Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կարեն Մարտիրոսյան, Որպես անհատականություններ մենք իհարկե հետ չենք, բայց․․․

10:00 13 Փտր 2018
Դիտումներ 3940
Կարեն Մարտիրոսյան, Որպես անհատականություններ մենք իհարկե հետ չենք, բայց․․․

Առողջապահության ոլորտի ներկա վիճակի, խնդիրների և այլ հարցերի շուրջ ScanNews-ը զրուցել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար, «Սլավմեդ» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար Կարեն Մարտիրոսյանի հետ

- Կարծում ենք կարիք չկա մեր զրույցը սկսել այսօրվա Հայաստանի տարբեր ոլորտներում ծառացած խնդիրներից։ Ամեն ինչ ակնհայտ է։ Մյուս կողմից աշխուժացել են պնդումները, թե մի շարք ոլորտներ և մասնագիտություններ՝ մասնավորապես մեր բժշկությունն ու բժիշկները, կարող են դառնալ Հայաստանի մրցակցային առավելությունները։

- Իրականությունը մի փոքր հակասական է․ Հայաստանում կան շատ բարձր որակավորում ունեցող մասնագետներ, իսկապես որակյալ բժիշկներ, որոշ մասնագիտություններ և ծառայություններ, այո՛, ներկայացված են միջազգային մակարդակով, սակայն, ցավոք սրտի, Հայաստանում առողջապահության ընդհանուր վիճակն ու զարգացման միտումները շատ հեռու են բավարար լինելուց։

- Իսկապես հակասական պատկեր է ստացվում․ ունենք բարձրորակ բժիշկներ, բայց բավարար լինելուց հեռու բժշկություն։

- Այո՛, քանի որ բժշկությունը մնացորդային սկզբունքով է աշխատում։ Ընդհանրապես բժշկությունը հասարակությունից բխող գործառույթ է։ Եվ որքան էլ մենք չցանկանանք անդրադառնալ մեր ներկա վիճակին, փաստ է, որ Հայաստանի բնակչության շուրջ 40 տոկոսն աղքատ է, ունենք գործազրկության խիստ բարձր մակարդակ, սոցիալական ապահովագրություն գոյություն չունի, պետպատվերն իրականում հիվանդին օգնելու փոխարեն ավելի շատ կրում է ձևական բնույթ և այլն։ Արդյունքում բժշկական որոշ մասնագիտություններ, որոնք չեն բերում դոտացիաներ կամաց-կամաց վերանում են։ Չկա կադրային քաղաքականություն, չկա սերնդափոխություն, չկա «թարմ արյուն», չկա նոր հոսք։ Այսօր ունենք մասնագիտություններ, օրինակ՝ ֆթիզիատրիան կամ տարբեր ուղղվածության թերապիաներ, որոնք աստիճանաբար վերանում են։ Նոր դեմքեր պարզապես չկան։ Այս ամենին գումարած ունենք պարադոքսալ մի վիճակ, երբ Հայաստանից որակյալ մասնագետների արտահոսք է տեղի ունենում։ Գրեթե բոլոր մանկական կարդիովիրաբույժները տեղափոխվել են Գերմանիա, մեծ է անեսթեզիոլոգների արտահոսքը նույն Գերմանիա։ Իսկ երիտասարդ անեսթեզիոլոգներ չկան։ Բժշկության առանցքային ճյուղեր դատարկվել են։

- «Նոր կադրեր չկան», այսինքն մասնագիտական որակների առումով թո՞ւյլ են։

- Ո՛չ։ Ուղղակի չկան՝ ֆիզիկապես չկան։ Ոչ թե թույլ են, այլ պարզապես գոյություն չունեն։ Հակառակը՝ եղածները բավականին ուժեղ են։ Սակայն, նոր սերնդի մասնագետներ գրեթե չկան։

- Կոպիտ է հնչում, բայց մոտավորապես ստացվում է այսպես․ «ո՞ւմ է պետք լավ բժիշկը, երբ պացիենտն անվճարունակ է»։

- Իհարկե այդպես չէ։ Չէի ցանկանա, որ բժիշկը ներկայացվի զոհի կամ քավության նոխազի կերպարում։ Իրականում այդպես չէ։ Պարզապես ստեղծվել է մի իրավիճակ, որը դժվարեցնում է աշխատանքը։ Հաշվի առնելով առողջապահության համաշխարհային միտումները, նաև այն, որ մենք, ճիշտ է շատ դանդաղ, բայց աճում ենք, հույս ունեմ, որ ոլորտի այսօրվա իրականությունը վաղ թե ուշ կփոխվի։

- Դուք այն մասնեգետներից եք, որոնք Հայաստանը պարբերաբար ներկայացնում են բժշկական միջազգային տարբեր հեղինակավոր հարթակներում, մշտական շփման մեջ եք առաջատար կլինիկաների մասնագետների հետ։ Վերջին տարիներին կարծես մոդայիկ է դարձել «մենք մի 50 տարով հետ ենք» արտահայտությունը։ Բժշկության առումով ինչպիսի՞ն է վիճակը՝ հե՞տ ենք, առա՞ջ ենք...

- Որպես առանձին վերցրած մասնագետներ, որպես անհատակություններ մենք իհարկե հետ չենք։ Բայց քանի որ չկա զարգացման լուրջ ծրագիր, ես, մասնավորապես, մեր ոլորտի հետ ընկնելը կգնահատեմ շուրջ 20 տարի, առաջատար երկրների հետ համեմատած՝ միգուցե ավելի շատ։

- Խոսեցիք մասնագետների արտահոսքի մասին։ Մյուս կողմից խոսվում է սոցիալական լուրջ խնդիր ունեցող Հայաստանից նաև հիվանդների արտահոսքի մասին՝ նույն Գերմանիա։

- «Մեծ արտահոսք» ասվածը խիստ չափազանցված է։ Կարծում եմ դա իրականությանը չի համապատասխանում։ Պարզապես կան վճարունակ քաղաքացիներ, որոնք կարող են իրենց թույլ տալ լիարժեք բուժում ստանալ այլ երկրներում։ Այստեղ ոչ մի արտառոց կամ անհարմար բան չկա։ Ամբողջ աշխարհում թափ է հավաքում բժշկական տուրիզմը։ Այսինքն՝ Գերմանիա բուժվելու մեկնում են ոչ միայն Հայաստանից, այլև ԱՄՆ-ից ու աշխարհի այլ երկրներից։ Միաժամանակ կարող եմ բերել հակառակ օրինակը․ միգուցե պարադոքսալ է, բայց փաստ է՝ Հայաստասնում բավականին մեծ թվով վիրահատվում են Իրանի, Ռուսաստանի նույն Գերմանիայի, Միացյալ Նահանգների, Իսրայելի քաղաքացիներ։ Անձամբ ես ունեմ այլ երկրներից ժամանած պացիենտներ։

- Ինչպե՞ս է կարգավորվում այդ հարցը։ Ինչպե՞ս է օտարերկրացին Հայաստանում գտնում իր բժշկին։ Պետությունը որևէ կերպ օժանդակո՞ւմ է։

- Ոչ։ Պետությունը պարզապես հետաքրքրված չէ այս հարցում։ Կան կենտրոններ, կան մասնագետներ որոնք աշխատում են այս ուղղությամբ, փորձում են միջազգային մակարդակով ներկայացնել Հայաստանը։

- Հիմա Հայաստանի բժշկությունը լա՞վն է, թե՞ վատը։

- (Ժպտում է-խմբ․) Լավը չէ։

- Կարեն Կարապետյանի վարչապետության մեկ տարում անընդհատ լսում ենք, որ մեզ լավ մենեջերներ են պետք։ Որակյալ մենեջմենթի պարագայում, որքա՞ն ժամանակ է հարկավոր որպեսզի բժշկությունը Հայաստանում ունենա զարգացման ցանկալի մակարդակ։

- Նախ կցանականայի շեշտել, որ մենեջմենթով զբաղվելը բացարձակապես բժշկի գործառույթը չէ։ Լավ բժիշկ լինելը ամենևին չի ենթադրում լավ մենեջեր լինել, և հակառակը։ Ճիշտ է, լինում են բացառություններ, և մեզանում էլ նման անձինք կան, ովքեր դուրս են այս դոգմայից։ Սակայն, իրականում բժիշկը չպետք զբաղվի մենեջմենթով։ Դրանով պետք է զբաղվեն հատուկ մասնագետներ կամ ծառայություններ։ Ընդ որում, աշխատանքի կազմակերպման առումով, դրա կարիքը ահռելի է։ Առանց դրա հնարավոր չէ կազմակերպել բշկական գործառույթների իրականացումը։ Բժշկի գործը բուժելն է, որակյալ բուժօգնությամբ ապահովելը, «լավ ձեռք» ունելալը, հոգեբան լինելը և այլն, բայց ո՛չ մենեջմենթով զբաղվելը։ Իսկ ընդհանրապես Հայաստանում բժշկական մենեջմենթը վատ է կազմակերպված։ Դա մեր թույլ կողմն է։ Սակայն, մյուս կողմից, ամեն ինչ քայլ առ քայլ է արվում։ Չի բացառվում, որ վաղ թե ուշ ի վերջո կհասկացվի, որ պետք է լինեն առողջապահական մենեջմենթի որակյալ կազմակերպիչներ։

- Հայաստանի ներկայիս քաղաքական, տնտեսական իրողություններից ելնելով՝ արդյո՞ք հնարավոր է ունենալ լոկալ զարգացող առողջապահության ոլորտ։ Թե՞ զարգացման միակ ճանապարհը համակարգային փոփոխություններն են։

- Փորձը ցույց է տալիս հետևյալը՝ կան կենտրոններ և կան մասնագիտություններ որոնք որ շատ արագ տեմպերով զարգանում են՝ ապահովելով բարձր որակ։ Բայց ցավոք, սրտի կան մասնագիտություններ, որոնց պահանջարկը շատ բարձր է, սակայն դրանք չեն զարգանում կազմակերպչական թերի, հաճախ սխալ մոտեցման պատճառով։ Պետական օժանդակություն պարդատիր պետք է լինի։ Առանց դրա հնարավոր չէ։ Հայաստանի բնակչությունը մոտ 2․5 մլն է, լավ պաշտոնապես՝ թող լինի 3 մլն։ Նման թվով բնակչությանը ապահովել սոցիալական բժշկությամբ՝ հավատացեք դժվար չէ։ Կարելի է շատ արագ դա կազմակերպել և ունենալ զարգացած առողջապահության ոլորտ։ Մեզանում իրականության այլ է․ կան տաղանդավոր անձինք, որոնք որ իրենց բժշկական կենտրոնները, լաբարատորիաները զարգացնում են՝ դարձնելով շատ ակտիվ աշխատող։ Սակայն, այդ կենտրոններում ընդգրկված չեն, ենթադրենք, քրոնիկ հիվանդների բուժման մեխանիզմները, քանի որ դա եկամտաբեր չէ։

- Մեծ հաշվով Ձեր ասածը ավելի շատ բիզնես նածագիծ է, քան բժշկություն։

- Այո՛, բիզնես նախագիծ է։ Իսկ բիզնեսում չընդգրկված ծառայությունները դուրս են մնում։ Պետությունն էլ դրան ի միջի այլոց է նայում։ Պետություն ասելով՝ նախ և առաջ հասկանում ենք առողջապահության ոլորտի պատասխանատուներին։

- Ինչը՞ կփոխի առողջապահության ներկայիս պատկերը։ Կամ ի՞նչը պետք է փոխվի Հայաստանում, որպեսզի ունենաք ցանակալի մակարդակի բժշկություն։

- Պրովոկացիոն հարց է։ Մոտեցումը։ Առաջին հերթին շարքային քաղաքացու հանդեպ մոտեցումը։ Անձին երբևէ չի կարելի վերաբերվել որպես ամբողջի մասնիկի, առավել ևս մեր պարագայում։ Իսկ հիվանդ-բժիշկ հարաբերությունների որակը նաև տվյալ հասարկության, քաղաքական դաշտի և կարևոր այլ ինստիտուտների մակարդակի արտացոլումն է։

Scannews.am

 

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. փետրվարի 20
19:15 20 Փտր 2018
Դիտումներ 132
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Չգրված օրենքների միջով անցնողը
10:30 20 Փտր 2018
Դիտումներ 237
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. փետրվարի 20
09:30 20 Փտր 2018
Դիտումներ 146
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ջոն Լենոն. Դուք չեք հասկացել կյանքը
08:45 20 Փտր 2018
Դիտումներ 34
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր փետրվարի 20-ն
08:00 20 Փտր 2018
Դիտումներ 78
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ