Հայը, վրացին և ադրբեջանցին հավակնում են Ռուսաստանի գլխավոր մաֆիոզի դերին

Շաքրո Մոլոդոյը, Վասյա Վոսկրեսը և Էդուարդ Թբիլիսկին համարվում են քրեական աշխարհի ամենաազդեցիկ դեմքրից ու չնայած դրան՝ Ռուսաստանի գլխավոր մաֆիոզի տեղը մինչ օրս թափուր է: Դրա համար պայքար են մղում հին ֆորմացիայի օրենքով գողերը և նոր գողերի սերնդի ներկայացուցիչները: Քրեական թագի գլխավոր հավակնորդներին ներկայացնում է РИА Новости-ն։
Շաքրո Մոլոդոյ
Շաքրո մականունով Վրաստանում ծնված Զախարի Կալաշովը արդեն երիտասարդ տարիներին հասցրել է երկու անգամ բանտարկվել: Թբիլիսիի բանտում օրենքով գողի կարգավիճակ ստանալով՝ տեղափոխվել է Մոսկվա և զբաղվել ռեստորանային բիզնեսով:
Բացի օրինական եկամուտներից նա նաև ստվերային շահույթներ ուներ: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Շաքրոն մասնագիտացել է շորթման և ռեյդերային զավթումների մեջ: Երեք մահափորձից հետո տեղափոխվել է Իսպանիա:
Եվրոպայում շարունակել է քրեական գործունեությունը, բայց տեղական ոստիկանությունը ռուս մաֆիոզների դեմ որս է սկսել: Փողերի լվացման և կազմակերպված հանցավոր խմբի ստեղծման համար իսպանական դատարանը նրան դատապարտել է 9 տարվա ազատազրկման:
Այդ նույն ժամանակ նրան սպասում էին պատմական հայրենիքում, որտեղ մարդու առևանգման համար նա հեռակա կարգով 18 տարվա էր դատապարտվել: Սակայն նա ազատվելուց հետո Վրաստանի փոխարեն ՌԴ է մեկնում:
2015-ին 8 մլն ռուբլու շորթման մեղադրանքով նա նորից մեկուսարանում է հայտնվում, այս անգամ՝ մոսկովյան: Այժմ 64-ամյա Շաքրոյի գործը քննում է դատարանը:
Լոտու Գուլի
Լոտու Գուլի մականունով Բաքվի օրենքով գող Նադիր Սալիֆովը 1995-ին շորթման, մարդկանց առևանգելու և զենքի ապօրինի պահպանման համար դատապարտվել էր 27 տարվա ազատազրկման:
Sputnik Ադրբեջանի տվյալներով՝ անգամ ճաղերի հետևում նա մի շարք ծանր հանցագործություններ է կատարել՝ բջջային հեռախոսների միջոցով ազդեցիկ քաղաքացիներից փողեր է շորթել:
2017-ի աշնանը նրան վաղաժամկետ ազատ են արձակել:
Որոշ տվյալներով՝ այժմ 45-ամյա Գուլին գտնվում է Թուրքիայում, որտեղ պարբերաբար ժողովներ է անցկացնում և լուրջ թիմ է հավաքում:
Վասյա Վոսկրես
Վասյա Վոսկրես մականունով Նիժնի Նովգորոդից Վասիլի Խրիստոֆորովը օրենքով գողերի չափանիշներով քրեական աշխարհ է մտել բավական ուշ՝ բանակում ծառայելուց հետո:
Տաքսու վարորդի վրա ավազակային հարձակումից հետո դատապարտվելով՝ նա օրենքով գողի կարգավիճակ է ստացել: Ազատվելուց հետո մնացել է հայրենիքում, որտեղ էլ գլխավորել է խմբավորումներից մեկը: Այդ ժամանակ նա սկսել է հետաքրքրվել Սարով քաղաքի մետաղներ վերամշակող գործարանով:
Այստեղ նրա համար լուրջ մրցակիցներ են հայտնվում՝ մարզիկների խումբ, որը գլխավորում էր տեղացի ձեռնարկատերը:
2003-ին Նիժնի Նովգորոդի կենտրոնի սրճարանում խմբերը որոշել են, թե ով է ի վերջո ղեկավարելու ձեռնարկությունը: Զրույցն ավարտվել է ձեռնամարտով և հրաձգությամբ: Այս կռվի համար Վասյան նորից է դատապարտվել:
Այժմ 45-ամյա օրենքով գողը համարվում է Շաքրո Մոլոդոյին հաջորդողներից մեկը:
Էդիկ Թբիլիսկի
Էդիկ Թբիլիսկի մականունով Վրաստանում ծնված Էդուարդ Ասատրյանը դեռ 1990-ականներից է օրենքով գող: Պնդում են, որ նրան թագադրել են վրացական բանտում:
Նա նաև հասցրել է լինել Վլադիմիրսկի ցենտրալում:
Որոշ տվյալներով՝ հեղինակությունը նախկինում եղել է ռուսական հանցավոր աշխարհի թագավոր Ասլան Ուսոյանի՝ 2013-ին Մոսկվայում սպանված Դեդ Հասանի կլանում: Մյուս տեղեկություններով՝ նա բացահայտ Դեդ Հասանի դեմ է արտահայտվել:
Ասատրյանը տարբերվում է ոչ միայն դատվածությունների մեծ քանակով, այլև բուռն խառնվածքով: 2000 թվականին ուժայինների կողմից ստեղծված շրջակայման ժամանակ նա փորձել է ТТ ատրճանակ խլել: 2014-ին արդեն Մոսկվայում մի քանի գրամ կոկաինի պատճառով դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:
2017-ի ամռանը 50-ամյա հեղինակությունը ազատվել է բանտից:
Տարո
Վրացական հանքափորային քաղաքի բնակիչ, Տարո մականունով Տարիել Օնիանին խորհրդային ֆորմացիայի վերջին օրենքով գողերից է: Նա ունի ընդամենը 10 տարվա դատվածություն՝ գողությունների, ավազակությունների, շորթման համար:
1980-ականներին Օնիանին հաստատվել է Մոսկվայում՝ գլխավորելով շատ ազդեցիկ «քութաիսյան խմբավորումը»:
1990-ականներին տեղափոխվել է Ֆրանսիա, այնտեղից՝ Իսպանիա: Երբ Եվրոպայում սկսեցին ռուսական մաֆիային հետապնդել, Տարոն վերադարձավ Ռուսաստան: 2010-ին գործարարին առևանգելու համար նրան կալանավորեցին և 10 տարվա ազատազրկման դատապարտեցին: