ՏՄՊՊՀ-ն զգուշացրեց սուպերմարկետներին

25.01.2019   12:29   313

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություն մանրածախ առևտրի ոլորտում՝ հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման, ինչպես նաև կանխարգելման նպատակով:
ՏՄՊՊՀ-ից հայտնում են, թե խնդիրն այն է, որ մատակարար ընկերությունները հաճախ բարձրաձայնում են, որ խոշոր ցանցերի կողմից իրենց հանդեպ կիրառվում է խտրական մոտեցում: Մասնավորապես, որոշ արտադրողների ապրանքները մշտապես ցուցադրվում են տեսանելի վայրում, վաճառողները գնորդներին ուղղորդում են գնել որեւէ կոնկրետ ապրանքանիշ, կամ կազմակերպում են տվյալ արտադրանքի ցուցադրում-վաճառք, ակցիա՝ այդ հնարավորությունը չտալով մյուսներին:
Միաժամանակ առևտրային կետերն էլ դժգոհում եմ մատակարարների վարքագծից՝ նշելով, որ վերջիններս հաճախ կիրառում են տարբերակված մոտեցումներ, տրամադրում են անհավասար զեղչեր կամ իրենց ապրանքը տվյալ խանութին առաքելու համար պարտադրում են որոշակի պայմաններ:
Փոքր խանութները դժգոհում են. Սպառողները գերադասում են գնումներ կատարել խոշոր առևտրային ցանցերից
Հանձնաժողովի կողմից դիտարկված 7 գերիշխող սուպերմարկետները ունեն չորս և ավելի առեւտրի օբյեկտներ և տեղաբաշխված են Երեւանի 12 վարչական շրջաններից 10-ում, ինչի արդյունքում ապահովում են մրցակցության բարձր մակարդակ մանրածախ առևտրի ոլորտում:
Ըստ հարցումների, փոքր և միջին ընկերությունների 28 %-ը կարծում է, որ խոշոր առևտրային ցանցերի լայն ներկայացվածությունը խոչընդոտում է իրենց գործունեությանը, քանի որ սպառողները գնումներ են կատարում նրանցից: 18 %-ը գտնում է, որ խոչընդոտ են հանդիսանում նաև շուկայի հագեցվածության բարձր և եկամտաբերության ցածր մակարդակը, 18 %-ի համար խնդիր է ֆինանսական միջոցների անհասանելիությունը իսկ 12 %-ի հիմնական խնդիրը՝ հարկերի բարձր դրույքաչափերն են:
Հանձնաժողովը ուսումնասիրել է նաև, թե որքանով են օբյեկտիվ առևտրային ցանցերի ունեցած առավելությունները Բազմաթիվ լայն սպառման ապրանքների (կարագ, ձեթ, սուրճ, բնական հյութեր և այլն) գծով առեւտրային ցանցերը մատակարարներից միջինում 2-3 տոկոսի չափով ավելի էժան են ձեռքբերում, ինչի արդյունքում, ի տարբերություն փոքր խանութների, կարողանում են դրանք վաճառել ավելի ցածր գնով: Բացի այդ, մատակարարները ապրանքների դիմաց վճարում կատարելու համար խոշոր ցանցերին տրամադրում են ավելի երկար ժամկետներ, քան փոքրերին, ինչը եւս լրացուցիչ առավելություն է:
Նշենք նաեւ, որ սուպերմարկետների շուրջ 90 %-ը ապրանքների ցուցադրության նպաստավոր պայմանների, ինչպես նաեւ մարքեթինգային այլ ծառայությունների համար մատակարարներից ստանում են վճարներ, որոնց գանձման համար հստակ չափորոշիչներ սահմանված չեն:
Մանրածախ առեւտրի ոլորտում առկա են այնպիսի դրսեւորումներ, որոնք կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը Հանձնաժողովը դիտարկել է մանրածախ առևտրի ոլորտում գործող 7 ցանցային խանութների («Երևան սիթի», «Նոր զովք», «Էվրիկա», «Սաս», «Կրպակ», «ԷՄ ՋԻ» , «Պարմա»), ինչպես նաև ընտրանքային կարգով մի քանի տասնյակ փոքր տնտեսվարողների գործունեությունը: Պարզվել է, որ առկա են այնպիսի դրսևորումներ, որոնք կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը.
Մասնավորապես.
1. Խոշոր ցանցերը սահմանափակում են իրենց մրցակիցների գործունեությունը՝ մատակարարներին լրացուցիչ պայմաններ պարտադրելու միջոցով: Մի շարք դեպքերում, երբ առեւտրային ցանցերը բացահայտել են, որ այլ սուպերմարկետում որեւէ ապրանք ավելի ցածր գնով է իրացվում, քան իրենց մոտ, նրանք մատակարարներին պարտադրել են բարձրացնել տվյալ առեւտրի օբյեկտին վաճառվող ապրանքի գինը կամ դադարեցնել նրա հետ համագործակցությունը: Հակառակ դեպքում սպառնում են խզել համագործակցությունը տվյալ մատակարարի հետ: Ու քանի որ խոսքը գնում է խոշոր սուպերմարկետների, հետեւապես նաեւ խոշոր իրացումների մասին, ապա, հաճախ, մատակարարները տեղի են տալիս նման պահանջներին:
2. Խոշոր առևտրային ցանցերը ունեն էական ազդեցություն բազմաթիվ շուկաներում առկա մրցակցային իրավիճակի վրա, քանի որ արտադրող եւ ներմուծող ընկերությունների համար ապահովում են իրացման մեծ ծավալներ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոշոր առեւտրային ցանցերը կամայական սկզբունքով են որոշում, թե որ մատակարարի հետ պետք է աշխատեն եւ ինչ պայմաններով, ինչի հետևանքով էլ մեծանում են սուպերմարկետների կողմից մատակարարների նկատմամբ խտրական պայմաններ կիրառելու ռիսկերը: Այս իրավիճակը բացասական ազդեցություն է ունենում բազմաթիվ շուկաներում ձևավորված մրցակցային միջավայրի վրա:
3. Պարզվել է նաեւ, որ մի շարք շուկաներում մատակարարներն ունեն գերիշխող դիրք, ինչն օգտագործում են մանրածախ ցանցերին պայմաններ պարտադրելու նպատակով: Օրինակ, առևտրի օբյեկտներին պարտադրում են իրենց կողմից մատակարարված ապրանքները վաճառել կոնկրետ գներով, կամ իրացնել այնպիսի ապրանքներ, որոնք շուկայում նոր են և դրանց իրացումը տնտեսապես շահավետ չէ:
4. Մի շարք գերիշխող առևտրային ցանցեր զբաղվում են ինչպես ապրանքների արտադրությամբ, այնպես էլ ներմուծմամբ և դրանց մանրամեծածախ առևտրով: Հանձնաժողովը գտնում է, որ գործունեության այս երեք տեսակները պետք է լինեն հստակ տարանջատված, քանի որ ներկա իրավիճակը բացասաբար է անդրադառնում մրցակցության վրա:
Այս առումով Հանձնաժողովը դիմել է ՀՀ Կառավարությանը օրենսդրական փոփոխություններ կատարելու առաջարկով:
ՏՄՊՊՀ-ն յոթ գերիշխող մանրածախ առեւտրային ցանցերի եւ 150 խոշոր մատակարարների հանդեպ կիրառեց զգուշացում՝ բարձրացված խնդիրները իրենց վարքագծում բացառելու հանձնարարականով: Դրանց թվում են «Երևան սիթի», «Նոր զովք», «Էվրիկա», «Սաս», «Կրպակ», «Պարմա», «ԷՄ ՋԻ» սուպերմարկետները և 150 խոշոր մատակարարներ:
Հանձնաժողովը լինելու է հետևողական և շարունակելու է ուսումնասիրությունները այս ոլորտում: Վերը նշված խնդիրների կրկնակիության պարագայում կկիրառվեն օրենքով նախատեսված առավել խիստ պատասխանատվության միջոցներ:



 Պիտակներ
         սուպերմարկետներ, ՏՄՊՊՀ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon