Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Փաստ». Սեփական ուժերն ու «դիմացինի» ախորժակը ստուգելու լավ առիթ է բացվել

10:50 11 Հլս 2018
Դիտումներ 93
«Փաստ». Սեփական ուժերն ու «դիմացինի» ախորժակը ստուգելու լավ առիթ է բացվել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո մամուլում սկսվեց տարբեր սցենարներ շրջանառվել, թե Երևանի ավագանին ինչ ճանապարհով կփորձի առաջ շարժվել: Եվ, ինչպես սովորաբար արվում է, ամենայն հավանականությամբ, դրանով նպատակ կա «շոշափել» ոչ միայն հասարակության, այլև կուսակցությունների ցանկություններն ու հնարավորությունները: Համաձայն շրջանառվող սցենարներից մեկի, Երևանի ավագանու անդամների կողմից նոր թեկնածու առաջադրելու և քաղաքապետարանի ավագանու կյանքը երկարաձգելու տարբերակը կյանքի կկոչվի: Իսկ որպես քաղաքապետի թեկնածու նշվում է Ալեն Սիմոնյանի (թեպետ նա այլևս ավագանու անդամ չէ) կամ, որքան էլ ծիծաղելի չլինի, Զարուհի Փոստանջյանի անունները:

Ասեկոսեների ակունքները հասկանալու և Երևանի ավագանու հետագա քայլերի մաին քիչ թե շատ կարծիք կազմելու համար «Փաստը» զրուցեց ավագանու «Ել ք» խմբակցության նախկին անդամ, այժմ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հետ, ով նշեց, որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը չի կարող իր թեկնածությունն առաջադրել, քանի որ ինքն այս պահին այլևս ավագանու անդամ չէ:

Խոսելով ավագանու կողմից ձեռնարկվելիք հաջորդ քայլի մասին՝ նա տեսակետ հայտնեց, որ ճիշտ կլինի, որ ավագանին գնա լուծարման և նոր ընտրություններ կազմակերպելու ճանապարհով: Հարցին, թե որպես ընդդիմության ներկայացուցիչներ հնարավոր չի՞ համարում, օրինակ՝ Անահիտ Բախշյանի կամ «Երկիր Ծիրանի» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանի թեկնածության առաջադրումը և քաղաքապետի պաշտոնում նրանց ընտրվելու հավանականությունը, Ա. Սիմոնյանն ասաց.

«Ավագանիում մեծամասնությունը կազմում է ՀՀԿ խմբակցությունը և ով էլ ընտրվի, քաղաքապետ է դառնալու մեծամասնության քվեարկությամբ: Եվ փաստացի ունենալու ենք մի իրավիճակ, որն ունենք ներկայում Ազգային ժողովում: Նույն իրավիճակը պահպանելն, իմ կարծիքով, անտրամաբանական է, քանի որ եթե մենք գնում ենք ժողովրդի կողմից ներկայացված լինելուն համահունչ պետական մարմիններ ձևավորելու ճանապարհով, ապա ամենաճիշտ տարբերակն այս իրավիճակում նոր ընտրություններ կազմակերպելն է»,– ասաց Ա. Սիմոնյանը:

Հարցին, թե չի՞ կարծում, որ, այնուամենայնիվ, ՀՀԿ–ն կարող է փորձել խոչընդոտել լուծարմանը և օգտվելով մեծամասնություն լինելու հանգամանքից՝ իր թեկնածուին առաջադրել ու կրկին ՀՀԿ–ական քաղաքապետ ընտրել, պատգամավորն ասաց, որ չի կարծում, որ ՀՀԿ–ն նման ճանապարհով գնա, քանի որ իր կարծիքով ավագանու ՀՀԿ խմբակցությունում Տարոն Մարգարյանից ավելի լավ թեկնածու դժվար թե գտնվի:

«Չեմ կարծում, որ իրենց մեջ Տարոն Մարգարյանից ավելի լավ թեկնածու է լինելու, որ առաջադրեն: Էլ չեմ ասում, որ ավագանու այդ ընտրությունը «զիբիլիքսի» հայտնի գործի և այլ գործերի շրջանակներում այնքան էլ ընդունելի չեն լինի: Եվ մենք ստիպված կլինենք նստել և սպասել հերթական հրաժարականին կամ չընտրվելուն: Ես չեմ կարծում, որ դա խելամիտ քայլ է»,– ասաց Ա. Սիմոնյանը: Հարցին, թե կիսո՞ւմ է տեսակետը, որ Երևանի ավագանու նոր ընտրությունը կարող է ինչ–որ տեղ նաև լակմուսի թղթի էֆեկտ ունենալ, քանի որ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ավելի պարզ ցույց կտա հասարակության տրամադրվածությունները, Ա.Սիմոնյանը նշեց, որ ինքը չի կիսում այդ կարծիքը, քանի որ այս պահին դեռևս հասկանալի չէ, թե քաղաքական ուժերից ով ինչ վարքագիծ կդրսևորի:

Ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Նահապետյանը նույնպես «Փաստի» հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ գործընթացն ընթանալու է համաձայն ՏԻՄ օրենքի, իսկ շրջանառվող խոսակցությունների մասին, թե ավագանու առաջիկա նիստին կարող է ընտրվել ընդդիմադիր խմբակցություններից որևէ այլ ներկայացուցիչ, ավագանու անդամն ասաց.

«Քաղաքապետի թեկնածուների հարցը կարող է քննարկվել միմիայն այն դեպքում, երբ ավագանին կլուծարվի և կնշանակվի նոր ընտրություն: Ամեն ինչ միայն օրենքով սահմանված կարգով տեղի կունենա»,– ասաց Ն. Նահապետյանը:

Ավագանու ՀՀԿ խմբակցությունը հակված է միայն լուծարման ճանապարհո՞վ գնալ հարցին, նա պատասխանեց.

«Պետք է լուծարվի, որ կարողանան նորից քաղաքապետ ընտրել: Նոր ընտրություններ պետք է լինի»:

Ճշտող հարցին, թե ՀՀԿ–ն չի՞ գնա արդյոք իր կազմից մեկ այլ թեկնածու ընտրելու ճանապարհով, Ն. Նահապետյանն ասաց, որ ինքը նման հարցերի չի կարող պատասխանել, բայց մեկ բանում վստահ է, որ օրենքում ինչպես գրված է, այնպիսին էլ կլինի հաջորդ քայլը:

«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ լրատվամիջոցի անունը լսելուն պես շտապեց ասել, որ ինքը հեռախոսով հարցերի չի պատասխանում և առանց հարցը լսելու անջատեց հեռախոսը: Ի դեպ, դա մեր լրատվամիջոցի հետ այսքան «քաղաքավարի» «շփվելու» առաջին դեպքը չէ: Անկարևոր չէ նշել, որ Փոստանջյանի այդ պատճառաբանությունը ամենևին էլ չի համապատասխանում իրականությանը: Նա բազմիցս տարբեր լրատվամիջոցների հարցերին պատասխանել է հեռախոսով: Այսինքն, ստացվում է, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդն ընտրողական վերաբերմունք է դրսևորում լրատվամիջոցների հանդեպ, ինչն առհասարակ, ամենևին էլ իր շահերից չի բխում:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանին լուծարելու ներկա «պահանջին», ապա հետաքրքիր է, որ չնայած մեր զրուցակիցներն այս պահին գտնվում են բարիկադների տարբեր կողմերում, սակայն նրանց երկուսի ցանկություններն էլ համընկնում են: Սա խոսում է այն մասին, որ ԱԺ ընտրություններից առաջ երկու կողմերին, ինչու չէ նաև մնացած կուսակցությունների համար նույնպես վատ առիթ չէ սեփական հնարավորությունները և մյուսների ախորժակը «ստուգելու» համար:

 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 23-ն է
09:00 23 Սեպ 2018
Դիտումներ 64
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:08 22 Սեպ 2018
Դիտումներ 39
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ