Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Գևորգ Մելիքյան․ Թուլացող ՌԴ-ն շատ ավելի վտանգավոր է

11:30 13 Փտր 2018
Դիտումներ 408
Գևորգ Մելիքյան․ Թուլացող ՌԴ-ն շատ ավելի վտանգավոր է

Scannews-ի զրուցակիցը քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանն է։

Օրերս Վաշինգտոնի Atlantic Council (Ատլանտյան խորհուրդ) վերլուծական կենտրոնի Դինու Պատրիսիուի անվան Եվրասիա կենտրոնի տնօրեն, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթը հայկական թերթերից մեկի հետ ունեցած հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ կայսերական Ռուսաստանը կանհետանա, և Հայաստանը կստանա իր հնարավորությունը։ Համաձա՞յն եք այս կարծիքի հետ։

Ես, իհարկե համաձայն չեմ հեղինակի արտահայտած այդ մտքերի հետ, Հայաստանը չի կարող սպասել, մինչև միգուցե երբևէ, որևէ պահի ՌԴ-ն հիպոթետիկ առումով կվերանա, նոր դրանից հետո ինքը կունենա լիակատար կամ որևէ կարգի ազատություն․սա  նշանակում է ուղղակի, այսպես ասած, ճակատագրապաշտություն, որ մենք դատապարտված ենք և միայն կարդինալ կամ պարադիգմատիկ փոփոխությունների պարագայում ՀՀ-ն կարող է ունենալ հաջողություններ։ Սա անընդունելի է, ՀՀ-ն պիտի իր ներսում գտնի այդ հնարավորությունները։

Իհարկե, հասկանալի է, որ բոլոր առումներով ՀՀ-ն սահմանափակումներ ունի՝ աշխարհաքաղաքական, տնտեսական և այլն (ռեսուրսների մասով), բայց դա հենց առավելապես նշանակում է, որ պետք է բազմապատկել ջանքերը, բազմազանեցնել ոչ ստանդարտ լուծումներ փնտրելու ջանքերը և այլն։ Այսինքն՝ ՀՀ-ն ոչ թե պետք է համարի, որ խնդիրը ՌԴ-ն է (իհարկե ՌԴ-ն կամ որևէ այլ երկիր կարող է օգտվել ՀՀ-ի թուլությունից, խոցելիությունից), այլ գիտակցի՝ ինքն է իր համար խոցելի միջավայր ստեղծում։ Այսինքն՝ ցանկացած պետություն, գլոբալ առումով միշտ էլ ունի խոցելի տեղեր, և սա պետք է հնարավորություն տա յուրաքանչյուր ազգի, եթե ինքը փորձում է որպես կայացած, 21-րդ դարի ժամանակակից ազգ ներկայանալ առանց միֆերի, առանց հեքիաթային ցանկություններ ունենալու, լինել ռեալ, իրատեսական։ Ինքը, բնականաբար, հենց իմանալով իր խոցելիությունը, այդ թվում՝ արտաքին ուժերից կախվածությունը և լծակների առկայությունն արտաքին խաղացողների կողմից՝ պետք է կարողանա օգտվելով դրանից, իմանալով իր խոցելիության աստիճանը՝ առավելապես իրեն երաշխավորի հնարավոր սպառնալիքներից։

Իսկ մեզ մոտ, փաստացի, մենք տեսնում ենք, որ ավելի շատ հայկական կողմի համար սովորություն է դարձել անընդհատ մեղավորներ փնտրել դրսում։ Եվ շատ վատ է, որ միջազգային հանրությունն էլ ՀՀ-ի լինել-չլինելը կապում է  հենց ՌԴ-ի լինել-չլինելու հետ։ Նույնիսկ եթե ինքը ճիշտ է ասում, սա արդեն մտահոգվելու առիթ է տալիս։ Եթե սխալ է ասում, կրկին մտահոգվելու առիթ է տալիս, որովհետև միևնույն  է՝ կրկին ՀՀ-ի լավը կամ վատը կապվում է ՌԴ-ի հետ։ Այսինքն, նշանակում է, որ մենք շատ հարցերում սխալ ենք գնացել, դրա համար մեզ անընդհատ ասոցացնում են ՌԴ-ի հետ և չեն դիտարկում որպես առանձին միավոր։

Առաջիկա տարիներին ՀՀ-ի ներքին ու արտաքին քաղաքականությունների ի՞նչ հնարավոր փոփոխությունների ականատես կլինենք։

Ես չեմ կարծում, որ ՀՀ-ն կգնա պարադիգմատիկ փոփոխությունների։ Ես կուզեի տեսնել նման փոփոխություններ ընդհանուր միջավայրի փոփոխության․ Արցախյան հարցում նոր մոտեցումներ, հակառակ դեպքում մենք տեսնում ենք, որ 90-ականների տրամաբանությունը որոշակի փոփոխություններով, բայց գրեթե նույնությամբ պահպանվել է։ Եվ այսօր միայն մեղադրել Ադրբեջանին դեստրուկտիվ լինելու մեջ, նշանակում է ուղղակի ոչինչ չանել։ Որևէ քննարկում համենայնդեպս տեսանելի մակարդակում Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման մասով գրեթե չկա։ Իհակե և՛ ՀՀ, և՛ Արցախի հանրապետության դիվանագիտությունն աշխատում է, բայց գլոբալ առումով մենք տեսնում ենք, որ խոչընդոտներն ավելի շատ են։ Բայց զարմանալիորեն երկուսի մոտ էլ կա տպավորություն, որ դա ընդամենը ժամանակի խնդիր է, և ինչ-որ հրաշքով հնարավոր է, որ միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ ՌԴ-ը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, դրանից միջազգային հանրության մոտ որևէ բան չփոխվեց։ Եվ այստեղ ունե՞նք մտահոգվելու տեղ։

Այսինքն՝ մենք չպետք է մշտապես կառչենք միջազգային հանրության ցանկությունից, որն իրենով շատ ամորֆ երևույթ է։ Նորից վերադառնում ենք այն կետին, որ այս երկրների ապագան իրենց հզորության մեջ է։ Դա նշանակում է լավ ճանապարհներ, տնտեսական վերելք, ժողովրդավարական ինստիտուտների կայացում, մենաշնորհների վերացում, այսինքն՝ սրանք բոլորն ինչ-որ առումով ֆանտաստիկայի ոլորտից են հնչում, բայց ավելի իրատեսական են, քան սպասել, որ մի օր որևէ մի իքս երկիր, ինչպես որ Ցեղասպանության  հարցով տարիներ շարունակ սփյուռքի կառույցները կերակրում են իրենց համայնքներին այն մտքերով, որ մի քիչ էլ կմնա, ու կճանաչի ԱՄՆ-ը կամ նույնիսկ Թուրիքան, կամ ուրախանում են, որ այստեղ կամ այնտեղ որևէ կառույց դատապարտում կամ որոշակիրեն անդրադառնում է Ցեղասպանությունը, ընդհակառակը, ավելի վատ, որ անդրադառնում են։ Քանի որ դա նշանակում է, որ իրենք դա անում են, երբ իրենց հարմար է, և ոչ թե երբ մեզ է պետք։ Նշանակում է, որ մենք խնդիր ունենք մեր ինքնիշխանության հետ։ Դրա համար ավելի իրատեսական է իրականացնել այդ խնդիրների լուծումները, քան սպասել, որ քաղաքական որոշումներ կկայացվեն, որ մոլորակներն այնպես կդասավորվեն, որ հանկարծ ինչ-որ պետություն ճանաչի․․․Այսինքն, նորից մենք ամբողջովին ապավինում ենք ինչ-որ մի երկրի, ինչ-որ մի իքս երկրի։

Իսկ ինչո՞ւ պետք է այս կամ այն  երկիրը ճանաչի, հենց այնպե՞ս, ուղղակի՞, բարի կամքի դրսևորմա՞մբ։ Հույսը դնել բարի կամքի վրա, որ ինչ-որ մի երկիր կճանաչի՞, կամ ՀՀ-ի կողմը «կբռնի՞», կամ միգուցե ԵԱՀԿ Մինսկի խումբը մի օր հասցեական հայտարարություն կանի՞, ասենք թե դրանով ՀՀ-ն կհամարի, որ ինքը դիվանագիտական լուրջ առաջընթա՞ց է գրանցում։ Կոնկրետ արդյունքներ են պետք՝ շոշափելի, տեսանելի, հոտոտելի։ Խնդրի լուծումը ներսից փոփոխություններ անելն է։ Ցանկացած մարդ նախևառաջ զբաղվում է իր ինքնակրթությամբ, որի ընթացքում ինքը կարող է օգտվել այս կամ այն կառույցից, ինստիտուտից, համակարգից։ Բայց եթե մարդը չունի իր զարգացման պլանը, ինքը չգիտի, թե ուր է ուզում գնալ, և ուղղակի, դեպի որ կողմ փչում է քամին, այդ կողմ էլ սկսում է գնալ, այդպես հնարավոր չէ։ Պետք է ունենալ մայրենի լեզու, չի կարելի ամեն մեկի հետ իր լեզվով խոսել։

ՀՀ-ի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն ակնկալվո՞ւմ է առաջիկա տարիներին։

Վեկտորի փոփոխությունը պետք է լինի ընդհանուր պետական տրամաբանության, փիլիսոփայության փոփոխությունից։ Այսինքն՝ տեսլականը պետք է փոփոխվի։ Ես, համենայնդեպս, չեմ տեսնում, որ ՀՀ-ում ինչ-որ բան է փոխվել դիվանագիտական կորպուսում կամ արտաքին քաղաքականություն մշակողների մոտ, որ հույս ունենամ, թե շուտով ինչ-որ բան կփոխվի։ Իրենք քաղաքականությունն ըստ իրենց ճաշակի են կառուցել։ Ըստ իս՝ այդ ճաշակը վաղուց արդեն հնացած է, շատ հնաոճ է այդ ճաշակը։ Միգուցե ինչ-որ պահի, օրինակ, 90-ականներին այն հետաքրքիր է եղել, ունեցել է նորություններ ԽՍՀՄ-ի փլուզման ֆոնին, նոր հանրապետությունների ի հայտ գալու ֆոնին, հետգաղութային այդ ժամանակահատվածի համար հետաքրքիր էր այդ ամենը, բայց արդեն այդ ժամանակներն անցել են, մոտ 30 տարի անցել է այդ ժամանակից։ Մենք, ինչպես որ շատ հարցերում տեսնում ենք, որ բազմաթիվ մարդիկ կան, ինչպիսին եղել են 30 տարի առաջ, նույն մտածողությամբ շարունակում են նաև հիմա, պետական համակարգն էլ գլոբալ առումով նույնությամբ փորձում է պահել իներցիան, բայց նոր բաներ առաջարկելուց վախենում է, որովհետև դրա համար նոր մոտեցումներ են պետք, և փաստացի մենք անընդհատ ականատես ենք լինելու ավելի շատ խնդիրների, քան՝ լուծումների։

Բայց ցավալին նաև այն է, որ 90-ականներից նրանք ժառանգել են անսխալականության համախտանիշը, իրենց թվում է, որ ուղղակի դիմացինը հիմար է, ու չի տեսնում այն լավ բաները, որ իրենք անում են։ Սա արդեն իսկ սխալականության նշան է։ Փոփոխությունը համոզելով չի լինում, դա պետք է մարդը տեսնի և զգա։ Մարդը պետք է անզեն աչքով տեսնի փոփոխությունը, եթե նրան պետք է համոզեն, որ հիմար է ու դրա համար չի տեսնում, սա արդեն խնդիր է։ Լավ բանը կրակի նման է, չես կարող թաքցնել, բոլորս էլ սպասում ենք լավ բանի, մենք հիմար չենք, որ լավ բանը տեսնենք ու չտեսնելու տանք։ Բայց համակարգն այնպիսին է դարձել, որ ոչ թե իրենք են փորձում լավ բան անել, այլ փորձում են ավելի շատ աշխատել սպառողի վրա, որ դիմացինն ընդունի, որ իրենք ինչ-որ լավ բան են արել։ Այսինքն՝ ուղեղի լվացման հաշվին փորձում են համոզել մարդկանց, որ լավ բան են արել։ Գուցե 10-ից 1-ը չտեսնի այդ լավ բանը, բայց երբ 10-ից 9-ը չեն տեսնում, ուրեմն խնդիրն անողի մոտ է, ոչ թե չտեսնողի։ Մենք վերանայումների խնդիր ունենք, անընդհատ ու անընդհատ մեղավորությունը յուրաքանչյուրի՝ Ադրբեջանի, ՌԴ-ի, Թուրքիայի, Նահանգների, Սաակաշվիլու, դեմոկրատական արժեքների մեջ փնտրելը սխալ է; Ասել, որ բոլորը սխալ են ու չեն հասկանում ոչ մի բան, միայն հայերն են, որ ամեն ինչ հասկանում են ու աշխարհի կենտրոնում են, նույնպես սխալ է։ Պետք է ապացուցել հակառակը։

Այնուամենայնիվ եթե ոչ վերացում, ապա առաջիկա 10-20 տարիներին ՌԴ-ի թուլացում, ինչու չէ, նաև ԱՄՆ նոր պատժամիջոցների ֆոնին կարո՞ղ ենք ակնկալել։

Իմ վերաբերմունքը ՌԴ-ին եղել և մնում է  նույնը, բայց դա չի նշանակում, թե մենք նորից պետք է քարոզչության մյուս կողմն անցնենք։ Փլուզման մասին խոսակցությունները 21-րդ դարում, ըստ իս, արդեն ժամանակավրեպ են։ Նույնը վերաբերում է նաև բոլոր նրանց, ովքեր գիշերները չեն քնում, և սպասում են, որ Թուրքիան պետք է վաղը կործանվի։ Անգամ Սիրիայի նման պետությունը, դեռևս վերջնական մասնատման չի հասել։ Այսինքն՝ դրանք գործընթացներ են, որոնք պետք չի աչքը թարթելու նման վերաբերվել։

Տեսնում ենք, որ տնտեսական առումով 2015թ․ պատժամիջոցները շատ լուրջ անդրադարձան ՌԴ-ի վրա, բայց հիմա ՌԴ-ն որոշակի տնտեսական աճ է գրանցում, և սա ազդակ է, որովհետև ինչպես ՌԴ-ի, նաև Չինաստանի հետ կապված կար թերահավատություն, այդպես հեշտ չի։ Մանավանդ, որ ես չեմ տեսնում կոնկրետ գործողություններ, որոնք ուղղված են ՌԴ-ին մինչև վերջ ծնկի բերելուն։ Միգուցե, եթե Արևմուտքը իսկապես իր վրա վերցնի նման առաքելություն, որ ՌԴ-ին պետք է վերջնականապես ծնկի բերել, մասնատել, փորձել ջնջել այդ երկիրը երկրի երեսից, դա այլ թեմա է։ Դա ենթադրում է պատերազմ։ Բայց նստել ու հանգիստ խոսել ցամաքի 1/6-րդ տարածքը գրավող երկրի մասին, դա անլուրջ է։

Տեխնոլոգիաների դար է, եթե կիզոլացնեն, գուցե, բայց մենք տեսնում ենք, որ նման բան չկա։ Այո, ՌԴ-ն այսօր լուրջ խնդիրներ ունի, բայց դա նաև ենթադրում է ՌԴ-ի կողմից սպառնալիքների ավելացում։ Այստեղ ՌԴ-ին սեղմելով պատին՝ որևէ մեկը չի հաշվարկել (որովհետև քաղաքագիտությունը չունի նման կանխատեսումների մոդելներ), թե ինչ ուժով նա կարող է արձագանքել։ Տարբեր տեսակի արդյունքներ կարող են լինել։ Որևէ մեկը չի կարող ասել, որ սեղմելով ՌԴ-ին՝  մենք շատ ավելի վատ ՌԴ չենք ունենա։ Դրա համար պատահական չի, որ ԵՄ-ում ու ԱՄՆ-ում ՌԴ-ին փափուկ ուժով ճնշելուն են կողմնակից։ Այսինքն, բնականաբար կա ցանկություն ՌԴ-ին սանձելու, բայց իրենք հասկանում են, որ այդ սանձելու ընթացքում ՌԴ-ն կարող է սմբակներով հարվածել։ Այսինքն՝ խնդիրը երկկողմանի է։ Այնպես չէ, որ ուժերն այնքան տարբեր են, որ ուղղակի արդյունքը առանց մտածելու ակնհայտ է։ Ոչ, ակնհայտ չէ։

Ես չեմ կիսում հեղինակի այդ կարծիքը։ Այն, որ ՌԴ-ում կան տնտեսական հարցեր, մի շարք այլ հարցեր՝ կապված բնապահպանության, ժողովրդագրության, կրիմինալի աճի, մահացությունների դեպքերի, ծնունդների պակասի, առողջապահական ծառայությունների որակի հետ, և մի շարք այլ խնդիրներ կարելի է թվարկել, բայ սա բնավ չի նշանակում, որ գլոբալ առումով ՌԴ-ն կանգնած է այնպիսի թուլացման եզրին, որ ուղղակի աչք փակի ու համարեն, որ ՌԴ-ն այնքան է թուլացել, որ ստիպված է Հարավային Կովկասից հեռանալ, Սիրիայից հեռանալ, Ուկրաինայից հեռանալ։ Եթե մենք տեսնենք, որ վաղը ՌԴ-ն ինչ-ինչ պատճառներով, ոչ թե իր սեփական նախաձեռնությամբ ու համաձայնության գալով է հեռանում, այլ ստիպված է հեռանում, այդ ժամանակ մենք կարող ենք այդ մասին խոսել՝ հեռահարության մեջ տեսնելով, թե ՌԴ-ն ուր է գնում։ Բայց այս պարագայում դա կարող է ուղղակի ինչ-որ մեկի ցանկությունը լինել։ Եվ սա գլոբալ առումով վատ է ՀՀ-ի համար, որն իսկապես կախվածություն ունի ՌԴ-ից։ Բայց թույլ կամ թուլացող ՌԴ-ն էլ ավելի վտանգավոր է իրենից թույլ պետությունների համար։ Ամբողջ բարկության պաշարը ինքը կարող է պարպել ավելի թույլ պետությունների վրա, ինչը որ տեսանք Վրաստանի, Ուկրաինայի պարագայում։ Եվ ինչը որ կարող ենք տեսնել Հայաստանի պարագայում։ Այսինքն՝ ավելի անպաշտպան պետություններ, որոնք չունեն ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ին աջակցող պետությունների գոնե բանավոր աջակցությունը, ՌԴ-ն շատ դաժան է վարվում։ Եվ դեռ պարզ չէ, թե ՀՀ-ին արդյոք ձեռնտո՞ւ է թույլ ՌԴ-ն։ Եթե ասենք ՌԴ-ի վերացում, անհետացող ՌԴ, միգուցե, բայց դա ուտոպիզմ է։ Իսկ թուլացող ՌԴ-ն շատ ավելի վտանգավոր է։ Սա հասկանում են նաև Արևմուտքում։

Անի Եղիազարյան

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. նոյեմբերի 13
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 138
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 13-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ոչինչ հավերժ չէ
21:00 12 Նմբ 2018
Դիտումներ 685
Պատմության այս օրը. նոյեմբերի 12
09:30 12 Նմբ 2018
Դիտումներ 203
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 12-ն է
09:00 12 Նմբ 2018
Դիտումներ 126
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արհեստական ինտելեկտի մասին
21:00 11 Նմբ 2018
Դիտումներ 857
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պայծառ երևակայության տեր երիտասարդը
20:30 11 Նմբ 2018
Դիտումներ 283
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 11
09:30 11 Նմբ 2018
Դիտումներ 176
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 11-ն է
09:00 11 Նմբ 2018
Դիտումներ 102
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ