Թուրքիայում առաջին անգամ հայկական հեռուստաալիք կհեռարձակվի

Աշխարհ 08.01.2019   16:14   728

Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ եթեր կհեռարձակվի հայկական հեռուստաալիք, որը կլինի «Լույս» թերթի համանուն հեռուստակայանը:  «Լույս TV»-ն առաջին ուղիղ եթերը հեռարձակել է հունվարի 6-ին Պոլսի Սբ. Վարդանանց և Գում Գափու թաղամասի Սբ. Մարիամ եկեղեցիներից, երբ Հայ առաքելական Սբ. Եկեղեցին տոնում էր Քրիստոսի ծնունդը: «Լույս TV»-ի և «Լույս» լրատվական խորհրդի անդամ Հարություն Քուրալը նշել է, որ Ծննդյան տոնի հետ միասին ծնվեց նաև «Լույս TV»-ն: Հեռուստալիքը պաշտոնապես սկսելու է հեռարձակվել մեկ ամսվա ընթացքում: Հարություն Քուրալի խոսքով` 15 օրը մեկ անգամ հրատարկվող «Լույս» թերթից հետո «Լույս TV»-ն հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին հայկական հեռուստաալիքն է: Քուրալն ընդգծել է, որ  այսուհետ հայերեն և թուրքերեն բարձր որակի (HD) հեռարձակումներ են ապահովելու:  «Սա հորս` 35 տարվա լրագրող Արամ Քուրալի նախագիծն էր: Նրա կարծիքով`  հայկական հեռուստաալիքն անհրաժեշտ է հայ համայնքի համար և մենք այս երազանքը իրագործեցինք»,-նշել է Հարություն Քուրալը:  

«Լույս TV»-ն օրվա ընթացքում 3 անգամ հայերեն և թուրքերեն լուրեր է թողարկելու՝ ժամը 08:00-ին, 12:00-ին և 19:00-ին։ «Ընդհանուր լուրերից բացի կլինեն նաև հայ համայնքին հետաքրքրող լուրեր, ինչպես նաև արվեստին, մշակույթին, սպորտին, առողջապահությանը, տնտեսությանն ու քաղաքականությանը վերաբերող հաղորդումներ: Նախատեսվում են ուղիղ միացմամբ բանավեճային ծրագրեր, այդ թվում հայ համայնքի համար կարևոր և տոնական օրերին հատուկ եթերներ»,- հայտնել է Քուրալը:
 



 Պիտակներ
         հայեր, Թուրքիա, Տարածաշրջան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon