«Ժամանակ»․ Անուշ Սեդրակյան․ ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանին ճարահատյալ է նշանակում

«Ժամանակ»-ի զրուցակիցն է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:
Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե որոշի դառնալ նախագահ, ապա լինելու է ոչ թե 3-րդ հանրապետության 4-րդ նախագահը, այլ 4-րդ հանրապետության 1-ին նախագահը: Ձեր կարծիքով՝ սա իր մեջ ի՞նչ ուղերձ է պարունակում:
Ինձ դուր չի գալի այդ ուղերձը, որովհետև եթե մենք ունենք թեկուզ ֆորմալ անկախության 25 տարի, չի կարելի այդ տարիները ջնջել ու ասել, որ ձևավորվում է ինչ-որ մի 4-րդ հանրապետություն: Ոչ թե ձևավորվում է նոր հանրապետություն, այլ շարունակվում է ինքնիշխանության հիմքը և հետքը: Առաջին նախագահ լինելու համար այստեղ երկու ֆունկցիա կա. նախ մենք ունենում ենք միանգամից երկու առաջին նախագահ, և ես պատկերացնում եմ, թե ինչպես է ընդվզելու Լևոն Տեր-ՊԵտրոսյանի ճամբարը, որովհետև եթե զուտ ֆորմալ, օրենքի տառին հետևենք, պիտի հասկանանք, որ այնուամենայնիվ, լավ լինի, թե վատ, մենք ունենք մեկ առաջին նախագահ, և նա Լևոն ՏԵր-Պետրոսյանն է:
Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի նման ամբիցիոզ հայտարարությանը, թե ուզում եմ լինել 4-րդ հանրապետության առաջին նախագահը, ապա ցանկալի է, որ այդ հայտարարությանը հետևեր պատճառաբանություն, որ պատրաստվում եմ կատարել այս-այս փոփոխությունները՝ պետության հին մեխանիզմների ապակառուցում, նորի ստեղծում: Բայց քանի որ Արմեն Սարգսյանը համաձայնելու դեպքում, ավտոմատ համաձայնում է նաև իր լիազորությունների վերջնական և արմատական սահմանափակմանը, ապա կարելի է ասել, որ այդ հայտարարությամբ ինքը անում է, ինչպես ասում են, փոքր ֆեյս: Այսինքն՝ դու ուզում ես ցույց տալ ավելի մեծ հավակնություններ, բայց այդ հավակնություններն իրականացնելու համար հիմքեր չունես: Եվ դա էլ է մեծ խնդիր, արդեն հիմա տեսնում ենք երկու մեծ հակասություն կա, որը ստիպում է ինձ պնդել, որ այնուամենայնիվ, ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանին ճարահատյալ է նշանակում, որովհետև արդեն հիմիկվանից ՀՀԿ-ական ճամբարում հայտարարում են, որ Սերժ Սարգսյանը լինելու է անվիճելի վարչապետ, և նա չի ուզում մտնել նախագահի դաշտ, որովհետև նախագահի դաշտ, փաստորեն, գոյություն չունի, ամբողջ իշխանությունը պատկանում է վարչապետին, իսկ գալիք նախագահն ուզում է ցույց տալ, որ ինքն, այնուամենայնիվ, լիազորություն ունի և իրենից ինչ-որ բան կախված է: Առայժմ այսպիսի կուլիսակուլուարային քննարկում է գնում:
Այսինքն՝ կարծում եք, որ ՀՀԿ-ի ներսում անգամ նախագահի թեկնածո՞ւի շուրջ կա հակասություն:
Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ում չի կարող ինչ-որ բանի շուրջ լինել հակասություն, բացի փողից: Դրանք արդեն ներքին հակասություններ են, որոնք մեզ հասու չեն, որտեղ լուծվում են իրենց ներքին խորհուրդների, շղթաների, բանակցությունների և կռիվների միջոցով: Միայն այդ հակասությունն է, որ կարող է լինել ՀՀԿ-ում: Մնացած բոլոր առումներով ՀՀԿ-ն ուղղորդվող, մեկ կենտրոնից ղեկավարվող, կենտրոններ փոխելու համար պատժվող կուսակցություն է, որը շատ լավ յուրացրել է իր դասը՝ սպասում է, թե ինչ է ասելու Սերժ Սարգսյանը և հետևելու է այդ ինստրուկցիաներին: Դա շատ վտանգավոր միտում է, որովհետև հրահանգավորվող մարդիկ հանկարծակի կարող են սկսել հրահանգավորվել ավելի ուժեղ կենտրոնից և տառացիորեն դավաճանել իր նախկին լիդերին: Մենք այդ սխեման շատ ենք տեսել ՀՀՇ-ի օրինակով, ՀՀՇ-Երկրապահ օրինակով, տարբեր միավորումների ձևափոխման օրինակով: Դրա համար Սերժ Սարգսյանը պետք է զգույշ լինի դրանից:
Ամբողջական՝ թերթի օրվա համարում
16:15 28 Դեկ 2018