Վահան Շիրխանյան․ «Անտարակույս, ակտիվանալու ենք»

Հարցազրույց 21.05.2020   12:05   26588

  Հարցազրույց ՀՀ նախկին փոխվարչապետ, պաշտպանության նախկին փոխնախարար, «Սպաների Համահայկական Միության» նախաձեռնող խմբի ղեկավար Վահան Շիրխանյանի հետ

-«Սպաների Համահայկական Միության» հռչակած առաքելություններից՝ հայության առջև ծառացած ռազմաքաղաքական, բարոյահոգեբանական, արժեհամակարգային և տնտեսական մարտահրավերներին միասնաբար դիմակայելն է։
Այսօր աշխարհը ցնցած կորոնավիրուսային համավարակի պայմաններում որակապես նոր մարտահրվարներ են ի հայտ եկել։ Դրանք էապես կարող են վնասել Հայաստանի և հայության համար կենսական նշակաության նպատակները կյանքի կոչելուն։
Ստեղծված իրավիճակում որքանո՞վ են հստակեցված Միության անելիքները։

-ՍՀՄ-ն, ստեղծման պահին հաշվարկել էր բոլոր հայտնի մարտահրավերները և սպառնալիքները։ Սակայն պանդեմիան, հայտնվելով բոլորովին վերջերս, կարողացավ դառնալ սպառնալիք բոլոր երկրների համար, այդ թվում նաև մեր բարեկամ և թշնամի երկրների։ 
Լարվածության սրնթաց աճը, որին մենք ականատես ենք այսօր, կարող է բերել ապակայունացնող լուրջ երևույթների ինչպես միջպետական, այնպես էլ ներպետական։

Սպաների միությունը պետք է սատարի պետությանը ապակայունացումից խուսափելու, նրա կայունությունը և անվտանգությունը ապահովելու համար։ Հակառակ դեպքում, Հայաստանը ևս մեկ քառորդ դարով կհայտնվի թալանչիների գողերի ու անազգ մարդկանց ճանկերում։

-Պանդեմիայի պայմաններում ենթադրաբար արագանալու և լարվելու են նաև ներքաղաքական գործընթացները։ Ունեք արդյո՞ք նախատեսված քայլերի հաջորդականություն՝ երկրի ներսում հնարավորինս զսպելու անցանկալի գործընթացները։

-Պանդեմիան խստագույն հարցեր դրեց իշխանության, հասարակության, քաղաքական դաշտի առջև։ Այն բացահայտեց կապիտալի կուտակման տենդով ապրող, բնական ռեսուրսները գռփող, կողոպտող մարդկության և պետությունների բոլոր բացերը, արհավիրքի դեմ նրանց բառացիորեն անպաշտպան լինելը։

Հայաստանի երիտասարդ իշխանություններից, ՍՀՄ-ը սպասում և պահանջում է օրակարգային համարել արտակարգ պայմաններում պետության գոյատևման ապահովման խնդիրը, նրա ամրության պաշարի մեծացումը, նյութական, ֆինանսական, տնտեսական, պաշտպանական, վարչական, դեղորայքային և այլ ռեսուրսների ապահովումը, աչքի առաջ ունենալով երկրի գերբարձր շրջափակվելիությունը։ 

Միությունը պատրաստակամ է ցուցաբերել առավելագույն աջակցություն այդ բոլոր խնդիրների լուծման համար։ Ի դեպ, այս բոլորը մինչև 1995 թ. պահպանվել էր «խիստ գաղտնի» մոբիլիզացիոն պլանի տակ։ «Մոբռեզերվ» և «Պետռեզերվ» կոչվող հիմնարկները լեցուն էին պարենային, արտադրական, բուժական կարևորագույն անձեռնմխելի ապրանքներով, սակայն դրանք նույնպես արժանացան թալանի,  մսխման բախտին,  մոբիլիզացիոն ծրագրերը «գաղափարապես» մերժող, պետությունը ճաշասեղան համարող, հակազարգացման համակարգը ներդնող նոր «տղերքի» կողմից։

-Եթե անկեղծ լինենք՝ ի՞նչ եք կարծում, Հայաստանի ներքին կյանքում «Սպաների Համահայկական Միությունը» որքանո՞վ է ազդեցիկ գործոն։

-Որքանով ազդեցիկ է սպան իր շրջապատում։ Պոտենցիալը շատ մեծ է, բայց դեռ չի օգտագործվում։

-Միության հոգաբարձուների խորհրդի նախագահ, քաղաքական վերլուծաբան Արբակ Խաչատրյանն, իր հարցազրույցներից մեկում ընդգծել էր, որ հայ սպան, անկախ ամեն ինչից պետք է արժանավայել ապրի։ Խնդիրը իսկապես շարունակում է արդիական մնալ։
Որքանո՞վ է այն լուծելի այսօր, առավել ևս կանխատեսվող համընդհանուր ճգնաժամի պայմաններում։

-Արժանավայել պետք է ապրեն բոլորը։ Սպան, կյանքը Հայրենիքին երդումով նվիրաբերող մարդն է։ Եվ իհարկե, նրա հանդեպ վերաբերմունքը պետք է այլ լինի։ Արդեն 26 տարի է, պատերազմի ավարտից հետո, սպան շարունակում է ծառայել պատերազմական պայմաններում։

Այնտեղ պատերազմը շարունակվում է։ Խրամատը բանկիրի, դատախազի,դատավորի տաքուկ, փափուկ գույքով լցված աշխատասենյակ  չի։ Ոչ մի տրամաբանական բացատրություն չկա, թե ինչու՞ են վերջիններս տասնապատիկ ավել աշխատավարձով և թոշակով ապահովված պետության կողմից։ Այս ճչացող անարդարության վերացման խնդրով պետք է զբաղվի ՍՀՄ-ը։ 
Վստահ եմ, որ կհաջողենք։

Մինչ այսօր սպայի անձնուրաց ծառայության գնահատումը երևում է ՀՀ ազգային հերոսների ցուցակից։ Պատերազմում հաղթանակած երկրում, ոչ մի պրոֆեսիոնալ զինվորական չի արժանացել հերոսի կոչման։ Բայց մի՞թե գեներալ-գնդապետ Դալիբալթայանի, գեներալ-լեյտենանտ Անդրեասյանի, գեներալ-լեյտենանտ Իվանյանի, գեներալ-լեյտենանտ Տեր-Գրիգորյանցի ներդրումները վճռորոշ չեն եղել հաղթանակի գործում։ Սա անարդարություն է և պետք է վերացվի։

-Նույն Արբակ Խաչատրյանը ակտիվ գործունեություն է ծավալում՝ Հայաստանը ներգրավվելու միջազգային տարբեր հեռանկարային ծրագրերում։ Ընդհանրապես ինչպիսի՞ն են Հահմաշխարհային ասպարեզում Հայաստանի հեղինակության բարձրացման տեսլականները։

-Տեղյակ եմ նրա գործունեությունից։ Դա նոր չի սկսվել։ Պատերազմող երկրին, դեռ 90-ականների սկզբին նա լուրջ օգնություն է ցույց տվել զենք մատակարարելով․․․

-Սակայն հանրությունն այդ մասին կարծես տեղյակ չէ․․․

  -Բնականաբար, կար հայտնի շրջանակների «նախանձը»։ Բացի այդ պատերաղզմական դրության պարագայում իրական գործ անողների անունները ավելի նպատակահարմար է աջ ու ձախ չբարձրաձայնել․․․
Իսկ այսօր կոռուպցիոն ղեկավարներից ազատվելուց հետո, Հայաստանի առջև մեծ հեռանկարներ, հնարավորություններ են բացվել, որոնք,  սակայն երիտասարդ  իշխանությունը բավարար չի օգտագործում։ Հավաքական մտքի և միասնական պոտենցիալի օգտագործումը Հայաստանում խիստ թերի է։ Արբակը փորձում է ինքնուրույն լուծել իրեն հասանելի այն խնդիրները, որոնք Հայաստանի համար իրոք կարևոր են։ 

-Կարո՞ղ ենք ենթադրել, որ «Սպաների Համահայկական Միությունը», ելնելով այսօրվա իրողություններից, կակտիվանա։

 -Անտարակույս։ 
 



 Պիտակներ
         Վահան Շիրխանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon