Վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա

Քաղաքական 30.01.2019   12:33   341

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հրավերով հունվարի 30-ի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցի շրջանակում Բեռլինում վարչապետը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ՝ Նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, Կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ հանդես կգա ելույթով: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Գերմանիայի Քյոլն քաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի  գերմանահայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև Քյոլնի քաղաքապետի հետ: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի այցը Քյոլնի տեխնիկական համալսարան և հանդիպում ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ:



 Պիտակներ
         Գերմանիա, Անգելա Մերկել, Նիկոլ Փաշինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon