Թուրքիայում վաճառքի է հանվել ևս մեկ հին հայկական եկեղեցի

Իրադարձային 18.01.2021   13:31   46

Թուրքիայում շարունակում են քրիստոնեական եկեղեցիների ու մշակութային կոթողների վաճառքի կամ դրանց ախոռի վերածման քաղաքականությունն ու գործունեությունը, հայտնում է Ermenihaber-ը։

Նախորդ շաբաթ թուրքական առևտրային կայքերից մեկում Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին 6 մլն թուրքական լիրայով վաճառքի հանվելուց հետո նախօրեին «Sahibiden.com» կայքում վաճառքի է հանվել Բուրսայի մյուս հայկական եկեղեցին։ Վերջին եկեղեցու համար հայտարարություն տեղադրող անձը վաճառքի համար 6 մլն 300․000 թուրքական լիրա է սահմանել։

Հայտարարությունում, որտեղ մանրամասներ չկան եկեղեցու անվան և վայրի մասին, նշվում է, որ պատմական եկեղեցին կարող է ծառայել որպես մշակույթի-արվեստի կենտրոն, թանգարան կամ հյուրանոց։

«Վաճառքի է հանվել Բուրսայի շրջանում գտնվող և մասնավոր սեփականության կարգավիճակ ունեցող պատմական եկեղեցին։ Եկեղեցին, որը կառուցվել է այստեղ ապրող հայերի համար, փոխանակությունից (1923թ․ հույն-թուրքական բնակչության փոխանակություն) հետո բնակիչների հեռանալու պատճառով անցել է մասնավոր սեփականության և 1923թ․ ի վեր մի որոշ ժամանակ շահագործվել է որպես ծխախոտի պահեստ, այնուհետև կարի ֆաբրիկա»,-ասվում է հայտարարությունում։

Նշենք, որ մինչև 1915թ. Բուրսայում և հարակից շրջաններում եղել է 17 հայկական եկեղեցի (Սբ. Աստվածածին, Սբ. Հրեշտակապետ, Սբ. Սարգիս, Սբ. Թադևոս Բարդուղիմեոս, Սբ. Հակոբ, Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Կարապետ և այլն):


 Պիտակներ
         հայկական եկեղեցի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb