Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին դադարեցնել ընդդիմախոսների բռնաճնշումները

Իրադարձային 31.07.2020   15:38   288

ԱՄՆ արձագանքում է Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների ու ընդդիմախոսների ձերբակալույուններին, որոնք համընկան հայ-ադրբեջանական սահմանային բախումների հետ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ բռնություններից և հարգել հիմնարար ազատությունները: ԱՄՆ արտաքին գերատեսչությունն արձագանքել է վերջին շրջանում ահազանգող հաղորդումներին, ըստ որի, Ադրբեջանում իշխանությունները ձերբակալում և բռնաճնշումների են ենթարկում ընդդիմադիր գործիչներին և լրագրողներին:

Բռնության այս ալիքը հաջորդեց հայ-ադրբեջանական սահմանային բախումներին: Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին պատշաճ հետաքննել ոստիկանության բռնությունների և բռնաճնշումների մասին հաղորդումները՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի 20-ին ԱՄՆ պետքարտուղարությունը անդրադարձել էր Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին: Պետքարտողարության հրապարակած Քովիդ 19-ի համավարակի օրերին ժողովրդավարության ու մարդու իրավունքերի հետ կապված իրավիճակի շուրջ անդրադարձում ասված է, որ Ադրբեջանի իշխանությունները ձերբակալում ու բռնաճնշումների են ենթարկում ընդդիմադիր գործիչներին և կառավարության ընդդիմախոսներին, որոնցից մեկն, ըստ պետքարտուղարության, անգամ հայտնվել է հոգեբուժարանում:

ԱՄՆ-ը կոչ էր արել Ադրբեջանի իշխանույուններին զերծ մնալ Քովիդ-19-ի դեմ պայքարի քողի ներքո ընդդիմությանը, քաղաքացիական հասարակությանը կամ հանրության այլ խմբերին լռեցնելուց:

ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Հոգլանդի կարծիքով նման բռնաճնշումները ցավոք սովորական են հետխորհդային տարածքում: Ըստ դեսպանի՝ հաճախ այս երկրների առաջնորդները օգտագործում են ընթացող միջազգային զարգացումները ընդդիմության հետ հաշվեհարդար տեսնելու համար:

Իր հերթին Ադրբեջանի վերջին այս զարգացումներին անդրադարձել է նաև «Վաշինգտոն Փոստ» պարբերականի խմբագրականը «Ադրբեջանի նախագահը մտադիր է կազմաքանդել իր քաղաքական ընդդիմությունը» վերնագրով: Պարբերականը նշում է, որ նախագահ Ալիևի՝ երկաթե բռունցքի օգտագործումը իր ընդդիմախոսներին ոչնչացնելու համար հակասում է ժողովրդավարության սկզբունքներին:

«Այժմ համավարակի, նավթի գների անկման և հակառակորդ Հայաստանի հետ լարվածության աճի պայմաններում պարոն Ալիևը հանկարծ բացահայտել է թշնամիների, քաղաքական ընդդիմության հինգերրոդ շարասյունը և սկսել վերջիններիս նետել բանտեր»,- գրում է պարբերականը: Նախագահ Ալիևը որպես առիթ օգտագործում է Հայաստանի հետ բախումների օրերին Բաքվում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքը ի պաշտպանություն ադրբեջանական բանակի՝ քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալելու համար: Արդյուքում, ըստ «Վաշինգտոն Փոստի», բերման են ենթարկվել մոտ 120 ընդդիմախոսներ:



 Պիտակներ
         Վաշինգտոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb