Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը՝ ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հարթա՞կ

11:30 09 Փտր 2018
Դիտումներ 260
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը՝ ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հարթա՞կ

Երեկ Ֆրիդրիխ Էբերտի հայաստանյան մասնաճյուղն ու Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) համատեղ կազմակերպել էին սեմինար, որի նպատակն էր գնահատել և քննարկել Եվրոպական միության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև համագործակցության հնարավորությունները ներկայումս ծավալվող զարգացումների խորապատկերին ու ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) լույսի ներքո:

Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի Եվրոպայում համագործակցության և խաղաղության տարածքային գրասենյակի (Վիեննա) հետազոտող Ալեքսանդրա Վասիլևան ներկայացրեց «Համագործակցության կոչ. ինչո՞ւ պետք է Եվրոպական միությունը երկխոսություն ծավալի Եվրասիական տնտեսական միության հետ» խորագրով զեկույցը: ՄԱՀՀԻ Քաղաքական զարգացումներ և անվտանգություն ծրագրի ասոցացված փորձագետ և Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) ասպիրանտ Անի Եղիազարյանը անդրադարձավ «Ինչպե՞ս, ե՞րբ և որտե՞ղ է հնարավոր ԵՄ-ԵԱՏՄ համագործակցությունը» հարցերին:

Ա․ Եղիազարյանն իր խոսքում նշեց, որ չնայած գոյություն ունեցող խոչընդոտներին (ՌԴ-ի համար խոչընդոտ են ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներրը, իսկ ԵՄ-ի համար խոչընդոտ են ՌԴ-ի պատասխան պատժամիջոցները և Ուկրաինայի հարցում անզիջում պահվածքը)` կան դրական ազդակներ երկու կողմից էլ, և այդ համատեքստում առանձնացրեց երկու կառույցի առաջատար երկրներին․ «ԵՄ-ի դեպքում դա Գերմանիան է, ԵԱՏՄ-ի դեպքում՝ ՌԴ-ն։ Գերմանիայի կողմից որպես դրական ազդակներ կարող են դիտարկվել

ա) «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումը ի հեճուկս ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին, ԵՄ մի շարք պետությունների կոչերին՝ չկայացնելու նման որոշում, քանի որ դրանով Ուկրաինան զրկվում է ռուսական գազը Եվրոպա հասցնելու գործընթացում իր տարանցիկ դերից,

բ) ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներն անմիջապես չեղարկելու մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը, եթե ՌԴ-ն կատարի «Մինսկ 2»-ով ստանձնած պարտավորությունները,

գ) առևտրատնտեսական հարաբերությունների պահպանումը․ շատերի գնահատմամբ՝ Գերմանիան վարում է իր կշռին ոչ համարժեք արտաքին քաղաքականություն։

Դրա հիմնական պատճառներից մեկը տարբեր երկրների հետ ունեցած առևտրատնտեսական լավ հարաբերություններն են և դրանք պահպանելու ձգտումը։ Եվ Ուկրաինայի հայտնի դեպքերի և դրանց հաջորդած փոխադարձ պատժամիջոցների հետևանքով խստապես տուժել են ռուս-գերմանական երկկողմ առևտրային կապերը։ Եվ բնական է, որ գերմանական բիզնեսը, նաև իշխանությունները ձգտում են հնարավորինս շուտ վերականգնել ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերությունների նախկին մակարդակը։ Որպես ՌԴ-ի կողմից ազդակներ Ա․ Եղիազարյանն առանձնացրել էր ՌԴ նախագահ Վ․Պուտինի մի քանի հայտարարություններ, համաձայն որոնց ՌԴ նախագահը կողմ է արտահայտվում ԵՄ-ի հետ համագործակցությանը, Եվրասիական միությունը դիտարկում է որպես Մեծ Եվրոպայի անքակտելի մաս՝ միավորված ազատության, ժողովրդավարության ու շուկայական օրենքների միասնական արժեքներով, ընդգծում, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում չկան անլուծելի խնդիրներ։

Որպես ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հարթակ դիտարկվեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որի անխոչընդոտ իրականացումը կդառնա ՌԴ-ի և ԵՄ-ի միջև երկխոսության մոդել և նախադեպ։ Ընդգծվեց, որ CEPA-ն երկկողմ դրական ազդակ է, քանի որ ԵՄ-ը ցույց տվեց, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չդարձավ նրա հետ նմանատիպ համաձայնագիր ստորագրելու համար, իսկ ՌԴ-ն էլ իր հերթին չտորպեդահարեց այն՝ թեև շատերը թերահավատորեն էին վերաբերում Հայաստանի ու ԵՄ-ի միջև տվյալ համաձայնագրի կնքմանը։

Կոչ արվեց համագործակցել՝ օգտագործելով Հայաստանը որպես հարթակ, ձևավորելով վստահության մթնոլորտ ԵԱՏՄ-ԵՄ միջև, ստեղծելով համագործակցութան նախադեպ և մոդել, նվազեցնելով լարվածությունը ԵԱՏՄ-ԵՄ տարածքում, ապահովելով երկխոսության և քաղաքակիրթ մրցակցության դաշտ։


Հասմիկ Եղիազարյան

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Ապագան բախում է դուռը…
20:00 22 Հոկ 2018
Դիտումներ 79
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ուղիղ
11:03 22 Հոկ 2018
Դիտումներ 95
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. հոկտեմբերի 22
09:30 22 Հոկ 2018
Դիտումներ 203
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 22-ն է
09:00 22 Հոկ 2018
Դիտումներ 115
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 21-ն է
09:00 21 Հոկ 2018
Դիտումներ 95
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ