«Հրապարակ». Գուրգեն Եղիազարյան. Միգուցե Ադրբեջա՞նն է գաղտնալսել

Նախկին ԱԱԾ-ական Գուրգեն Եղիազարյանն ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսումը, մեկ բառով ասած՝ համարում է խայտառակություն։
- Պարոն Եղիազարյան, սրա թե՛ իրավական, թե՛ քաղաքական գնահատականն ինչպիսի՞ն պետք է լինի:
- Դա իրենց գործն է, ես չեմ կարող ասել՝ ինչպիսին պետք է լինի, համենայնդեպս, մենք փաստացի պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, գիտենք, թե մեր հարևաններն ինչպես են էս ամենին նայում, և շատ վատ է, որ ԱԱԾ-ի պետին գաղտնալսում են՝ իր ընդհանուր հետևանքներով:
- Իսկ ո՞վ կարող էր անել, ո՞վ ուներ նման հնարավորություն՝ գաղտնալսելու ի պաշտոնե երկրի թիվ մեկ գաղտնալսողին:
- Առաջինը պետք է փնտրել հենց ԱԱԾ-ում գաղտնալսողներին: Երկրորդը, պետք է նայել, թե վերջին 5-6 տարվա ընթացքում ինչ սարքավորումներ են ներկրվել, և ով է ձեռք բերել, որովհետև այդ գաղտնալսումը պետք է լինի հատուկ սարքավորումներով: Ես չեմ կարծում, որ բացարձակ բաց կապով են խոսել: Եթե բաց կապով են խոսել իրար հետ, ապա բացահայտումն անհնարին կլինի, որովհետև հատուկ կոդեր կան, որ հավաքելուց հետո կարող ես միանալ հեռախոսին:
- Իսկ եթե ինտերնետի միջոցով են խոսել, որևէ ծրագրով՝ Viber, WatsApp:
- Viber-ը և մյուսներն ապահովված կապեր են, դրանց համար հատուկ սարքավորումներ են հարկավոր, ինչի մասին արդեն ասացի:
- Այսինքն՝ ավելի հավանակա՞ն է, որ բջջային օպերատորի միջոցով են խոսել:
- Այո, հավանականությունը մեծ է, որ սովորական կապով են խոսել:
- Անմիջապես կարծիքներ շրջանառվեցին, որ հնարավոր է Մոսկվայի կողմից է այս գաղտնալսումն իրականացվել, ռուսական հատուկ ծառայությունների միջոցով: Դա հնարավո՞ր տարբերակ է, թե՞ ավելի հավանական է, որ մեր ԱԱԾ-ից են դա արել:
- Ինչ կապ ունի Մոսկվան այդ գաղտնալսման հետ: Ոչ, Մոսկվան ստեղ կապ չունի: Միգուցե Ադրբեջանն է գաղտնալսել: Չէ՞ որ էդ խոսակցություններն այդքան էլ հարիր չեն բարձրաստիճան պաշտոնյաներին: Փաստորեն, խոսում են միջամտության և իրենց անելիքների մասին, դա շատ վատ է։
- Սա դատական համակարգի անկախության մասով արդյոք խարխլո՞ւմ է նոր իշխանությունների հիմքերը: Հասարակության վերաբերմունքը կարո՞ղ է փոխվել:
- Հասարակության վերաբերմունքը մեկից էդպես չի փոխվի: Բայց շատ վատ է, որ մենք, լինելով պատերազմող երկիր, փաստորեն, գտնվելով մեր հակառակորդների բացարձակ ճնշման տակ, հնարավոր է ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսել: Սա, մեկ բառով ասած՝ խայտառակություն է:
- ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի մեկնաբանություններն ասուլիսում Ձեզ մոտ ի՞նչ տպավորություն թողեցին, և Դուք ի՞նչ հասկացաք դրանից:
- Ես հույս ունեի, որ իրենք կհրաժարվեին, կասեին, որ իրենք չեն խոսացողները: Մենք չունենք էդ հնարավորությունները՝ իդենտիֆիկացիայի: Էսպես, թե էնպես, միգուցե պետք էր հրաժարվել: Ամենալավ տարբերակը մեզ համար այն էր, որ հրաժարվեին: Բայց չհրաժարվեցին:
Ամբողջական՝ թերթի օրվա համարում
16:15 28 Դեկ 2018