Ճապոնացի գիտնականները ձկների մոտ ինքնագիտակցության նշաններ են հայտնաբերել

Science News 10.02.2020   21:00   750

Ճապոնացի գիտնականները Օսակայի համալսարանից պարզել են, որ ձկներն իրենց ճանաչում են հայելու մեջ նայելիս։ Ինչպես գրում է Asahi թերթը, այս տվյալները դարձել են իրենց տեսակի մեջ առաջինը և կարող են վկայել, որ ձկներն ինքնագիտակցության սաղմեր ունեն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Փորձարկման ժամանակ ճապոնացի գիտնականները ակվարիումի մեջ են դրել մաքրողների տեսակի մերձարևադարձային ձկան, որոնք հաճախ հանդիպում են Ճապոնիայի ջրերում։ Հետո գիտնականները տեղադրել են ոչ մեծ հայելի ակվարիումի դիմաց։ Ձուկն ակնթարթորեն հարձակվել է իր արտացոլանքի վրա՝ ցույց տալով, որ նրան ընկալում է որպես իր տարածքի զավթող։ Բայց ժամանակի ընթացքում կենդանին սկսել է ուսումնասիրել իր «նմանակին», վերուվար անել ակվարիումում և պտտվել իր առանցքի շուրջը։ Հինգերորդ օրը ձուկը հանգստացել է ու չի արձագանքել հայելուն։

Շարունակելով փորձը՝ հետազոտողները նշաններ են արել չորս ձկների վրա, որոնք նույնպես արդեն անցել էին փորձի նախորդ փուլը։ Նրանց նորից տեղադրել են ակվարիումում՝ հայելու առջև։ Տեսնելով իրենց արտացոլանքը՝ չորսից երեք «փորձարկվողները»  փորձել են մաքրել նշանները՝ քսվելով ակվարիումի հատակին։ Արդյունքը թույլ է տվել գիտնականներին պնդել, որ այդ կերպ ձկները ճանաչել են իրենց հայելում և ցուցադրել են ինքնագիտակցության հավանական նշաններ։ Հետագայում այս հայտնագործությունը կարող է ապացուցել, որ այս էակների ինտելեկտը գերազանցում է նրանց մասին արմատացած պատկերացումները։

Կենդանիների ճանաչողական ունակությունների հարցը արդի գիտության մեջ կարևորներից է։ Եթե գիտնականներին հաջողվի հաստատել, որ ֆաունայի այլ ներկայացուցիչներ ևս կարող են մտածել, դա կստիպի մարդկությանը լրջորեն վերանայել իր իրավունքներն ու պարտավորությունները կենդանիների հանդեպ։ Հետազոտողները արդեն գտել են կոգնիտիվ ունակությունների ակնհայտ նշաններ շիմպանզեների, դելֆինների մոտ, և շնորհիվ Օսակայի համալսարանի գիտնականների հայտնագործության՝ ձկները նույնպես հնարավորություն ունեն հայտնվելու բանականություն ունեցող էակների շարքում։



 Պիտակներ
         գիտական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon