Վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են. նախարար

Իրադարձային 02.07.2020   11:49   276

«Վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են, իհարկե կան 1-2 ազատ  տեղեր հիվանդանոցներում և մենք կարողանում ենք դրանց հաշվին ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիներին տեղավորել, որոնց թիվն այսօր գումարային կազմում է 650 հոգի»,- կառավարության այսօրվա նիստում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և հավելեց, որ նրանցից 44-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին:

Նախարարը հայտնեց, որ նախորդ օրը 593 նոր դեք  է արձանագրվել 2100 տեստավորման արդյունքում  և նկատեց, որ արձանագրման տոկոսի առումով էական փոփոխություն չկա:

«Դժբախտաբար ունեցել ենք 6 մահ կորոնավիրուսից և 4 մահ ունեցել ենք նաև կորոնավիրուս ունենալով, բայց ոչ կորոնավիրուսից»,- հայտնեց առողջապահության նախարարը:

Արսեն Թորոսյանի խոսքով, ընդհանուր առմամբ հաստատվել է 26658 վարակի դեպք, 459 մահ  է եղել և ապաքինվել են 15036-ը:

Նախարարը հայտնեց, որ Սպիտակի և Մարտունու հիվանդանոցները ապահովվելու են անհրաժեշտ սարքավորումներով և թթվածնային հագեցվածությամբ:

«Առավոտյան 9:00 դրությամբ տանը հոսպիտալացման 11 սպասող ունենք, որից 4-ը միջին ծանրության և 7-ը թեթև: 80 հոգի սպասում են տեղափոխման  կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ»,- հայտնեց նախարարը և շեշտեց, որ այդ մասով վիճակը հարաբերականորեն կայուն է:

Նախարարը հայտնեց, որ այն երկրներում որտեղ պարտադրվում է դիմակներ կրելը և այդ կանոնը պահպանվում է նկատվում է իրավիճակի կայունացում և թվերի նվազում:
 



 Պիտակներ
         Վերակենդանացման բաժանմունքներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb