Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Քեթրին Գրուպ»-ի սեփականատեր․ «Ոչ ոք չի կարող կանգնեցնել Հայաստանի զարգացման ընթացքը» (տեսանյութ)

13:00 08 Օգս 2018
Դիտումներ 36051
«Քեթրին Գրուպ»-ի սեփականատեր․ «Ոչ ոք չի կարող կանգնեցնել Հայաստանի զարգացման ընթացքը» (տեսանյութ)

ScanNews.am-ի զրուցակիցը «Քեթրին Գրուպ»-ի սեփականատեր, գլխավոր տնօրեն Ռիկարդո Անտոնիո Մերինոն է:

- Պարոն Մերինո, Դուք հանդիսանում եք «Քեթրին Գրուպ» ընկերության սեփականատերը: Ինչպե՞ս որոշում կայացրեցիք զբաղվել գործարարությամբ այստեղ`Հայաստանում:

- Տարիներ առաջ եկա Հայաստան սուպերմարկետների ցանց հիմնելու համար, որից հետո՝ մոտ երեք- չորս տարի առաջ, այս ընկերությունում ներդրում կատարելու հնարավորություն ստացա: Այդ ժամանակ արդեն ծանոթ էի Հայաստանին, ինձ ծանոթ էին մարդիկ և ինձ զգում էի ինտեգրված այս հասարակությանը: Առանց որևէ կասկած ունենալու որոշեցի ինձ տրված հնարավորությունն օգտագործել և ներդրումներ կատարել, քանզի այս երկրում լինելն ինձ համար իսկապես հաճույք է: Անհամբերությամբ սպասում եմ այս երկրում իմ ապագա հաջողություններին:

- Ելնելով Ձեր փորձից` օտարերկրյա ներդրողի տեսանկյունից, որքանո՞վ է գրավիչ Հայաստանը Ձեր բիզնեսի համար:

- Տարբեր իրավիճակներում իմ փորձը տարբեր է եղել: Անցյալ տարի մեզ համար շատ դժվար էր, քանզի նախորդ կառավարության կողմից անընդհատ ստուգումներ և մեծ ճնշում էին լինում մեզ վրա: Եղան իրավիճակներ, որոնք մինչ այժմ չեմ կարողանում հասկանալ: Տեսանք հարկային ծառայության դիմակավոր և զինված աշխատակիցների, ովքեր ատրճանակներով մագլցում էին մեր ընկերության պատերի վրայով, ինչը մեր աշխատակիցների մոտ վախ էր առաջացրել: Իմ ամբողջ թիմին նրանք հավաքեցին մի փոքրիկ սենյակում, նվաստացուցիչ պայմաններում՝ ժամեր պահելով։ Դա տեղի ունեցավ երկու անգամ՝ այս տարի գարնանը՝ մինչև հեղափոխությունը, հարկայինի դիմակավորները կրկին թռնելով պատերի վրայով ահաբեկեցին մեզ։ Ինձ համար դժվար է հասկանալ՝ ինչպե՞ս պատահեց և ինչո՞ւ: Ցավոք, այդ դեպքերի ժամանակ երկրում չեմ եղել, բայց ինձ վատ զգացի իմ թիմի համար: Մեզ մոտ բազմաթիվ ստուգումներ եղան, անգամ 600 միլիոն դրամի տուգանք սահմանվեց, որն անհեթեթություն էր: Կրկնեմ՝ մինչ հեղափոխությունը նորից ունեցանք ատրճանակներով այցելուներ, բայց դրանից հետո ուրախ եմ հայտնել, որ նման դեպքեր չեն եղել: 

- Հայաստանում իշխանափոխությունն ինչպե՞ս է անդրադարձել Ձեր ընկերության գործունեության վրա: Այս ընթացքում շատ է խոսվել բանանի շուկայում «Քեթրին Գրուպ»-ի մենաշնորհային դիրքի մասին: Կխնդրեի Ձեր մեկնաբանությունն այս հարցի հետ կապված:

- Անկեղծ ասած՝ քաղաքականության մեջ չեմ և այդ բնագավառից շատ չեմ հասկանում: Կարող եմ ասել, որ նախորդ կատավարության կողմից մեզ վրա շատ մեծ և տհաճ ճնշում էր գործադրվում և, անկեղծ ասած, չեմ կարողացել հասկանալ՝ ինչո՞ւ: Նոր կառավարության հետ դեռ ունենք կարմիր ժապավեն, դեռ մեծ էներգիա պետք է ներդնենք բյուրոկրատիան հաղթահարելու համար: Այդ էներգիան պետք է ներդնենք բիզնեսը զարգացնելու, տարբեր պայմանագրեր ստորագրելու համար, բայց, ինչպես ասացի, գոնե այժմ չկան մարդիկ, ովքեր ատրճանակներով ահաբեկում են մեզ: Ինչ վերաբերում է բանանի շուկայում «Քեթրին Գրուպ»-ի մենաշնորհային դիրքին, ապա ասեմ՝ դա ուղղակի ծիծաղելի պատմություն է: Արդեն մի քանի տարի է լեգենդ է շրջանառվում, թե շուկայում մոնոպոլիա ունենք, ինչն ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում: Ովքեր շուկային տեղյակ են` մանրածախ առևտրով զբաղվողները, հարկային մարմինները, շատ լավ գիտեն, որ բանան ներկրող շատ կազմակերպություններ կան: Շուկան բաց է, և ով ցանկանում է բանան ներկրել, կարող է դա անել: Ճիշտ է, որ առաջատար դիրք ենք գրավում շուկայում, բայց դա կախված է նրանից, որ երկար տարիներ է, ինչ այս բիզնեսի մեջ ենք և մասնագիտացած ենք այս բնագավառում: Ամեն բան կախված է նրանից, թե ինչպես ենք մեր ապրանքը ներկայացնում շուկայում:

- Ըստ ՊԵԿ հայտարարության `հարկային պարտավորությունների մասով Ձեր ընկերություններում չարաշահումներ են արձանագրվել: 

- Միայն կարող եմ ասել` ՊԵԿ-ի կողմից ճիշտ որոշում չէր մեր ընկերության հանդեպ, ավելի շատ ճնշում էր, քան սխալ գտնելու ինչ-որ փորձ: Մենք մեր ռեսուրսները ծախսում ենք վարչարարական քաշքշուկների վրա՝ զարգացման ծրագրերն իրականացնելու փոխարեն։

- Դուք «Քեթրին Գրուպ» ընկերության միա՞կ սեփականատերն եք: Ըստ տարբեր հրապարակումների, «Քեթրին Գրուպ» ընկերության անունը շարունակում են կապել ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի անվան հետ:

- Շատ երջանիկ եմ, որ կարող եմ այս հարցին պատասխանել: Առաջին՝ ես «Քեթրին Գրուպ»-ի միակ սեփականատերն եմ, երկրորդ՝ ճիշտ է, որ պարոն Պողոսյանը կապ ունի այս ընկերության հետ. նա է ստեղծել այս ընկերությունը, բայց դա 21 տարի առաջ էր: Նա թողել է այս ընկերությունը տարիներ առաջ: Անկեղծ լինեմ և ասեմ, որ չեմ հիշում` երբ եմ նրան առաջին անգամ հանդիպել, բայց դա Մոսկվայում է եղել: Մենք այնտեղ դարձանք լավ ընկերներ, նա ինձ այս ընկերության մասին շատ պատմություններ պատմեց, բայց ներդրում կատարելու հնարավորությունը մի քանի տարի հետո եղավ: Կարող եմ ասել` պարոն Պողոսյանն այսօր ընկերության հետ ոչ մի առնչություն չունի, բայց նա իմ լավագույն հայ ընկերներից մեկն է: Նա շատ լավ գիտի այս երկիրը, մարդկանց, այս շուկան և չեմ կարող պատկերացնել ավելի լավ խորհուրդ, քան այն, որն ինքն ինձ կտա: Երբ օգնության կարիք ունենամ, հաստատ իր դուռը կթակեմ, որովհետև գիտեմ` այն միշտ բաց է ինձ համար:

- Ձեր ընկերությունը տարիների ընթացքում բավականին մեծ հաջողություններ է գրանցել: Մոտ ապագայում կա՞ն հեռանկարներ դրանք  առավել զարգացնելու համար:

- Կարծում եմ` ոչ միայն իմ ընկերությունը, այլ նաև այս երկիրն է լի հնարավորություններով և ներկա պահին այն մեծ զարգացում է ապրում: Կարծում եմ` այժմ ոչ ոք չի կարող կանգնեցնել Հայաստանի զարգացման ընթացքը։ Ասեմ, որ իմ երկրում, երբ ինչ որ մեկը շատ աշխատում է և փորձում է ինչ-որ ընկերություն բացել, օգնություն է ստանում պետությունից, բայց Երևանում դա բացակայում է, ինչի կարիքը շատ զգում եմ: Վստահ եմ` վաղ, թե ուշ դա էլ կլինի: Խոսքը ֆինանսական օգնության մասին չէ, այլ  խոչընդոտների վերացման, որոնք հանդիպում են մեր ճանապարհին:

Պատրաստեց Թամարա Աբրահամյանը


 

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

ԱԺ-են անցել երեք քաղաքական ուժ
10:02 ԱՅՍՕՐ
Դիտումներ 27
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 10
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 205
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 10-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 106
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Քվեարկությունն ավարտվեց
20:00 09 Դեկ 2018
Դիտումներ 33
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 9
09:30 09 Դեկ 2018
Դիտումներ 236
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 9-ն է
08:00 09 Դեկ 2018
Դիտումներ 14
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ