«Թորոսյանի կատեգորիկ կոչը մահվան դատավճռի է նման»․ Ռեստորանների միություն

Իրադարձային 29.06.2020   10:38   12

Ռեստորանների Հայկական Միությունը մտահոգություն է հայտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունների վերաբերյալ։ Միության տարածած հայտարարության մեջ ասված է.

«ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչ արեց դադարեցնել «սրճարան-ռեստորանային այցելությունները»։

Կառավարության անդամի մակարդակով նման կատեգորիկ հայտարարությունը լրջորեն մտահոգում է մեր ոլորտի ներկայացուցիչներին։

Հանրային սննդի ձեռնարկությունները գործում են պարետատան կողմից մշակված հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանման պայմաններում, իսկ չպահպանողների նկատմամբ կա կանխարգելիչ միջոցառումների լայն գործիքակազմ, որը մինչ այսօր խստորեն կիրառվել է։

Վաճառքների բազմապատիկ անկման պայմաններում մի կերպ գոյատևող հանրային սննդի ընկերությունների համար նման կատեգորիկ կոչը մահվան դատավճռի է նման՝ ոլորտում ներգրավված տասնյակ հազարավոր մարդկանց համար աշխատանքի կորստի անխուսափելի հետևանքներով։

Կոչ ենք անում ՀՀ կառավարության համապատասխան մարմիններին շտապ քննարկում սկսել մեր ոլորտի ներկայացուցիչների հետ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր գտնելու շուրջ»։

Հիշեցնենք՝ ըստ Թորոսյանի, անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն։

Նա մասնավորապես գրել էր.

«Բոլորս պետք է սահմանափակենք մեր ոչ կենսական շփումները, շարժումները, այցերը, միջոցառումները, հանդիպումները։ Պետք է մնանք տանը ինչքան հնարավոր է շատ։

Շաբաթ-կիրակի օրերին նույնպես պետք է մնալ տանը, չգնալ հյուր, ցերեկույթների, երեկույթների, մեր հարազատների հետ բնության գրկում պիկնիկների։

Պետք է դադարեցնել խմբակային կամ նույնիսկ անհատական այցերը տարատեսակ տեսարժան վայրեր, հիմա դրա ժամանակը չէ։

Պետք է դադարեցնել նշել տարբեր ուրախ առիթներ՝ երեխայի ծնունդ, ծննդյան արարողություններ, ամուսնության տարեդարձեր և այլն, այդ թվում ձեր իսկ տներում։

Դադարեցրեք սրճարան-ռեստորանային այցելությունները, դա միակ տեղն է, որտեղ հնարավոր է լինել առանց դիմակի և վարակել միմյանց։ Եթե սնունդ եք ուզում ընդունել հենց այդ ռեստորանից, պատվիրեք այն և միայնակ սնվեք։

Դուրս մի եկեք երեկոյան զբոսանքների։ Պետք է կարողանանք դիմանալ այդ գայթակղությանը և կարևոր պահանջին մինչև իրավիճակի լավացումը։

Մնացած բոլոր դեպքերում պետք է ճիշտ կրել դիմակ, պահպանել 1.5-2մ հեռավորություն, հաճախ ախտահանել ձեռքերը։

Այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա։ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԿԱ…»։



 Պիտակներ
         Ռեստորանների միություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb