Վաշինգտոնը շեշտում է՝ հայ ժողովուրդը հարձակման է ենթարկվում

Իրադարձային 30.10.2020   13:10   30

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգներն ակտիվացնում է ջանքերը ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Երեկ նախագահ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը կրկին զանգահարել է Հայաստանի վարչապետին և, ըստ պաշտոնական Երևանի, հավաստիացրել, որ ամերիկյան կողմը շարունակելու է միջնորդական գործունեությունը՝ հրադադար հաստատելու ուղղությամբ։ Ինքը՝ Օ՛Բրայենը, հեռախոսազրույցից հետո Թվիթերում գրել է. - «Վարչապետ Փաշինյանի հետ զրույցում ես վերստին ընդգծեցի, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հետևեն հրադադարի իրենց հանձնառությանը»։

«Երկու երկրների ժողովուրդներն էլ շատ են տանջվել», - փաստել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանի ժողովուրդն է կրում կորուստների հիմնական ծանրությունը, քանի որ ենթարկվում է ռազմական հարձակման։ Եվս մեկ անգամ ընդգծելով, որ այս հակամարտությունը պատերազմով չի կարող լուծվել, Թրամփի խորհրդականը նաև հայտարարել է. - «Մենք հորդորում ենք արտաքին ուժերին զերծ մնալ միջամտությունից և միանալ գործընթացը բանակցային հուն վերադարձնելու՝ Միացյալ Նահանգների ջանքերին»։

Հայաստանի վարչապետը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, ամերիկյան կողմի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը, ոտնահարելով միջազգային հարաբերություններում ընդունված բոլոր նորմերը և անտեսելով Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, երեք անգամ անընդմեջ խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները, որոնցից վերջինը ձեռք էր բերվել ԱՄՆ մայրաքաղաքում:

Սա Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Օ՛Բրայենի երկրորդ հեռախոսազրույցն էր Ղարաբաղում ավելի քան մեկ ամիս շարունակվող պատերազմի ընթացքում։ Առաջինը տեղի էր ունեցել ռազմական գործողությունների մեկնարկից մոտ հինգ օր անց, երբ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարություն էին տարածել և հորդորել կողմերին դադարեցնել ռազմական գործողություններն ու բովանդակալից բանակցություններ սկսել խնդրի խաղաղ կարգավորման համար։

Ամբողջական՝ սկզբնղբյուրում։


 Պիտակներ
         ԱՄՆ նախագահի խորհրդական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb