«Ժառանգությունն» առաջարկում է լիցենզիայից զրկել վարկային կազմակերպություններին

Իրադարձային 25.09.2020   12:20   26

ՀՀ վարկատու կազմակերպությունների և վարկառուների միջև կուտակված և համավարակի ընթացքում ահագնացող խնդիրների մասին արդեն տևական ժամանակ քննարկումներ և բողոքի հանրային գործողություններ են ընթանում, որոնց վերաբերյալ «Ժառանգությունն» իր արձագանքը հնչեցրել է տարբեր հարթակներում: Սեպտեմբերի 24-ի վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների կիրառման, դրանց համաներման խնդիրներին վերաբերող ԱԺ լսումներում ՀՀ ԿԲ փոխնախագահ Ն.Երիցյանի ելույթը, մեր համոզմամբ, նոր հարցականներ առաջացրեց՝  հեռացնելով խնդրի հաղթահարման ուղուց:

  «Ժառանգություն» կուսակցությունն այդ ելույթում հնչած որոշ պնդումներ համարում է խիստ մտահոգիչ, քանզի դրանք չեն արտացոլում ՀՀ վարկային դաշտի իրական պատկերը: Համոզված ենք, որ իրականությանը պետք է նայել բաց աչքերով. հարցերի քողարկումը բնավ խնդրի արդյունավետ լուծում չէ: Եթե իրոք վարկառուների 93%-ը վճարունակ է, ապա վարկատու կազմակերպությունները մտահոգվելու առիթ չունեն և սեփական միջոցների հաշվին կարող են զիջել խնդրահարույց վարկերի տույժ-տուգանքները, որոնք, ըստ ԿԲ փոխնախագահի, վերաբերում են ՀՀ վարկառուների ընդամենը 7%-ին:

Արտահայտելով իր մտահոգությունը  տիրող իրավիճակի վերաբերյալ՝ «Ժառանգությունը» ՀՀ ԿԲ-ին և կառավարությանն առաջարկում է հետևյալ քայլերը.

  1. Վարկատու կազմակերպություններից պահանջել հաշվետվություն այն հաճախորդների մասին, ովքեր մինչ համավարակը եղել են պարտաճանաչ վարկառուներ, սակայն եռամսյա վարկային արձակուրդից հետո ունեն ժամկետանց վարկային պարտավորություններ:
  2. Կառավարության հետ համատեղ քննարկել իրական վիճակագրական պատկերը և մշակել լուծումներ, որոնք չեն վնասի ոչ վարկառուների, ոչ էլ վարկատուների շահերը: Պետության խնդիրը ոչ թե քաղաքացու ունեզրկմանը լռելյայն աջակցելն է, այլ համավարակով պայմանավորված արտակարգ դրության մեջ սատար կանգնելը: Մարել մինչև 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ սպառողական վարկերը:
  3. Պարտադիր դարձնել սպառողական վարկերի ապահովագրությունը:
  4. Լիցենզիայից զրկել Մոգո, Գուդ Կրեդիտ, Հիմա Կրեդիտ վարկային կազմակերպություններին, որոնք ստեղծվել են փողերի լվացման կասկած հարուցող ճանապարհով, դրանց սեփականատերերը, տարբեր աղբյուրների պնդմամբ, Varks.am լիցենզիայից զրկված կազմակերպության հետ են կապված: Varks.am-ի տխրահռչակ գործն այսօր շարունակում են հիշյալ ընկերությունները՝ տրամադրելով 10,000 (տասը հազար) ՀՀ դրամից սկսած վարկեր (Vivus.am):

Տպավորություն է ստեղծվում, թե անհատ վաշխառուների ունեզրկող դերն այսօր ստանձնել են վարկային որոշ կազմակերպություններ, ինչից ակնհայտ է, որ վարկերի մարման խնդիր ունի վարկառու բնակչության ոչ թե 7%-ը, այլ շատ ավելին, որի ստույգ թիվը, հուսանք, ԿԲ-ն կճշտի:

«Ժառանգություն» կուսակցության վարչություն



 Պիտակներ
         «Ժառանգություն»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb