Վատ ընկեր
Արջը, աղվեսն ու դաշտամուկը ընկերացան:
-Ընկերությունն ինչ է, որ չկարողանանք անել,- մտածեց արջը`արջավարի ձեռնաբաց:Ես իմ ունեցածը կկիսեմ ընկերներիս հետ:
-Դե, ընկերություն է, կանենք` կքնենք, կարթնանանք,կուտենք, կխմենք: Ընկերություն է էլի,էլ ոնց պիտի լինի`կլինի,-մտածեց աղվեսը:
-Հա, լավ է, Էս աշխարհից քիչ կվախենամ`ընկերներ կունենամ: Արևի տակ ման գալն էլ ինձ համար մարդավարի կլինի,-մտածեց դաշտամուկը:
Մտածեցին,որոշեցին ու ընկերացան:
-Մի պարկ ցորեն եմ ամբարել: Գարնանը ցանելու համար այն շատ-շատ է,-դիմեց նրանց արջը:Եկեք ամեն մեկիդ բաժին տամ,ինչ ուզում եք արեք ձեր բաժին ցորենը: Մնացածը թող մնա գարնանացանին:
-Եղավ,-ուրախացավ աղվեսն ու վերցրեց արջի տված մի բուռ ցորենը:
-Կտանեմ,հավերին կգայթակղեմ: Ցորենը նրանց ոտի տակ կփռեմ ու ես այդ հավերին հատ-հատ կհավաքեմ,-որոշեց նա:
-Շատ լավ,-ուրախացավ դաշտամուկը,- վերցրեց իր բաժին ցորենն ու տարավ աչքից հեռու վայելելու:
Ձմեռն անցավ,եկավ գարուն:Վար ու ցանքի ժամանակն էր: Արջը,որ երկար քնով էր անցել`արթնացավ:
-Ո՞ւր եք, իմ ընկերներ,-ձայնեց արջը: Աղվես,դաշտամուկ, շուտ այստեղ եկեք, գնանք ցորենը ցանելու:
Ձայնեց ու մտավ մառան ցորենը բերելու: Բայց այնտեղ նույնիսկ մի կորեկ չգտավ:Ցորենի պարկը դատարկ ու կրծոտված ընկած էր:
-Ընկերներ,-մռնչաց արջը գոռալու նման,-շուտ մառան եկեք,-ցորենը գողացել են:
Բայց արջի մռնչոցը անարձագանք մնաց: Ոչ աղվեսը, ոչ էլ դաշտամուկը` մառան չգնացին:
Երբ արջը կատաղած գնաց ընկերների մոտ, տեսավ որ նրանք թեժ կռվի մեջ են`քիչ է մնում իրար ուտեն:
-Ինչո՞ւ ես գողացել, ստոր, հողոտ արարած,- դաշտամկան վրա կատաղած հարձակվում էր աղվեսը:
-Բա դու ինչո՞ւ ես գողացել,-ծվծվում էր դաշտամուկը պաշտպանվելու փոխարեն թռչկոտելով այս ու այն կողմ:
-Ախ դուք անամոթներ,մի սրանց տեսեք,-գոռաց զայրացած արջը,-բանի տեղ չիմանաք: Դեռ ընկերներ էլ ձեզ համարում եք: Կորեք աչքիցս, ես էլ ձեր ընկերը չեմ,-ասաց արջն ու աչքի առաջը ջուր առած գնաց դեպի ընկերները:
Աղվեսը պուկ փախավ սարն ի վեր, ժայռն ի վար: Մտավ խոր ձոր, գտավ մութ անտառ, թաքնվեց՝ կորավ արջի աչքից:
Դաշտամուկը հենց արջի ու աղվեսի աչքի առաջ գետնի տակն անցավ:
Այդ օրվանից աղվեսը զգուշանում է արջին տեսնելիս` նրա աչքին աշխատում է չերևալ: Դաշտամկան գործը դժվարացել էր`աղվեսը չէր էլ ուզում հիշել,որ ընկերներ են եղել: Նա որոշել էր դաշտամկան ցեղի վերջը տալ` հերթով բռնելով և ուտելով նրա բարեկամներին: Իբր թե`դաշտամկանը չէր կարողանում ներել,որ վատ ընկեր էր…
Հեղինակ` Հասմիկ Աջամյան
Նմանատիպ նյութեր