Թուրքիայում «ազատություն» գրությամբ գրաֆիտիների համար ուսանողներ են ձերբակալվել

Աշխարհ 11.02.2021   17:10   77

Թուրքիայում Բողազիչի համալսարանի նորանշանակ ռեկտորի դեմ կազմակերպված բողոքի ակցիաները շարունակվում են: Ցույցերի հետևանքով բազմաթիվ ուսանողներ են ձերբակալվել: Ի նշան բողոքի քաղաքացիները Ստամբուլում պատերին գրություններ են թողել, պահանջելով ազատ արձակել կալանավորված ուսանողներին: 

Թուրքական ընդդիմադիր «Gazete Duvar» թերթի հաղորդմամբ՝ Թուրքիայի իրավապահ մարմինները հայտնաբերել և ձերբակալել են նաև պատերին գրություն թողած 5 ուսանողի:

Հաջակցություն անազատության մեջ գտնվող ուսանողների՝ պատերին գրել էին. 

«Ազատություն համալսարանին, երկրին և Շիլանին (կալանավորված ուսանողներից մեկը)», «Մենք նրանց ազատություն ենք խոստացել», «Համալսարանը հայրենիք է»: 

Հիշեցնենք, որ ցուցարարների գլխավոր պահանջը դրսից նշանակված ռեկտորի հրաժարականն ու ընտրություններ անցկացնելն է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Բողազիչիի համալսարանի ռեկտորի նշանակման դեմ բողոքի ցույցեր իրականացնող ուսանողներին և դասախոսներին մեղադրում է ահաբեկչության մեջ։

Փետրվարի 2-ի երեկոյան զանգվածային ձերբակալություններից հետո ուսանողները և նրանց սատարողները շարունակում են իրենց բողոքի ակցիաները ոչ միայն Ստամբուլում, Անկարայում, այլև երկրի այլ քաղաքներում, նաև երկրից դուրս։ Սոցիալական հարթակներում նրանց սատարողների մեջ է նաև պոլսահայ մտավորականությունը։

Նշենք, որ Թուրքիայում կան հազարավոր կալանավորված և դատված ընդդիմադիր ուսանողներ: Նրանց թիվը 2019թ դրությամբ կազմում էր 36.300։

Բողազիչիի համալսարանը տարածաշրջանում հեղինակավոր համալսարաններից մեկն է, որտեղ կրթություն է ստանում շուրջ 16 000 ուսանող։ Ակադեմիական լեզուն Բողազիչիում անգլերենն է։ Համալսարանը հայտնի է որպես երկրի ամենաառաջադեմ կրթական հաստատություններից մեկը։ Նորանշանակ ռեկտորն ասել է, որ առաջիկայում նպատակ ունի համալսարանը ընդգրկել աշխարհի լավագույն 100 համալսարանների ցանկի մեջ։

Աղբյուրը` Ermenihaber.am


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb