Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԻՍԿԱՊԵՍ, Ո՞Վ Է ԱՍՏԾՈ ՆՄԱՆ

21:00 12 Սեպ 2018
Դիտումներ 496
ԻՍԿԱՊԵՍ, Ո՞Վ Է ԱՍՏԾՈ ՆՄԱՆ

գրախոսական

Սմբատ Բունիաթյանի «Ո՞վ է Աստծո նման» վիպակը ուշագրավ է ոչ միայն իր թեմատիկայով ու նախորդ դարակեսի ամերիկյան միջավայրի պատկերմամբ, այլև այն պատերազմի քննմամբ ու մեկնաբանմամբ, որ կատարվում է ժամանակակից մարդու ներաշխարհում:

Մենք պատերազմ չենք ունեցել. ունեցել ենք Եղեռն. պատերազմել են ռուսն ու թուրքը, իսկ մենք ցեղասպանվել ենք: Մենք պատերազմ տեսանք Երկրորդ համաշխարհայինում, այն էլ՝ որպես կցորդ խորհրդային կայսրության, ուստի այդպես էլ մեր հայրենակտորում չհասկացանք հաղթանակի բերկրանքը, այլ միայն ճաշակեցինք 300 հազար հայ զոհերի ողբերգությունը և դրանից 4 տարի անց՝ 50 հազարի աքսորը: Իսկ մեր գրական ականջը սովոր է միայն պատերազմական սոցռեալիզմին:

Ունեցանք Արցախյան հիրավի հայրենական պատերազմ, բայց նախորդ ոչ պատերազմների, այլ կռիվների, մաքառումների ու ողբերգությունների ավանդույթն այնքան խորն էր, որ տեսանք միայն հերոսականն ու ողբերգականը: Հիմա Սմբատ Բունիաթյանը, որ հանգամանքների բերումով ոչ կարճ ժամանակ եղել է առաջնագծում, բերում է պատերազմի նոր բացահայտում: Ու հեղինակը որոնում և չի գտնում (որովհետև գտնելն անհնար է), թե այդ ներսի՞ պատերազմը ծնեց իրական պատերազմը, թե՞ հակառակը. իսկ գուցե պատերազմի նախախնամության ծրագի՞ր է դրված մարդ արարածի հենց կոդի մեջ: Հեղինակը մտորում է ու հարցերի իր այս վիպակում տանջվում. «Մարդն ապրում է կյանքին շղթայված, ապրում է ակամա՝ ենթագիտակցության մեջ ըմբռնելով մեկ այլ ժամանակ, մեկ այլ տարածություն և գոյություն մեկ այլ: Ի՞նչ կա այնտեղ, ո՞վ է քո անձից դուրս բնակվողը, ո՞վ է մեկ այլ կյանքով ու բանականությամբ ապրող քո ես-ը: Դո՞ւ ես արտացոլում Աստծո պատկերը, թե՞ նա: Նա՞ է արարված Արարչի պատկերով, թե՞ դու» (էջ 66):

Վիետնամցին հասկանում է իրեն սպանող ամերիկացուն, բայցև դատապարտված է նրան սպանելու, և հակառակը՝ ամերիկացին հասկանում ու ցավակցում է վիետնամցուն, բայցև դատապարտված է նրան սպանելու: Իսկ եթե նրանք՝ ամերիկացին ու վիետնամցին Աստծո պես հասկացողություն ունեն ու հասկանում են միմյանց ցավը, այդ դեպքում մի՞թե Աստված է, որ սպանում է ու սպանվում: Այդ դեպքում, վերջիվերջո, ո՞վ է Աստծո նման: «Ես չգիտեմ»,- իր վիպակը եզրափակում է հեղինակը:

Հեղինակը չգիտի, ինչը և գրքի արժանիքներից թերևս առաջինն է, բայց հստակ գիտի, որ «Կենդանի մարդը ուրախության համար է» (էջ 26), գիտի որ «Մարդը չի ծերանում երբեք: Նա զառամում է մանկանալով: Իսկ մահն ընդամենը սահման է, յուրօրինակ եզերք, որտեղ մի անգամ և մի վերջին անգամ բախվում են գոյության ավարտն ու սկիզբը» (էջ 35):

Սմբատ Բունիաթյանի ոչ միայն մտորումներն են դիպուկ, այլև կարճառոտ պատկերները: Այսպես. վիպակի հերոսը՝ Ալեքսանդրը (անուն, որ, կարծում ենք, պատահական չէ, ինչպես որ կրոնախևությամբ դաստիարակվող Միքայելինը) պատմում է, թե ինչպես զենք վերցրած 10-12 տարեկան վիետնամցի երեխաների վրա վարանում են կրակել հենց կրակելու վարժեցված արհեստավարժ զինվորները, որոնցից մեկը, ով այնուամենայնիվ կրակեց, փրկվել է, բայց գտնվում է հոգեբուժարանում (էջ 118): Այդ մենք ենք՝ մարդ արարածը, որ մշտապես սահմանային վիճակներում ենք ու ամեն օր կրակում ենք մեր մեջ ապրող երեխային ու հայտնվում այն գժանոցում, որ ժամանակակից կյանքն է: Հեղինակը և մենք հստակ գիտենք, որ փրկությունը հենց մանուկն է և «երեխայի հանդեպ սերը եզակի տրոփ է կրծքի տակ, պսպղուն օազիս, մշտատև երկրպագություն» (էջ 38), գիտենք, բայց գնդակահարում ենք ամեն վայրկյան, անըմբռնելի մի իմաստով Աբրահամի պես մատաղի տանում և կրակի բարձրացնում: Ի դեպ, հինկտակարանային հերոսները մշտական գործող անձինք են այս վիպակում:

Այսու, այս վիպակը մարդու ներաշխարհի պատերազմի ավերածությունների մտորումների շարան է, որ շատ տեղերում դառնում է արձակ բանաստեղծությունների շղթա, ինչը գրքի շահեկան առանձնահատկություններից է:

«Ո՞վ է Աստծո նման» վիպակը բոլորովին նոր ոճի և հետաքրքրության ստեղծագործություն է, շփոթված հարցադրումների հասցեական ու հստակ մի աղոթք, որ ընթերցողը հեղինակի հետ ուղերձ է դարձնում՝ դառնալով այն երեխան, որ խաղում էր աղոթքներով (էջ 41): Իր ստեղծագործական ճանապարհին այս գիրքը մի գեղեցիկ հանգրվան է, որից հետո, հուսանք, հեղինակը նոր գործերով կզարմացնի հայ ընթերցողին:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
11.09.2018թ.

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 36
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Վանո Սիրադեղյան. «Ազգին չկպչենք»
21:00 13 Նմբ 2018
Դիտումներ 1009
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Վանոյի նամակը Վազգենին
20:00 13 Նմբ 2018
Դիտումներ 294
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 13
19:15 13 Նմբ 2018
Դիտումներ 29
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ