Թուրք պաշտոնյանները քննադատել են Էրդողանին «բռնապետ» անվանած Իտալիայի վարչապետին

Հրատապ 09.04.2021   14:10   72

Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյանները խստորեն քննադատել են Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «բռնապետ» անվանելու համար: Այս կապակցությամբ նրանք գրառում են արել Twitter-ում:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գրել է. «Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Իտալիայի վարչապետ Դրագիի անընդունելի, պոպուլիստական հայտարարություններն ու ընտրությունների արդյունքում իշխանության եկած մեր նախագահի մասին տգեղ ու չափ չճանաչող խոսքերը»:

Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալըն էլ Իտալիայի կառավարության ղեկավարի  հայտարարությունը համարել է անհիմն: Նշել է, որ սպասում են, որ Դրագին անպայման սրբագրի իր խոսքերը:

Թեմայի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը:

«Մենք ափսոսանք ենք հայտնում այն հայտարարության համար, որը չի արտացոլում թուրք-իտալական հարաբերությունների խորությունը: Թուրքիան դիվանագիտության պետություն է: Բոլորին հարգալից վերաբերվելու ավանդույթ ունի: Իտալիայի վարչապետը դա պետք է իմանա: Դիկտատուրան և ֆաշիզմը մեր մշակույթին պատկանող հասկացություններ չեն: Մեզնից չեն դրանք դուրս եկել: Նրանք, ովքեր մոռացել են իրենց պատմությունը, թող ուրիշներին չփորձեն այն նկարագրել»,- ասել է Չելիքը:

Հիշեցնենք, որ Անկարայում Իտալիայի դեսպան Մասսիմո Գայանին պարզաբանումների համար հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Պատճառն այն էր, որ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահին անվանել էր «բռնապետ, որի հետ պետք է համագործակցել։

Իտալիայի վարչապետը Էրդողանին նման բնորոշում է տվել այն բանից հետո, երբ  Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին աթոռ չեն առաջարկել Էրդողանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողքին: Ֆոն դեր Լյայենը ստիպված է եղել նստել Էրդողանի և Միշելի կողքին գտնվող բազմոցին։

Աղբյուրը` Ermenihaber.am


 Պիտակներ
         Իտալիայի վարչապետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb