Թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու արդյունքում գնաճ չի սպասվում. նախարար

Իրադարձային 06.11.2020   13:16   50

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ հունվարի 1-ից ոչ բոլոր թուրքական ապրանքների ներմուծումն է սահմանափակվելու։

Նրա խոսքով, այն կազմակերպությունները, որոնք իրենց արտադրությունները կազմակերպելիս որոշ չափով օգտագործում ե նաեւ թուրքական ծագման ապրանքներ, հնարավորություն ունենան շարունակել իրենց արտադրությունը, չխաթարելով այդ ընթացքը:

«Իսկ վերջնական սպառման ապրանքների փոխարինման համար մենք նշել ենք, որ դեպքեր կան, որ դրանք հարեւան Իրանն է, դեպքեր կան, որ եվրոպական երկրներն են, դեպքեր կան, որ ԵԱՏՄ երկրներն են:

Ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր ձեռնարկատերերը երկար ժամանակ լինելով այդ բիզնեսում, իրենք բավականաչափ  լավ գիտեն, թե որտեղ են դրանց այլընտրանքային շուկաները: Այս որոշման մասին հայտարարվել է մի քանի շաբաթ առաջ եւ այս ընթացքում չի եղել մի դեպք, որ որեւէ ձեռնարկատեր դիմի մեզ ու ասի՝ բա որ այս ապրանքը ես ներմուծում էի Թուրքիայից ու վաճառում էի Հայաստանում, հունվարից այլեւս չեմ կարող ներկրել, խորհուրդ տվեք, թե որտեղից ներկրեմ:

Սա նշանակում է, որ իրենք գիտեն: Մենք նաեւ ասել ենք, որ եթե կլինեն փոքր բիզնեսներ, որոնք այդ հարցում փոխհատուցման կարիք կունենան, ապա մենք նշանակել ենք համապատասխան մասնագետների խումբ, որոնք կլսեն, կօգնեն, որ այդ բիզնեսները վերակառուցելու ընթացքում մարդիկ հնարավորինս քիչ խնդիրների առնչվեն»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ այլընտրանքային շուկաներին անցնելու դեպքում գնային մեծ փոփոխություններ չեն լինելու ձեռնարկատերերի համար։


 Պիտակներ
         Տիգրան Խաչատրյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb