Թումոն կլինի նաև Ջավախքում

Իրադարձային 03.03.2021   14:00   46

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Թումոյի ծրագիրը հասանելի կդառնա Ջավախքի պատանիների համար: Թումոյի և Հայ օգնության միության Ջավախքի միավորի համագործակցության շնորհիվ Թումոյի կրթական ծրագիրը շուտով կգործի Վրաստանի Ախալքալաք քաղաքում: Այս մասին տեղեկանում ենք Թումո կենտրոնից ստացված հաղորդագրությունից:

Ըստ տեղեկության, Ախալքալաքի պատանիները կապահովվեն անվճար նորարարական կրթությամբ ու անհրաժեշտ սարքավորումներով` ինքնուսուցումն անելով տեղում, իսկ դասընթացներն ու աշխատարանները` Թումո Գյումրիում: Այստեղ կգործի Թումոյի ամբողջական կրթական փորձառությունը. ուսանողները կծանոթանան 14 կրթական ոլորտներին` ռոբոտաշինությունից մինչև անիմացիա: Դասընթացների փուլում նրանց հետ կաշխատեն Թումոյի մասնագետները` ապահովելով կրթության նույն որակը, ինչ բոլոր կենտրոններում: Թումոյի ծրագիրը ախալքալաքցի պատանիների համար հասանելի է լինելու հայերեն և անգլերեն լեզուներով: Սկզբնական շրջանում ուսմանը կկարողանա մասնակցել 160 պատանի:

Հայտնի է, որ Մոտակա շաբաթների ընթացքում կավարտվեն տարածքի վերանորոգման և տեխնիկական ապահովման աշխատանքները, իսկ գրանցման և առաջին դասերի մեկնարկը կտրվի ապրիլին:

1910 հիմնադրված Հայ օգնության միությունը անկախ, միջազգային, բարեգործական կազմակերպություն է, որը զբաղվում է հայերի և ոչ հայերի մարդասիրական, սոցիալական և կրթական կարիքներով: ՀՕՄ-ը գործում է 27 երկրում` աջակցություն ցուցաբերելով տեղական ու միջազգային համայնքներին:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 12-18 տարեկան պատանիների համար նախատեսված անվճար կրթական ծրագիր է, որը մասնագիտացված է դիզայնի և տեխնոլոգինարի ոլորտներում: Հայաստանում ծրագիրը գործում է Երևան, Դիլիջան, Գյումրի, Ստեփանակերտ, Բերդ և Գավառ քաղաքներում: Վերջին տարիներին գործարկվել է հինգ միջազգային Թումո կենտրոն` Փարիզում, Բեռլինում, Մոսկվայում, Տիրանայում և Բեյրութում:


 Պիտակներ
         Թումո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb