նամակ Աստծո մասին», քանի որ ներկայացնում է Էյնշտեյնի վերաբերմունքն Աստծո և հուդայականության նկատմամբ: «Աստված բառն ինձ համար ոչ այլ ինչ է, քան մարդկային թուլությունների արտահայտություն և արգասիք, Աստվածաշունչը ընթերցվող, բայց, միևնույն է, պարզունակ լեգենդներ են»,- գրել է Էյնշթեյնը Գուտկինդին: «Ոչ մի մեկնություն, որքան էլ նրբիմաստ լինի, (ինձ համար) այս հարցում որևէ բան չի փոխում»,- նշել է նա:
Գուտկինդի «Կյանքի ընտրություն. Ըմբոստության աստվածաշնչյան կոչ» գրքում հուդայականությունն ու Իսրայելը բնորոշվում են որպես էթիկապես անձեռնմխելի բաներ:
Էյնշտեյնը նամակում գրում է, որ հպարտանում է իր հրեական ծագմամբ, սակայն հուդայականությունից հիասթափվել է՝ այն անվանելով «պարզամիտ սնահավատություն»: