Twitter-ը ջնջել է Փայլանին սպառնալիքներ հնչեցրած թուրք պատգամավորի գրառումը

Իրադարձային 14.05.2021   12:36   70

Twitter-ը բազմաթիվ դիմում-բողոքներից հետո ջնջել է Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Ումիթ Օզդաղի՝ հայ պատգամավոր Կարո Փայլանին ուղղված սպառնալից գրառումը:

Թուրքիայում տեղեկատվական իրավունքի մասնագետ Յաման Աքդենիզը հայտնել է, որ Twitter-ն Օզդաղի գրառումը հեռացրել է, քանի որ այն հակասում է իր կանոններին:

Օզդաղը թիրախավորել էր ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Փայլանին՝ սպառնալիքներ հնչեցնելով նրա հասցեին: Պատճառը  Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Փայլանի թվիթերյան  գրառումն էր:

Փայլանը հայց էր ներկայացրել դատախազություն ազգայական գործիչ Օզդաղի դեմ՝ վերջինիս մեղադրելով «հանցագործություն հրահրելու», «ժողովրդի մեջ թշնամանք սերմանելու», «վիրավորելու և սպառնալու» մեջ: Ումիթ Օզդաղի դեմ մեղադրանք էր ներկայացրել նաև Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը (İHD)։

Հիշեցնենք, որ Օզդաղը, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Փայլանի թվիթերյան գրառմանն անդրադառնալով, նրան սպառնացել էր Թալեաթ փաշայի եղեռնագործությամբ:

Ազգայնամոլ գործիչը հետևյալ գրառումն էր արել. «Անդաստիարակ, սադրիչ անձավորություն: Եթե շատ գոհ չես, գնա գրողի ծոցը: Թալեաթ փաշան աքսորել է ոչ թե հայրենասեր հայերին, այլ քո նման թիկունքից հարվածողներին: Երբ գա ժամանակը քեզ հետ էլ նույնը կպատահի և պետք է պատահի»:

Փայլանը ապրիլի 24-ին գրել էր. «106 տարի անց քայլում ենք  Ցեղասպանության ճարտարապետ Թալյաթ փաշայի անունը կրող փողոցներով: Մեր երեխաներին կրթում ենք Թալյաթ փաշայի անվան դպրոցներում: Եթե այսօր Գերմանիայում Հիտլերի անվամբ փողոցներ լինեին և երեխաները սովորեին վերջինիս անվան դպրոցներում, ապա Գերմանիան կլիներ ճիշտ այդպիսին, ինչպիսին հիմա Թուրքիան է»:

Հայ պատգամավորը, շարունակելով գրառումը, գրել էր. «Քանի որ 106 տարի շարունակ հերքվում է Հայոց ցեղասպանությունը, այս հարցը շարունակում է մնալ այլ խորհրդարանների և այլ պետությունների ղեկավարների քննարկման առարկա: Հայ ժողովրդի ցավը պետք է տեղափոխենք Թուրքիա»:

Աղբյուրը՝ ermenihaber.am


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb