Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հրաչիկ Միրզոյան. Դատախազի ձայնով խոսում է բռնապետական համակարգը

10:30 13 Փտր 2018
Դիտումներ 544
Հրաչիկ Միրզոյան. Դատախազի ձայնով խոսում է բռնապետական համակարգը

ScanNews.am-ի զրուցակիցն «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Հրաչիկ Միրզոյանն է:

- Պարոն Միրզոյան ՀՀ քաղաքական ուժերը՝ իշխանական և ընդդիմադիր, որքանո՞վ են իրենց գործունեությամբ նպաստում ՀՀ քաղաքական դաշտի կայացմանը:

 - Քաղաքականությունը նախևառաջ գաղափարների մրցակցություն է հանուն առաջընթացի, կուսակցությունները՝ գաղափարի շուրջը համախմբված, որոշակի ձևով կազմակերպված գաղափարակիրների միավորում է:  Կա՞ արդյոք Հայաստանում գաղափարակիրներ և նրանց միավորող կուսակցություններ: Ձևականորեն՝ կա: Ձևականորեն, որովհետև հայաստանյան կուսակցությունները մարդկանց համախմբում է ոչ թե գաղափարի, այլ առանձին անձանց շուրջը: Հանրապետական կուսակցությունը Սերժիկ Սարգսյանի, Բարգավաճը՝ Ծառուկյանի, «Ելք» դաշինքը՝ Նիկոլի: Նույնիսկ ՀՅԴ-ն իր հարյուրամյա փորձով այժմ մոռացել է իր գաղափարական հենքը և հայաստանյան կազմակերպություններում ընթանում է ոչ թե գազափարի, այլ իր վերնախավի հետևից:  Սա շատ վտանգավոր, անկայուն  իրավիճակ է, որը առայժմ վերահսկվում է այսպես կոչված «քաղաքական էլիտայի» կողմից, որովհետև գաղափարների փոխարեն մրցակցում են մի քանի խումբ մարդիկ անձնական ամբիցիաների ու խմբակային շահերի համար: Սա նշանակում է, որ մեր երկրում չկա դասական քաղաքական դաշտ: Կա խմբակային պայքար  հանուն իշխանական լծակների, հանուն կերակրատաշտին մոտիկ գտնվելու, հանուն խմբակային շահերի: Այսպիսի «քաղաքականությունն»  անտեսում է հասարակության շահն ու առաջընթացը: Ինչո՞ւ այսպես ստացվեց: Հիմնական «մեղավորը» Կուսակցությունների մասին օրենքն էր, որն աղճատեց «կուսակցություն» գաղափարի հիմնական գործառույթը և տվեց հնարավորություն ստեղծելու գրպանային կուսակցություններ, որտեղ որոշումները վերևից են իջեցվում սկզբնական կուսակցական կազմակերպություններին՝ երբեմն առոչինչ դարձնելով նրանց գոյության անհրաժեշտությունն անգամ: Սա նշանակում է քաղաքական դաշտի ոչնչացում:

Հետագա զարգացումների ընթացը ցույց տվեցին, որ «կուսակցությունը», որը հնարավորություն ունի տվյալ պահին որոշում ընդունելու, շարունակում է խժռել քաղաքական դաշտի մնացորդները ոտնձգություններ անելով անգամ մայր օրենքի՝ Սահմանադրության վրա:  Այսօր մենք ունենք միակուսակցական քաղաքական դաշտ, (պայմանականորեն այդպես անվանենք այն, ինչ մնացել է քաղաքական դաշտից), որի վերնախավի կարկառուն ներկայացուցիչներն օլիգարխներ են, որոնց հարստության աղբյուրը, մեղմ ասած, կասկածելի է: Քաղաքական դաշտի մյուս խաղացողներն այս միահեծան կուսակցության արբանյակներն են: Քաղաքական պայքարն Հայսատանում իմիտացիա է, թատերական խաղ, որը կառավարվում է մի ռեժիսորի կողմից:  Այսպես կոչված ընդիմադիրները՝ «Ելքը»  իբրև արմատական, իսկ «Ծառուկյանի բլոկ»-ը՝ չափավոր, մեղավոր են այնքանով, որ մասնակցելով թատերական խաղին, որպես երկրորդական դերակատարներ, ինչ-որ չափով «զարդարում»  են ներկայացումը՝ մեղմելով  մոնոլոգի պարզունակությունը: 

Ասածս բոլորովին չի նշանակում, թե Հայաստանում չկան իրական, ընդունակ գաղափարակիրներ  և քաղաքական դաշտը իբրև մերկացված է գաղափարներից: Հայաստանում քաղաքական միտքը ճգնաժամի մեջ չէ:  Պարզապես  իրական ընդդիմադիրները,  որոնք ընդունակ են հասարակությունը զարգացման գազափարներ գեներացնել, առաջ մղել հասարակությանը, կա՛մ իշխանությունների կողմից դուրս են մղվել՝ ճաղերի հետևում են, կա՛մ արտագաղթել են,  կա՛մ էլ չեն ուզում խաղալ միակուսակցական համակարգի խաղի կանոններով:

Ավելացնեմ, որ եթե հասարակության մեջ չկա քաղաքական-գաղափարական առողջ մրցակցություն, ապա այդպիսի հասարակությունը կառավարվում է բռնապետական համակարգով՝ դրանից բխող իր բացասական հետևանքներով:

Երկար տարիներ որոշ ընդդիմադիր ուժեր, այդ թվում «Հիմնադիր խորհրդարան»-ը փորձել են ծրագրեր մշակել, իշխանափոխության հասնելու համար: Ինչու՞ դրանք այդպես էլ կյանքի չեն կոչվում:

- Դեպի արժանապատիվ երկիր ճանապարհը փշոտ է: Այսօրվա ժողովրդավարական պետությունները, պիտի ասեի՝ մարդեղեն պետությունները, անցել են այդ ճանապարհը:  Այդ ճանապարհին նրանք զոհել են իրենց լավագույն զավակներին, արյուն են հեղել իշխանությունների պատվանդանին: Ընդհանրապես մարդկությունը, ժողովուրդները ավելի շատ ջանք, արյուն-քրտինք են թափել ո՛չ թե արտաքին, այլ ներքին թշնամուն հաղթահարելու համար:  Սակայն պատմիչները գովերգում են միայն արտաքին թշնամու դեմ տարած հաղթանակները: Ի՞նչու: Որովհետև պատմություն գրելու պատվերը միշտ էլ տվել են իշխանավորները, մյուս կողմից էլ արտաքին թշնամու մասին գրելը վտանգավոր չէ: Պատմության այս միակողմանիությունը խանգարում է հասկանալ, որ պատմություն կերտողի՝ ժողովրդի, ջանքերը  անընդմեջ ու անընդհատ են ժամանակի ընթացքում: Մի սերնդի պայքարով այն չի կարող պսակվել հաղթանակով, դա անընդհատ գործընթաց է: Այնպես որ ընդդիմադիր ուժերի, այդ թվում «Հիմնադիր խորհրդարան»-ի  պայքարը հանուն արժանապատիվ երկրի կառուցման, ընդամենը այդ պայքարի մի դրվագն է: Պատմությունը դեռ պանծացնելու է «Սասնա Ծռեր»-ի ապստամբներին, նաև նրանց, ում այս օրերին անարդարացիորեն պատժաչափ է նշանակում ՀՀԿ-ական բռնապետական համակարգը:

Հետադարձ հայացք գցելով անցյալի՝ մասնավորապես «Սասնա Ծռեր»-ի պայքարի վրա, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այն որևէ արդյունք տվեց:

- Քաղաքական դաշտի ամայացումը և արդարադատության վերացումը անհետևանք չի անցնում: Քաղաքական ուժերը չգտնելով խնդիրների ու գաղափարների ինստիտուցիոնալ լուծման ճանապարհներ, որոնում են այլ ուղիներ և դա նրանց սրբազան իրավունքն է: Քաղաքական միտքն այդ իրավունքն անվանում է ապստամբության իրավունք: Պատմությանը հայտնի չէ մի դեպք, երբ բռնապետությունը  էվոլուցիոն ճանապարհով վերափոխվել է ժողովրդավարության: Հայաստանը բացառություն չէ և պատահական  կայծը կարող է դառնալ համաժողովրդական  ընդվզման սկիզբը: «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը թեև չկարողացավ հաղթահարել բռնապետության պատնեշը, այնուամենայնիվ խստագույն նախազգուշացում եղավ  և խառնեց բռնապետության խաղաթղթերը: Այն դաս եղավ նաև ընդդիմադիրների համար: Ակնհայտ է, որ առայժմ ճակատային գրոհով հնարավոր չէ հաղթահարել բռնապետական  պատնեշը, ուժերը ճիշտ ու հաշվենկատ պետք է դասավորել: Այնպես որ հասարակության թվացյալ հանդարտությունն ու անդորրը ընդամենը ուժերի վերադասավորման ժամանակամիջոց է, փոթորիկներ են հասունանում խորքում: «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը ընդամենը մի աստիճան է հայկական ժողովրդավարության կառուցման ճանապարհին:

Ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի այն հայտարարությանը, որի համաձայն ինքը տեղյակ չէ, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան:

 - Վերաբերում եմ հումորով. դոկտոր մարդ է, լեզուներ գիտի, բայց չգիտի, որ այն երկրում, որտեղ իրեն նախագահ են նշանակում, ներքաղաքական գերլարված վիճակ է, բանտերում հարյուրի չափ մարդիկ են հեծում  այլախոհության համար, որտեղ  յուրաքանչյուր կայծ կարող է հասարակական ընդվզման ալիք բարձրացնել և արյուն հեղել: Իսկ ավելի լուրջ. Արմեն Սարգսյանին մի խնդիր պետք է մտահոգի. ի՞նչ անել  մեղմելու համար լարվածությունը հասարակության մեջ և ինչպե՞ս մեղմել հասարակության բևեռացումը քաղաքական և տնտեսական իմաստով: Արմեն Սարգսյանին վարչախումբը օգտագործելու է որպես դեկոր թաքցնելու համար իր անմարդկային էությունը և խնդիրը բոլորովին էլ նախագահի պաշտոնի դեկորատիվ լինելը չէ:

 Վերջերս Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի քրեական գործով մեղադրող դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով՝ պահանջելով Ժիրայր Սեֆիլյանի համար 11 տարվա, իսկ Գևորգ Սաֆարյանի համար՝ 4 տարի 6 ամսվա ազատազրկում: Համարու՞մ եք, որ ՀՀ իշխանությունները քաղաքական հաշվեհարդար են տեսում որոշ ընդդիմադիր ուժերի հետ:

- Ժիրայր Սեֆիլյանը դատավարության ժամանակ անմռունչ լսում էր դատախազի մեղադրական ճառը: Նա հասկանում էր, որ դատախազի ձայնով խոսում է բռնապետական համակարգը, որը չի հանդուժում այլակարծություն: Այս դատավարությամբ միակուսակցական բռնապետությունը խնդիր է լուծում՝ ցույց տալ հասարակությանը իր ուժը՝ իբրև թե օրենքի անունից: Այսօր Ժիրայրին և մյուսներին են փակում, վաղը կգան իմ հետևից, հետո՝ մյուս  այլախոհների: Մեր ժողովուրդը  տեսել է միակուսակցական բռնապետությունը,  անցել է այդ գեհենի միջով: ՀՀԿ-ական իշխանությունը ընդամենը  արտաքին հարդարանքով է տարբերվում բոլշևիզմից գաղափարական հակառակորդներին չեզոքացնելու մասով: Սա հենց քաղաքական դաշտը ոչնչացնելն է կամ քաղաքական դաշտի կայունացումն է «պլինտուսի» մակարդակում: Շուտով նման սցենարով կտեսնենք «Սասնա Ծռեր»-ի դատավարությունը:  Բռնապետական համակարգում իշխանության հիմնական գործիքները «արդարադատությունն» է և ուժային կառույցները: Համակարգը ամբողջովին վերահսկում է արդարադատությունը, զարգացում է ստանում կառավարման կոմպրոմատային եղանակը, տոտալ վերահսկողություն է սահմանվում բոլոր բնագավառներում, այդ թվում՝ ընդհուպ ընտանեկան կյանքի:

Հարցազրույցը՝ Անահիտ Սիմոնյանի

ԵՂԱՆԱԿ
Եղանակը մայիսի 20-ին
09:30 20 Մայ 2018
Դիտումներ 364
Եղանակը մայիսի 20-ին
Եղանակը մայիսի 20-ին
21:16 19 Մայ 2018
Դիտումներ 511
Եղանակը մայիսի 20-ին

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

 
Պատմության այս օրը. մայիսի 21
10:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 145
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր մայիսի 21-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 104
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:02 20 Մայ 2018
Դիտումներ 263
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. մայիսի 20
11:30 20 Մայ 2018
Դիտումներ 166
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Եղանակը մայիսի 20-ին
09:30 20 Մայ 2018
Դիտումներ 364
Այսօր մայիսի 20-ն է
09:00 20 Մայ 2018
Դիտումներ 118
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Եղանակը մայիսի 20-ին
21:16 19 Մայ 2018
Դիտումներ 511
Օրվա մամուլի ընտրանի. մայիսի 19
19:00 19 Մայ 2018
Դիտումներ 156
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ՖՈւՏԲՈԼ. Այսօրվա խաղերը (ըստ ժամերի)
15:00 19 Մայ 2018
Դիտումներ 216
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ԱԱԾ պետը հերքել է
14:21 19 Մայ 2018
Դիտումներ 486
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. մայիսի 19
09:30 19 Մայ 2018
Դիտումներ 268
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ