Ճանապարհների ապաշրջափակման գումարի քանի՞ տոկոսն է հատկացնելու Հայաստանը

Հրատապ 16.02.2021   13:56   49

Նախորդ շաբաթ՝ փետրվարի 8-ին, 168.am-ը հայտնել էր, որ հունվարի 30-ին Մոսկվայում կայացած Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպման արդյունքում որոշված փորձագիտական ենթախմբերի միջև կայացել էր հանդիպում։

Նախորդ շաբաթ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմին (վերջինս նշանակված է եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահ) 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել՝ խնդրելով պատասխանել տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված որոշ հարցերի: Մասնավորապես խնդրել էինք ասել.

1. Ե՞րբ է (են) կայացել 2021թվականի հունվարի 30-ի Ձեր, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպման արդյունքում որոշված և սահմանված ժամկետում ստեղծված փորձագիտական ենթախմբերի հանդիպումը (հանդիպումները):

2. Կոնկրետ ի՞նչ հարցեր են քննարկվել հանդիպման(հանդիպումների) ժամանակ:

3. Հանդիպման (հանդիպումների) արդյունքում ի՞նչ որոշումներ են կայացվել:

4. Հաշվարկվե՞լ է արդոք, թե որքան գումար է անհրաժեշտ ճանապարհների ապաշրջափակման համար:

5. Եթե այո, ապա գումարի քանի՞ տոկոսն է հատկացնելու Հայաստանը:

6. Առհասարակ հաշվարկվե՞լ է արդյոք, թե այսօր Հայաստանը կարող է ճանապարհների ապաշրջափակման համար գումար հատկացնել:

Ի պատասխան կայքի հարցադրումներին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից 168.am-ին հայտնեցին, որ փետրվարի 6–ին կայացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի երկաթուղային, ավտոտրանսպորտային և համակցված փոխադրումների հարցերով փորձագիտական ենթախմբի հեռավար նիստը։

«Դիտարկվել են տարանցիկ փոխադրումներ իրականացնելու համար տարածաշրջանում գոյություն ունեցող երկաթուղային ցանցի վիճակին, ավտոմոբիլային հաղորդակցության ուղիների հնարավորություններին առնչվող հարցեր»,- նշված է պատասխանում:

Մհեր Գրիգորյանի գրասենյակից նաև հայտնել են, որ մինչ այդ՝ փետրվարի 3-ին, նույնպես հեռավար կարգով կայացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի փոխադրումների անվտանգ ապահովման, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական և այլ տեսակի հսկողության հարցերով ենթախմբի աշխատանքային հանդիպումը:

«Ենթախմբի շրջանակներում կողմերը փոխանակել են վերոհիշյալ հարցերի առնչությամբ նախնական տեսակետներով։ ՀՀ, ՌԴ և ԱՀ կողմից փորձագիտական ենթախմբերում ներգրավված են ոլորտային պաշտոնյաներ և ներկայացուցիչներ, այդ թվում՝ տրանսպորտի, էկոնոմիկայի, արտաքին գործերի, մաքսային և հարկային ծառայությունների և այլ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ և այլ ներկայացուցիչներ: Հանդիպման արդյունքներով ենթախմբերը կշարունակեն փորձագիտական գնահատման շուրջ քննարկումները»,-նշված է պատասխանում:

Հարցման մեջ նշված մյուս հարցերը մնացել են անպատասխան:

«Ձեր կողմից բարձրացված մնացած հարցերը գտնվում են ուսումնասիրության և քննարկման փուլում»,- ասված է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմի ղեկավար Սեդրակ Բարսեղյանի պատասխանում:

Աղբյուր՝ 168.am


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb