Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ալիկ Էրոյանց․ Առաջին հայացքից անհնարին կամ «1 միլիարդին հասնելու» դժվարին ճանապարհն իրականում կարելի է անցնել

20:00 11 Սեպ 2018
Դիտումներ 188
Ալիկ Էրոյանց․ Առաջին հայացքից անհնարին կամ «1 միլիարդին հասնելու» դժվարին ճանապարհն իրականում կարելի է անցնել

Scannews-ի զրուցակիցը վրացագետ Ալիկ Էրոյանցն է։

Երեկ պաշտոնական այցով ՀՀ-ում էր գտնվում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։ Ինչպես հայտարարեց ՀՀ վարչաապետ ՆՓաշինյանը, Վրաստանի գործընկերոջ կողմից ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել, որը հայկական կողմից հավանության է արժանացել խնդիր է ձևակերպվել առաջիկա տարիներին փոխադարձ առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի մակարդակի: Դուք այս առաջարկն ու դրա իրականացումն իրատեսական համարո՞ւմ եք։ 

Արդեն կարծես քարացած դարձած այն պնդումը, որ հայ-վրացական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են, և որ չկան երկկողմ հարաբերություններում էական խնդիրներ, որոնք կարող են բացասաբար ազդել երկու երկրների և ժողովուրդների շփումների հետագա զարգացման վրա, իրականում արդարացված եզրահանգում է, սակայն, այո, եթե մենք ուզում ենք ունենալ իրապես զարգացող գործընթաց և այդ գործընթացում արձանագրել առավել գործնական արդյունքներ, պետք է անդադար և նպատակային  աշխատանք տանել բոլոր ուղղություններով անխտիր: Ի՞նչ է սա նշանակում: 

Նախ և առաջ, հայ-վրացական հարաբերություններին առնչվող բոլոր այն հայտարարությունները, որոնք արվել են նախկինում և արվում են այսօր, անհրաժեշտ է ամփոփել բազմակողմանի և միևնույն ժամանակ կոնկրետ իրավիճակային վերլուծության արդյունքում ձևավորված մեկ փաստաթղթում, որը կարող է ունենալ գործողությունների պլան անվանումը: Գուցե Վրաստանի վարչապետի այցի ընթացքում հնչեցված այն հայտարարությունը, ըստ որի կողմերը պատրաստվում են գործողությունների պլան մշակել, ենթադրում է հենց նման բովանդակություն, այս պահին դեռևս հստակ չէ, սակայն այն հագամանքը, որ մոտ ժամանակներս նախատեսվում է անցկացնել միջկառավարական խորհրդի նիստ, արդեն իսկ քայլ է վերոնշյալի իրականացման ճանապարհին: 

Ինչ վերաբերում է առևտրաշրջանառության ծավալները 1 մլրդ դոլարի հասցնելու ցանկությանը, կարող եմ ասել, որ տվյալ պարագայում կարևորվում է այն հանգամանքը, որ նման առաջարկ արվել է Վրաստանի վարչապետի կողմից, և կարելի է ենթադրել՝ առաջին հայացքից անհնարին կամ այդ «1 մլրդ-ին հասնելու» դժվարին ճանապարհն իրականում կարելի է անցնել, քանի որ եթե Բախտաձեն նման հայտարարություն է արել, ապա նաև հետագայում վրացական կողմն առնվազն չի խոչընդոտի հենց այդ նպատակի հասնելուն ուղղված որևէ նախագծի կամ գործողություն իրականացնելու հարցում, ավելին՝ ենթադրվում է, որ նաև կլինի փոխադարձ աջակցություն: 

Ըստ Ձեզ՝ որպես գործնական քաղաքականության ցուցիչ, ե՞րբ տեսանելի կլինեն ռազմավարական հեռանկարներ հայ-վրացական հարաբերություններում։ 

Հետաքրքիր է Ձեր հարցը և կարևոր: Դրա հետ կապված ևս սպասելիքները շատ են: Թեև հայ-վրացական հարաբերություններում, կարծում եմ, իրականում նման լուրջ խնդիր չկա: Վրաստանն ու Հայաստանը բնական դաշնակիցներ են, և գրեթե բոլոր հարցերում առկա է փոխըմբռնում, սակայն ավելիին հասնելու համար, ինչպես նշեցի անհրաժեշտ է մշտական և ակտիվ աշխատանք: Նաև պետք է հաշվի առնենք երկու երկրների՝ բարդ տարածաշրջանում տեղակայված լինելու հանգամանքը և արտաքին մարտահրավերները: 

Արդյոք Երևանի կողմից կա՞ն հնարավոր առաջարկների հեռանկարներ, որոնք մինչ այժմ չեն արվել՝ ի նպաստ երկկողմ հարաբերությունների բարելավման, և արդյոք ՀՀ նոր իշխանությունների կողմից կարո՞ղ ենք ակնկալել նման ակտիվացում։ 

Համոզված եմ՝ նման առաջարկներ կան, և մոտ ապագայում արդեն դրանց ականատեսը կդառնանք: Բոլոր դեպքերում, ինքս կկարևորէի ապագայում առավել բաց և անմիջական համագործակցության ձևաչափի հաստատումը: Երևանն ու Թբիլիսին պետք է երկխոսեն պարզ և անմիջական մթնոլորտում, յուրաքանչյուր կատարված քայլ պետք է լինի նպատակային և հեռանկարային: Իսկ այդ քայլերից մեկը պետք է լինի այն, որ Հայաստանի և Վրաստանի իշխանությունները գործնական քայլեր ձեռնարկեն, որպեսզի երկու ժողովուրդներն ավելի լավ ճանաչեն միմյանց և հատկապես կարևոր է՝ Հայաստանը ճանաչելի դառնա վրացիների համար: 

Դա, իր հերթին, կբերի մեկ այլ ոչ պակաս կարևոր իրողության գիտակցմանը, որ Հայաստանն ու Վրաստանը մեր տարածաշրջանում և ավելի լայն տարածագոտում ունեն ընդհանուր շահեր, և հատկապես մյուս հարևանների հետ հարաբերություններում պահպանեն, այդ իմաստով, փոխադարձ շահի գերակայության սկզբունքը:       

Անի Եղիազարյան

 


ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 23-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 61
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:08 22 Սեպ 2018
Դիտումներ 36
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Հայաստանում մեկնարկեց լռության օրը
09:00 22 Սեպ 2018
Դիտումներ 74
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 22-ն է
08:00 22 Սեպ 2018
Դիտումներ 59
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ