Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Արբակ Խաչատրյան. «Ավելի դրամատիկ կլիներ, եթե Պուտինը ուտելիք ուղարկեր բանտախուց…»

20:00 14 Սեպ 2018
Դիտումներ 1007
Արբակ Խաչատրյան. «Ավելի դրամատիկ կլիներ, եթե Պուտինը  ուտելիք ուղարկեր բանտախուց…»

Scannews-ի զրուցակիցն է իրավապաշտպան, վերլուծաբան Արբակ Խաչատրյանը (Մոսկվա)։

Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս կգնահատեիք հետհեղափոխական Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ ներքաղաքական և արտաքին քաղաքականության դիտանկյունից։

Ես չէի շտապի դա հեղափոխություն կոչել, քանի որ հեղափոխության ժամանակ՝ամբողջ համակարգն է փոխվում։ Մինչդեռ այսօր էլ շարունակում են գործել նախկին ինստիտուտները, ԱԺ-ն, դատաիրավական, բանկային ու ֆինանսական համակարգերը։ Գործում են բոլոր այն ինստիտուտները, որոնք թե՛ իրենց «ներդրումն» են ունեցել, թե՛ պատասխանատու են երկրում ստեղծված իրավիճակի համար: Աշխատում են բոլոր այն օղակները, որոնց վերջին՝ 20 տարիների պահվածքն ու գործելաոճը ազգային անվտանգության տեսանկյունից իրենցից մեծ վտանգ են ներկայացրել: Ոչ մի թշնամի ի զորու չէր այնքան վնաս հասցնել ՀՀ-ին ու հայ ժողովրդին, որքան վնաս հասցվեց վերջիններիս ապազգային գործելաոճի պատճառով: Ու քանի դեռ այդ ինստիտուտները կան, գոյություն ունեն, ուրեմն կատարվածը հեղափոխություն անվանելն, ըստ իս, ճիշտ չէ։

Այժմ կատարվածի մասին. դա ժողովրդի ճիչն էր, ապօրինություններից կշտացածների, արդարություն ու արդարադատություն տենչացողների ճիչը: Հենց այդ մարդկանց Նիկոլ Փաշինյանը գլխավորեց: Եթե այդ շարժումն ու նույնով պայմանավորված փոփոխությունը չլիներ, ապա իրավիճակը շատ ավելի պայթյունավտանգ կդառնար։ Հայաստանը կարող էր հայտնվել  նույն այն իրավիճակում, որում հայտնվել են Ուկրաինան և Սիրիան: Այդ իսկ պատճառով էլ հզոր երկրների ջանքերով Հայաստանը խուսանավեց պատերազմական իրավիճակից: Աշխարհաքաղաքական գերակայություններն ու ժողովրդի ներքին, ահագնացող բողոքը հանգեցրին իրավիճակի փոփոխության: Բայց նորից կրկնեմ, կատարվածը ավելի շուտ իշխանափոխություն էր, այլ ոչ՝ հեղափոխություն։

Այդ դեպքում ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, որոնք իրապես կհանգեցնեին իրական հեղափոխության։

Նկատելի բացը՝ կադրերի պակասն է: Ես սա շատ եմ կարևորում: Տարբեր տարիների իմ հրապարակումներում ես քանիցս անդրադարձել եմ այս խնդրին: Ձեզ մտորման  մղող մի դիտարկում ներկայացնեմ: 20 տարի շարունակ երիտասարդներն այլ ուղենիշներով են կրթվել: Նրանք  տեսել են, թե զարտուղի ինչ ճանապարհներով և կայծակնային ինչ արագությամբ են մարդիկ հարստացել, ում ձեռքին են հայտնվել նյութական միջոցները, ինչպես են ծնունդ առել ապօրինի հարստացածներին ծառայող լրատվամիջոցները, ում համար են աշխատում  օրենսդիր ու գործադիր իշխանությունները, չինովնիկական ամբողջ ապարատը: Ի սեր անկեղծության պիտի նշեմ, որ հիշատակածս օղակներում, հարկավ, աշխատել են նաև ազնիվ մարդիկ, բայց աշխատատեղերի ստեղծման հիմքում ընկած են կեղտոտ գումարներ: Ու հիմա նույն այդ երիտասարդները ցանկանում են երկրում ինչ-որ բան փոխել, արդարություն հաստատել: Իմ դիտարկմամբ սա միանգամայն ողջունելի, բայց դժվար իրագործելի նպատակ է, քանի որ խանդավառ երիտասարդները դրան տեխնիկապես պատրաստ չեն։ Էլի եմ ուզում շեշտել. Նյութական միջոցները կենտրոնացած են ուրիշ՝ անմաքուր ձեռքերում: Օրերս հրապարակված գաղտնալսման ձայնագրության պատմությունը՝ ասածներիս հավաստումն է: Դա հավելյալ ապացույցն էր նրա, որ վերջին 20 տարիներին բոլոր ապարատներն աշխատել են  հիշատակածս մի քանի ընտանիքների համար: Նրանց նշանակած կադրերն ու ստվերային տեխնիկական միջոցները շարունակում են իրենց սև գործը: Ինչ եք կարծում, իրականացված մի քանի փոփոխությամբ հիշատակածս օղակները կսկսե՞ն աշխատել նորովի, ի շահ երկրի անվտանգության: Կարծում եմ պատասխանն ինքնին պարզ է: Հիմա հեշտ է ոլորտի իրավասուներին մեղադրել անճարության, մասնագիտական թերացումների ու  խոցելիության համար: Անհրաժեշտ է գիտակցել շատ կարևոր բան. շուրջ 20-25 տարի երկիրը դարձել էր լրտեսների որջ, ինչը ենթադրաբար մահացու վտանգ է դարձել երկրի անվտանգության համար: Իսկ ստեղծված փակ համակարգն էլ տարիներ շարունակ թույլ չի տվել առկա խնդիրների մասին բարձրաձայնել, ընդվզողներին էլ վերացրել են։

Դատաիրավական համակարգի անպատժելի գործունեության մասին թերևս բոլորը գիտեն: Ժողովուրդը մշտապես ականատեսն է եղել նրա, թե ինչպես են դատավորները վավերացնում դատարաններում վիճարկվող ընտրական ապօրինությունները: Ու այսօր այդ դատավորներից արդարադատություն պահանջելն, ըստ իս՝ աբսուրդ է։

Ես սպասում էի, որ ժողորդի կողմից մանդատ ստացած Նիկոլ Փաշինյանը առաջին իսկ գործողությամբ կլուծարի ԱԺ-ն ու կհայտարարի նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: Բայց դա տեղի չունեցավ: Երկրորդ և երրորդ նախագահների համար աշխատած այդ որջը մնաց: Գիտեք այստեղ ինչն է խիստ տարօրինակ: Աբսուրդ չէ,արդյոք, երբ այդ որջը որպես վարչապետ ընտրում է Սերժ Սարգսյանին, ժողովուրդը չի ընդունում, իսկ երբ Նիկոլ Փաշինյանին է ընտրում, ժողովուրդն ընդունում է։ Սրան օրինական աբսուրդություն, նոնսենս  որակումը տալուց բացի,այլ բան չի մնում: Էլ ինչի՞ էր պետք այդ ֆիկցիան։

Դուք նկատի ունեք ԱԺ-ն նույն կազմով պահե՞լը։

Այն ամբողջովին պետք էր լուծարել ու ժամանակավոր կառավարություն ստեղծել։ Ստացվում է այնպես, որ դու՝ նույն հանցագործ կազմին ես օգտագործում քո օգտին։ Մինչդեռ խնդիրը հենց այդ բալաստից ազատվելը պիտի որ լիներ:

Շատ է խոսվում և օրակարգային համարվում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը: Նշվում է նաև, որ ժամանակ է պետք դրա նորմալ կազմակերպման համար։

Մեկ է՝ ինստիտուտները չեն աշխատում, իսկ ամբողջ հանցագործ կազմն էլ աշխատելու է դեմ։ Նրանք գրեթե բոլորն ընտրվել են կեղծիքով։ Իհարկե, նրանց մեջ կան նաև մարդիկ, որոնք հարկադրված են համակերպվել՝ իրենց ընտանիքները պահելու համար։ Ընտրությունները Հայաստանում մշտապես կեղծվել են, և դրա հիմքը դրվել է 1996 թվականին։ Թերևս հիշում եք Վազգեն Սարգսյանի ելույթը։ Հասկանում եք, 20-25 տարի շարունակ իրականության հետ աղերսներ չունեցող պատկեր է ներկայացվել, իրականությունը իսպառ խեղաթյուրվել է: Ու սա, ավաղ, «ինստիտուցիոնալացվել» է: Իսկ այս հենքի վրա նորը ստեղծելն, ըստ իս՝ անհնար է։

Այսինքն, պահի տեսակետից արտահերթ ընտրությունների անցկացումը ուշացա՞ծ է, չի՞ կարող փրկել իրավիճակը։

Գիտեք՝ ինձ թվում է, որ նոր-նոր են հասկանում գործած սխալները: Անհրաժեշտ ու փափագելի նորությունները ժամանակի հրամայական են դարձել ու դրան վաղ թե ուշ գալու են: Բայց Փաշինյանն իր թիմով միայնակ  դրան հասնել չի կարող։ Այս առումով ես ունեմ իմ դիտարկումները, որոնք էլ կփորձեմ ներկայացնել:

Առաջինը՝ անհրաժեշտ է, որ այն պետությունները, որոնք շահագրգռված են տարածաշրջանում իրավիճակի կայունությամբ և նպաստում են դրա պահպանմանը, հստակ գիտակցեն, որ  պատերազմական իրավիճակի առաջացման դեպքում՝ արտահոսքը դեպի իրենց երկրներ կտրուկ ավելանալու է: Երկրորդ դիտարկումս ածանցվում է առաջինից՝ նրանք պետք է նպաստեն այդ երկրների գող ավազակների բանկային հաշիվները սառեցնելուն: Նույն ՌԴ-ին էլ պետք է այդ հարցով դիմել: Ես մամուլով այդ մասին բարձրաձայնել եմ, նշել եմ, որ խնդրում եմ ձերբակալել հանցագործներին ու հայ ժողովրդից թալանված գումարները վերադարձնել ՀՀ-ին։

Հա, ի դեպ, շատ է խոսվում «Մեծ եղբոր» կողմից իրականացված «Գույքի պարտքի դիմաց» ստրկացուցիչ գործարքի մասին: Հարկ եմ համարում նկատել՝ դա ո՛չ Պուտինի ցանկությունն է եղել, ո՛չ էլ ինչ-որ մեկի, այդ գործարքը «գլուխ բերած» միջնորդները  մեծ փողեր են աշխատել։ ՌԴ-ի համար 105 մլն դոլարն ի՞նչ գումար է, որ նա «Գույք պարտքի դիմաց» ձևակերպմամբ ստացել է Հայաստանից։ Հասկանո՞ւմ եք, այս ամենի անվան տակ ահռելի գումարներ են աշխատվել։ Այս հարցով ևս պետք է զբաղվել, պարզել իրողությունը, վերականգնել կորցրածը: Գործարքի «սև» հատվածի «վերծանմանը», ըստ իս պիտի նպաստեն նաև ՌԴ օրինապահները:

Իսկ դա հե՞շտ գործընթաց է, ըստ Ձեզ։

Գիտեք, ազնիվ մարդիկ կան ամենուր: Այսօր, երբ ի հայտ են գալիս գողության ու թալանի սահմռկեցուցիչ փաստեր, բացվում են քրեական գործեր՝ արդարադատության հույսը էապես  ավելանում է: Ու այս պարագայում չեմ կարծում, որ ինչ-որ մեկը գործընթացին դեմ դուրս գա։ ԱԱԾ-ն ինչո՞վ էր մինչ այսօր զբաղված: Անհրաժեշտ էր եվրոպական երկրների անվտանգության ծառայություններին, Հետախուզությունների Դաշնային Բյուրոյին հարցումներ ուղղվեին, թե այդ չինովնիկներին, նրանց ընտանիքի անդամներին, մահամերձ բիզնեսմեն տատիկներին որտեղից այդ գումարները, այդ 100-ավոր միլիոնները: Մի՞թե անհնարին էր դա պարզել։ Իմ համոզմամբ՝ սա չի արվել արդեն նշածս փակ համակարգի պատճառով: Եթե բացեին, ապա այսօր խաղը լրիվ ուրիշ ընթացք կունենար։

Ինչպե՞ս կմեկնաբանեք Ռոբերտ Քոչարյանի կալանավորման, ազատ արձակման, Վլադիմիր Պուտինի կողմից նրան շնորհավորելու դրվագները։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին: Երբ ինձ ասացին, որ Պուտինը զանգահարել և շնորհավորել է նրան ծննդյան տարեդարձի կապակցությամբ, հետևաբար  նրան պաշտպանում է, ես ասացի, որ ավելի դրամատիկ կլիներ, եթե Պուտինը շնորհավորեր բանտարկյալ Քոչարյանին: Էլ ավելի դրամատիկ կլիներ, եթե Պուտինը շնորհավորելուց զատ նաև ուտելիք ուղարկեր կալանավորված ընկերոջը:  Դա ցույց կտար, որ նա աջակցում է  «նեղի մեջ» հայտնված ընկերներին, թեկուզ՝ հանցագործ։

Ճիշտ է, այս նոր կառավարությունը զերծ չմնաց որոշակի սխալներից, նկատի ունեմ Խաչատուրովի հետ կապված պատմությունը (պետք է նա հետ կանչվեր նոր ձերբակալվեր, դա միջպետական հարց էր), բայց նաև այն համոզմանն եմ, որ հանցագործները պետք է բոլորը պատժվեն, անխտիր բոլորը: Վտանգավորը նաև գիտեք որն է, ժողովրդից միլիարդներ թալանած անձինք՝ պաշտպաններ են վարձում, վերջիններիս ջանքերով փորձում սրբագրել իրենց կենսագրությունը և  նույն՝ հիշողությունը չկորցրած ժողովրդին ներկայանալ իբրև հրեշտակներ: Դրա պատճառով էլ ժողովրդի մոտ ավելի է արմատավորվում՝ «թալանեցին, բայց էլի ինչ ուզում անում են» կարծրատիպը։ Հենց սա է վտանգավորը, այսինքն՝ հանցագործը բոլորի մոտ տպավորություն է թողնում, որ շարունակելու է մնալ անպատժելի։

Պատկերացրեք, թե ՀՀ-ն ինչ էին դարձրել․ ամեն ինչ իրենցով էին արել, նրանց խորթ էր պետական մտածողությունը, նրանց օրոք ժողովուրդն օտարված էր երկրի կառավարումից: Այսօր կատարվածի մեջ շատերն են մեղադրում ՌԴ-ին, ձևավորված կարծիք կար, որ իշխանությունները վայելում են Կրեմլի աջակցությունը: Կարծում եք Ռուսաստանում լիովին տեղյա՞կ են եղել, թե ինչ են անում այստեղ՝ ժողովրդի հետ։ Կրեմլին ընդամենը ձեռնտու է եղել, որ այստեղից մարդիկ գնան իրենց մոտ աշխատելու։

Ռոբերտ Քոչարյանի մասով կարծում եք հնարավորություններն ավարտվա՞ծ են: Խոսվում էր նաև անցումային արդարադատության մասին, քանի որ նման ելքը հիմնականում պատճառաբանվեց դատավորի անձով։

Վճռաբեկ Դատարանը, Սահմանադրական դատարանը վերջին 25 տարում որևէ բան հաստատե՞լ են: Ընտրությունների ժամանակ՝ հատկապես։ Ինչ ցանկացել են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը՝ դա էլ հաստատել են։ Զուտ նրանց ցանկությունն են կատարել։

Բայց հիմա իշխանության ղեկին ո՛չ Սերժ Սարգսյանն է, ո՛չ էլ Ռոբերտ Քոչարյանը։

Իրենք չեն՝ իրենց նշանակած դատավորներն են։ Ես ինչու եմ ասում, որ ԱԺ-ն պետք է լուծարվեր: Ասում եմ, քանի որ գործող  Սահմանադրությունն էլ  է ընդունվել հատուկ իրենց համար։ Ինչ եք կարծում, պետության ու ժողովրդի դեմ հանցագործություն կատարող անձը, անձինք, ինչպես կարող են օգտվել անձեռնմխելիության իրավունքից, ինչպես կարող են ժողովրդին թալանած, նրան աստանդական դարձրած մարդիկ մնալ անպատիժ։ Հենց այդ «արտոնյալներն» են մեր երկիրը հասցրել այս վիճակին։ Դրա համար ի՞նչ անձեռնմխելիության մասին է խոսքը։

Երկիրն ամբողջովին վաճառված է։ Հանքերն ու մնացած ամեն բան աշխատել են զուտ նրանց ընտանիքների համար։ Շրջափակման պատճառով  Հայաստանը չի կարողանում լիարժեքորեն գործակցել Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ: Այս ուղղությամբ ևս պետք է աշխատանքներ տարվեն:

Կարո՞ղ եք ամփոփել ՀՀ վարչապետի արտասահմանյան այցերը։ Ի՞նչ անդրադարձներ, ի՞նչ գործնական ձեռքբերումներ եղան։

Նախ նշեմ, որ Հայաստանում արձանագրված փոփոխությունները աշխարհի, հատկապես Արևմուտքի կողմից  լավ ընդունվեցին: Տարբեր ամբիոններից այդ փոփոխություններին սատարելու պատրաստակամություն հայտնվեց: Ինչ վերաբերում է ՌԴ-ին. Ռուսաստանը նախ չէր կարող երրորդ ճակատ բացել (Ուկրաինային ու Սիրիային զուգահեռ), բացի այդ Ռուսաստանի համար դեռևս թարմ է նաև Վրաստանի դասը։ Գրեթե միշտ ՌԴ կազմում եղած Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունները  հայտնի պատճառներով լրջորեն խաթարվեցին: Դա Ռուսաստանի համար ուսանելի դաս եղավ, այնպես որ նա չէր կարող նույն կերպ վարվել նաև Հայաստանի հետ։

Մեկ այլ հարցի մասին ևս: Մոսկվայում երբ ես խոսում եմ մարդկանց հետ, ովքեր շարունակում են մնալ Սարգսյանի ու Քոչարյանի ընկերները, իբրև կարևոր կռվան նրանք մատնանշում են, որ Փաշինյանը դեռ տնտեսական ծրագիր չունի, ու դա շատ վտանգավոր է։ Բայց ես նրանց հիշեցնում եմ, որ նախորդ երկուսն էլ չունեին, ու իրենք ստիպված համաձայնում են։ Ստեղծված իրավիճակում, եթե փոքր-ինչ անկեղծ լինենք,պիտի նկատենք, որ Ռուսաստանը կարող էր վարվել իր ուզածի պես, քանի որ ՀՀ-ն գրեթե իր տարածքն է դարձել, այն տարբերությամբ միայն, որ ՀՀ ժողովուրդը չի ստանում այն թոշակն ու աշխատավարձը, ինչ ռուսները։ Բայց ստեղծված իրավիճակի նրբությունները նույն այդ Ռուսաստանին հարկադրում են հաշվի նստել նորահայտ իրողությունների հետ՝ ճակատագրական սխալ թույլ չտալու համար: Ե՛վ Պուտինի հետ հանդիպումը, և՛ Եվրոպայի ղեկավարների հետ հանդիպումները, և՛ ՀՀ-ի վերաբերյալ թերթերի հրապարակումները վկայում են այն մասին, որ բոլորի համար շատ բան դեռևս անհասկանալի է։ Առկա է նաև այս ամենը կորցնելու մտավախություն: Դա այն է, ինչ ինձ սարսափի է մատնում: Ժողովրդի հեթական հիասթափությունը Հայաստանի համար իսկապես կործանարար կարող է լինել: Դա կարող է անդառնալի շեմ դառնալ:

Իսկ ի՞նչ է պետք անել՝ այդ շեմին չհասնելու և ձեռքբերումները զարգացնելու համար։

Առաջինը՝ անհրաժեշտ է պետական ինստիտուտների բնականոն գործունեությունը վերականգնել, մտածելու, աշխատելու կարող կադրեր գտնել: Ճշգրտորեն հաշվարկել աշխարհաքաղաքական զարգացումների նրբերանգները: Ճիշտ ընտրության, ճշգրիտ քայլերի դեպքում երկրի տնտեսությունը վերականգնելը, Հայաստանին տնտեսապես պահելը էապես կդյուրինանա։ Իսկ դրա համար հարկավոր է ձերբազատվել այս տարիներին կուտակված աղբից: Հանցագործներին բանտ նստեցնելը չէ գերխնդիրը: Գերխնդիրը՝ վերջիններիս ստվերային գործունեության հնարավորությունից զրկելն է:

Իսկ կա՞ տեսլական, որը կցանկանայիք ներկայացնել, այլ կերպ ասած՝ ձեր խորհուրդը հղել։

Եթե կարդաք 2003, 2005թվականներին հրապարակված իմ հոդվածները «Аргументы Недели»-ում, որտեղ ես լուծումներ էի առաջարկում Ուկրաինայի ու Սիրիայի մասով, ապա կզարմանաք: Իսկ այն ժամանակ ինձ վրա ծիծաղում էին։ Հիմա եթե Ձեր հարցի պատասխանը տամ, ինձ վրա նորից կծիծաղեն:

ՌԴ-ում 6 տարի շարունակ ես պայքարում էի, որ բանկերի վարկերը ժողովրդին ներվեն ու համարյա հասա նրան, երբ սկսեցին ներել: Դատարանները սկսեցին  հակամարդկային ու խիստ տմարդի որոշումներ չընդունել, մարդկանց ձեռնունայն ու անտանիք չթողնել: Հիմա արդեն Մոսկվայում, չեն կարող գալ ու մարդկանց տունը նրանց ձեռքից խլել։ Ես նույն բանը գրել եմ նաև վարչապետին։ Երեխաների ուսման վարձի, գրենական պիտույքների, հագուկապի պարագաների համար կոպեկներ վերցնողին այսօր բանկերը չեն ներում, նրանք իրենց ամբողջ կյանքի ընթացքում իրենց քրտինքի հաշվին ստեղծած տներն են րոպեների մեջ կորցնում: Բայց չէ որ նույն այդ պարտատուները բանկերից փոխառնված միջոցները երկրի սահմաններից դուրս չեն հանում: Իսկ հազարավոր դոլարներ վերցնող, այդ գումարները երկրից դուրս հանող հանցագործը՝վարկային «փայլուն» պատմության համար նույն այդ բանկերից աջակցություն է ստանում։ «Հեռատես» բանկերն էլ այս ամենի մասին գիտեն: Նրանք լավ պատկերացնում են, ծայր աղքատությունից դրդված իրենց դիմած մարդիկ այդ պարտքը, այն էլ տոկոսներով, իրենց վերադարձնել չեն կարող: Գիտեն, ու հենց այդ հանգամանքից օգտվելով էլ հարստանում են: Հարստանում են՝ նպաստելով արտագաղթին, վտանգելով ազգային անվտանգությունը: Այս ինստիտուտի «գործունեությունը» պիտի հիմնիվեր վերանայվի: Ընդամենը երկու նման հանցագործի կողմից թալանվածի հետ բերմամբ՝ ամբողջ ժողովրդի պարտքը կփակվի: Ուզում եմ շեշտել՝  ոչ թե պետք է տոկոսն իջեցվի, այլ վարկային պարտքերը ներվեն, բայց անպայման համապատասխան հանձնաժողովների ստեղծումից հետո, որ այդ անվան տակ էլ գումար չաշխատեն։ Երկրորդ, ամենագլխավոր քայլերից մեկը՝ արտասահմանյան բանկերում պահ տրված ապօրինի գումարների սառեցումն է, այդ գումարների վերադարձը հայրենիք: Ես դեռևս տասը տարի առաջ եմ դիմել ԱՄՆ պետդեպարտամենտին, եվրոպական մի շարք կառույցների առաջարկով, որ եթե մեկի երեխան 200 000 դոլար է վճարում արտասահմանյան բուհում սովորելու դիմաց՝  դա թույլ չտրվի։ Խոսքը երկրից դուրս հանված, «մութ ծագմամբ» գումարների մասին է: Ու ամենևին էլ էական չէ, թե դրա որ մասը կհաջողվի հետ բերել։ Եթե ապացուցվեց, որ ժողովրդական երկիր է, ցանկացած երկիր այդ գումարները հետ կվերադարձնի։ Այդ գումարներն իրենց չափերով այդ երկրների համար էական նշանակություն չունեն, բայց եթե տարածաշրջանում պայթյուն եղավ, արդեն ներգաղթի տեսքով դրա ազդեցությունը նույն այդ երկրներն իրենց վրա կզգան: Այդ գողացած գումարների ընդունումը կարող է հանգեցնել երկրից արտահոսքի։ Նույնը նաև Աբրբեջանում է, հնարավոր պատերազմի պարագայում վտանգվելու են գազախողովակներն ու նավթախողովակները։

Այս իրավիճակում քայլեր կան, որոնց ազդեցությունը ժողովուրդը միանգամից պետք է իր վրա զգա։ Պատկերացրեք, օրինակ, որ այսօրվա կառավարությունը հանձնաժողով է ստեղծում, որը գյուղերում բացահայտում է, թե ով ինչքան վարկ ունի, որ բանկերից են վերցրել, ում են այդ բանկերը պատկանում։ Դրան կարող է հետևել վարկերի ներումը։ Անկեղծ ցանկության, տրամաբանված ու հետևողական քայլերի դեպքում երկրի փլուզումը կկանխարգելվի, հավատացնում եմ, արտագաղթը կփոխարինվի ներհոսքով, կվերականգնվի Հայաստանի քաղաքացու ներքին արժանապատվությունը, ինչն իր հերթին կնպաստի թե՛ հարևանների, թե՛ աշխարհի այլ երկրների հետ արժանապատիվ հարաբերվելուն:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 23-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 61
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:08 22 Սեպ 2018
Դիտումներ 36
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Հայաստանում մեկնարկեց լռության օրը
09:00 22 Սեպ 2018
Դիտումներ 74
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 22-ն է
08:00 22 Սեպ 2018
Դիտումներ 59
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ