Վայոց ձորի փոխմարզպետը հրաժարական է տվել

Իրադարձային 04.03.2021   12:27   49

Հարգելի հայրենակիցներ,

Այսօր մեր հայրենիքի առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած, և ազգովի համախմբվելու, սխալները գիտակցելու, առկա խնդիրները լուծելու և առաջ շարժվելու փոխարեն, մեր երկրի իշխանությունները զբաղված են ջրբաժաններ կառուցելով՝ այս օրհասական պահին «իմ և քո»-ի մեթոդաբանությամբ ժողովրդին պառակտելով։

Ես՝ որպես բանակի ձևավորման ակունքներում կանգնած զինվորական, ողջ կյանքս նվիրել եմ հայրենիքիս պաշտպանության և հզորացման գործին՝ նախ որպես ազատամարտիկ, այնուհետև ՀՀ Զինված ուժերի սպա՝ հպարտորեն կրելով այդ պատվավոր կոչումը։

Մասնակից լինելով պետականաշինության գործին, անընդունելի համարելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հրաժարվում եմ Վայոց ձորի մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման ղեկավարի (հրամանատարի) պաշտոնից և որպես արժանապատիվ սպա՝ հայտարարում եմ, որ միանում եմ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությանը և իմ զորակցությունն եմ հայտնում ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին։

Իմ զինակից ընկերներին, Հայոց բանակի զինծառայողներին հորդորում եմ ամուր պահել մեր հայրենի սահմանները, չկորցնել զգոնությունը և ամենայն պատասխանատվությամբ կատարել իրենց գործը:

Վայոց ձորի մարզպետի տեղակալ, պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյան


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb