Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Արմինե Ղազարյան․ Իշխանության լեգիտիմության ուժը նաև մյուս առողջ ուժերի ընդդիմությամբ է

20:00 27 Հնս 2018
Դիտումներ 635
Արմինե Ղազարյան․ Իշխանության լեգիտիմության ուժը նաև մյուս առողջ ուժերի ընդդիմությամբ է

Scannews-ի զրուցակիցը ՌԱՀՀԿ փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանն է։

Ինչպե՞ս եք գնահատում հետհեղափոխական Հայաստանում գործընթացների զարգացումները։ Արդյոք կա՞ ճգնաժամ (նաև հոգեբանական) այն առումով, որ տարիներ շարունակ ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ գործել են որոշակի պարտադիր պայմանների ներքո։

Հետխեղափոխական իրավիճակները և զարգացումները միանշանակ չեն բոլորի համար․ լրիվ դիրքափոխված իրավիճակ է, բևեռների փոփոխություն, որի դեպքում, սակայն, չունենք քաոտիկ վիճակ։ Ընդհանրապես, գլոբալ առումով կարելի է ասել, որ հետհեղափոխական զարգացումներն ու իրավիճակը՝ որպես շարունակություն, համահունչ են հեղափոխության գաղափարին և լոզունգներին․ այն, ինչ պայքարի ընթացքում տրվել են փոփոխությունների խոստումներ, այժմ հերթով իրականացվում են։

Այս առումով, մարդկանց, ժողովրդի սպասումներն ու ինքնասիրությունը շոյված են։ Եթե նույնիսկ որոշ պոպուլիստական քայլեր կան, ապա դրանք նշանակալի չեն՝ պետական ապարատը և համակարգը մաքրելուն ուղղված փոփոխությունների ու քայլերի դիմաց։ Ընդհակառակը, եթե պոպուլիստ թվացող վարք է, որը խրախուսվում է հասարակության կողմից, դա յուրահատուկ պարտադրանք պետք է դառնա հասարակության կողմից, իսկ կառավարության անդամների համար՝ վարքագծի կամ մոտեցումների ամրապնդում։

Շոշափելի մի պարզ օրինակ բերեմ․ սկզբում խոսվել է նախարարություններին տրամադրված մեքենաների քանակի մասին, որ պետք է վերանայեն ու կրճատեն։ Նույնիսկ հասարակական տրանսպորտով երթևկող նախարարների նկար դրվեց։ Ողջունվեց հասարակության կողմից։ Դա չպետք է մնա միանգամյա կոնտեքստում, և չպետք է լինի ձևական։ Նրանց գլխավորությամբ հեղափոխությունը կայացավ, քանի որ հասարակության միջից ու հասարակության լեզվով էին խոսում՝ ծանոթ լինելով մանրից մեծ խնդիրներին։ Ուրեմն հիմա էլ, ավելի հաճախ պետք է դուրս գան ժողովրդի մեջ։ Շատերը սպասում են հետհեղափոխական կառավարությունում այլ արժեքային մոտեցումների, այլ վարքի դրսևորումների, գուցե այն պարզության պահպանմանը և ազնվության, ինչը և նպաստեց համընդհանուր վստահությանը դեպի այդ երիտասարդներ։

Գոյություն ունեցող հետհեղափոխական ճգնաժամ գուցե կա, բայց այն բևեռում և մարդկանց մեջ, որոնք եղել են պետության թալանի մասնակիցները, իրենց ընտանիքներով։ Այդ ճգնաժամը ժողովրդի ապրումների հետ կապ չունի։ Ընդհակառակը, ուղղակի ու անուղղակի մարդկանց ազատագրման իրավիճակ և հոգեվիճակ է։ Շատերին անսովոր է այս ազատությունը, որին պետք է ադապտացվեն։ Ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը համենայն դեպս հնարավոր չի շատ արագ, բայց մարդիկ գիտակցաբար, նաև ինտուիտիվ հասկանում են և ուրախ են այն քայլերից ու փոփոխություններից, ինչ ուղղությամբ որ կատարվում է։ Ժամանակի մեջ սովորական կդառնա պետական ոլորտներում քրեական հանցագործների բացահայտումը և պատժումը, ժողովուրդը այլևս ուշի ուշով չի հետևելու, դա վստահության համակարգում կդառնա «comme il faut»  /ինչպես և պետք է/, և առաջ կգան այլ պահանջմունքների խնդիրները և դրանց բարձրաձայնումը։

Ինչպիսի՞ անցում կարելի է ակնկալել։ Այս ճանապարհին կլինե՞ն բարդություններ, եթե այո՝ ապա հիմնականում ինչի՞ հետ կապված կլինեն այդ բարդությունները։

Եթե անցում ասելով նկատի ունեք նախորդ իշխանությունից դեպի նոր, ապա տեսնում ենք այդ անցման հնարավոր անցնցում վիճակները՝ ի բարօրություն ժողովրդի։ Բարդությունը եղել այն ժամանակ, երբ օրինաչափորեն զարգացող կյանքի, զարգացող մարդկանց առաջընթացը արհեստականորեն զսպվել, կանխվել և կառավարելի դարձնելու համար տգիտություն է «տարածվել» այն իշխանությունների կողմից, որն ունեցել ենք։ Կյանքն այնքան արագ է զարգանում, տեխնոլոգիաները․ բոլոր ոլորտների նորացումների կարիք կա, պետք է ավելի առաջ ու երիտասարդ, նոր մտածողության կրողներին դաշտ տալ ու ազատություն։

Դրա զսպվածությունը և այս մարդկային ռեսուրսի չօգտագործումը նման է եղել հոսող ջրի արհեստականորեն պատնեշմանը և մի տեղում թողնելուն։ Սա ամենակարևոր առանձնահատկությունն է, եթե անցման մասին ենք խոսում, քանի որ արդեն սրա շարունակությունը վերաբերում է կարծրատիպերի ու միֆերի կոտրելուն։ Շատերը ֆիքսեցին, նույնիսկ մատնանշեցին բազմաթիվ կարծրատիպեր, որ կոտրվում են, միֆեր, որ վերանում են։ Ինչպես կոտրվեցին կարծրատիպերը․ եթե մի բառով փորձեմ գնահատել կամ նկարագրել ապա՝ անկեղծությամբ, պարզությամբ։

Այո՛, իրականում արհեստական ոչինչ չեղավ, այլ նույն կենսակերպով մարդիկ երբ առաջ եկան և հաջողեցին, և նույն արժեքներով շարունակելն ինքնըստինքյան արժեքային փոփոխությունների հիմք է՝ որպես կառավարող անձանց օրինակելի վարք։ Իսկ արժեքային համակարգը ամենախոցվածներից մեկն է, քանի որ տարիներով մարդկանց «թելադրել» են արժեքների փոխարեն «հակաարժեքներ», հերոսների փոխարեն՝ «հակահերոսներ», անձի որակը գնահատվել է ըստ «յուրացնելու ճարպկության» ընդունակությամբ, հակաորակի։ Իմ կարծիքով, այս դաշտը կարիք ունի մաքրվելու՝ իրենց ամենաշքեղ կենցաղն ապահոված պետական հանցագործների դատապարտմամբ, մարդուն գնահատելու չափանիշների, հերոսին գնահատելու չափանիշների վերանայմամբ, հասարակության մեջ արժեքային այլ համակարգի «նորոգմամբ»։

Ընդհանրապես, բոլոր ժամանակներում էլ նույն սխեման է գործում, թեման էլ նույնն է՝ պահպանել իշխանությունը, տարբեր է ժամանակաշրջանի համար զարգացվածության աստիճանը։ Եթե առաջներում կայծակով են վախեցրել, հիմա էլ մի մարդու անփոխարինելիությամբ՝ ինչ-որ հարցում կամ ոլորտում։ Սա այն է, ինչ քանդվում է, բայց այն է, ինչ նոր իշխանության հետ ու ոգևորված մարդիկ չպիտի իրենք կառուցեն։ Կարծրատիպեր են կոտրվում, բայց գալիս են նորերը, որոնց բովանդակություն տալու կարիք կա։

Ըստ Ձեզ, լեգիտիմությունն ունենալով որպես գլխավոր իմունիտետ, ՀՀ նոր իշխանությունները կկարողանա՞ն արտաքին հարաբերություններում լուրջ հաջողությունների հասնել։

Ժողովրդի կողմից տրված լեգիտիմությունը իշխանությանը կարևորագույն հիմքերից է առհասարակ՝ այս կամ այն հարցը հաջողելու համար։ Նույնն էլ արտաքին հարաբերություններում, դա նորություն չի, անհրաժեշտ, բայց լուրջ հաջողությունների համար բոլոր դեպքերում ոչ բավարար պայման, հասկանում ենք։ Առհասարակ, խնդիրը չէի մասնավորեցնի՝ որպես արտաքին հարաբերություններում հաջողության հասնելու գրավական, այլ ընդհանրապես, նոր կառավարությանը ժողովրդի վստահությունը, ի դեմս վարչապետի, տալիս է լեգիտիմություն՝ տված խոստումները ի կատար ածելու։ Բոլոր ոլորտները փոխկապված են միմյանց։

Մի ոլորտ մաքրելուց մյուսին անպատճառ դիպչում է, ազդում։ Հաջող աշխատանքի արդյունքում համակարգը կնմանվի ժանգերից մաքրված ժամացույցի մեխանիզմի, երբ որևէ կադրի փոփոխությամբ ոլորտի աշխատանքն ու արդյունավետությունը չեն պարալիզացվում։ Դա ժամանակի խնդիր է։ Ժողովրդի լեգիտիմությունը շատ ուժեղ գործոն է, բայց ավելի կուժեղանա, երբ կառուցողական ընդդիմություն կունենա։ Ընդդիմությունը կառավարությանը առողջ պահելու դաշտ է․ օրինակ, գոյություն ունեցող տարաբնույթ հարցեր, թերություններ, բողոքներ չեն կարող ֆեյսբուքում ընկերների ցանկում որևէ նախարարի ունենալով նշել բողոքը, և այդ հարցը բարձրացնելու մակարդակով բավարարվել։ Թերևս կրկին նշեմ՝ ժամանակավոր է։

Այս պահին կան տարաձայնություններ ունեցող քաղաքացիներ, քաղաքական գործիչներ՝ այս կամ այն հարցի հետ կապված։ Իսկ ընդդիմադիր կուսակցություններ, որ հայտ են ներկայացնում տարբեր գաղափարական կամ սկզբունքային տարաձայնություններով՝ չկան։ Բնական է դա՝ հաշվի առնելով այն, որ շատերի մասնակցությամբ հեղափոխության արդյունքում եկած և ժամանակավոր կառավարություն է։ Բոլոր դեպքերում, իշխանության լեգիտիմության ուժը նաև մյուս առողջ ուժերի ընդդիմությամբ է, նաև արտաքին հարաբերություններում։

Անի Եղիազարյան

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 23-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 61
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:08 22 Սեպ 2018
Դիտումներ 36
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Հայաստանում մեկնարկեց լռության օրը
09:00 22 Սեպ 2018
Դիտումներ 74
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 22-ն է
08:00 22 Սեպ 2018
Դիտումներ 59
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ