Թուրքիայում 2019թ․ ընտրված 65 քուրդ համայնքապետերից այսօր պաշտոնավարում է միայն 18-ը

Աշխարհ 28.03.2020   13:25   318

Թուրքիայում 2019թ․ մարտի 31-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների ընտրություններում 65 համայնքապետարանում հաղթել էին ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) թեկնածուները։

Սակայն, ինչպես տեղեկացնում է «Demokrathaber.org» լրատվակայքը՝ ընտրված ԺԴԿ-ական թեկնածուներից այսօրվա դրությամբ իրենց պաշտոնը պահպանել են  միայն 18 ՏԻՄ ղեկավարներ։

Ընդ որում՝ ընտրված համայնքապետների պաշտոնից հեռացման գործընթացը սկսվել է գրեթե անմիջապես ընտրություններից հետո։

Ընտրություններից ընդամենը 10 օր անց՝ ապրիլի 10-ին, Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) թեկնածուների դիմումի հիման վրա 6 ընտրված ԺԴԿ-ական համայնքապետներին մերժվել է ընդհանրապես մանդատի տրամադրումը:

Այդ որոշումը պատճառաբանվել է այն հանգամանքով, որ օրենքի ուժ ունեցող որոշմամբ (KHK) վերջիններս զրկվել են պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

Նրանց փոխարեն նշված պաշտոնները ստանձնել են ընտրություններում ԺԴԿ-ական թեկնածուներից հետո երկրորդ տեղը զբաղեցրած ԱԶԿ-ական թեկնածուները։

2019թ․ օգոստոսին հոգաբարձու (պետական կառավարիչ) է նշանակվել Դիարբեքիր, Մարդին, Վան խոշոր քաղաքների ԺԴԿ-ական քաղաքապետերի փոխարեն։ Իսկ 2019թ․ հոկտեմբեր – դեկտեմբեր ամիսներին հոգաբարձուներ են նշանակվել 29 համայնքապետարաններում, որոնց ղեկավարները նույնպես ԺԴԿ-ական էին։ Այս պաշտոնաթողություններից հետո Բաթմանի շրջաններից մեկում համայնքապետ ընտրված ԺԴԿ-ական մի գործիչ հրաժարական է տվել՝ պաշտոնից հեռացվելու մտավախությամբ։

2020թ․ մարտի 13-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշմամբ պաշտոնից հեռացվել են ևս 8 ԺԴԿ-ական համայնքապետներ՝ այն պատճառաբանությամբ, որ նրանց դեմ հետաքննություն է ընթանում։ Նրանց փոխարեն ևս հոգաբարձուներ են նշանակվել։ Այսպիսով, ընդամենը մեկ տարի առաջ ընտրված 65 ընդդիմադիր գործչից միայն 18-ն է այս պահի դրությամբ պահպանել իրենց պաշտոնը։

Աղբյուրը՝ ermenihaber.am



 Պիտակներ
         Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon